Բերձորն ու ընդդիմությունը

Բերձորն ու ընդդիմությունը

Հոդվածը վերնագրել եմ «Բերձորն ու ընդդիմությունը», թեև իրականում այն պետք է վերնագրվեր  «Բերձորի հանձնումն ու ընդդիմության ներկայացուցիչների պաշտոնազրկումը. ի՞նչ կապ կա այդ երկու երևույթների միջև»: Ընդունեք, որ կստացվեր բավական երկարաշունչ վերնագիր և «Հրապարակի» հարգարժան գլխավոր խմբագիրն այն հաստատ չէր ընդունի՝ կկտրատեր այն: Բայց քանի որ ներկայացվելիք նյութը հեչ հումորային չէ՝ անցնենք բուն նյութին: Եվ անմիջապես պատասխանենք «իրական» վերնագրում տրված հարցին՝ գործող իշխանության տեսակետից բացարձակ ոչ մի կապ: Այո, հենց այդպես, քանի որ հայաստանյան «ուսապարկային» իշխանության համար դրանք ինքնուրույն գործընթացներ են: 

Իրականում դրանք կապված են միմյանց հետ: Եվ նշանակություն չունի, որ Բերձորի հանձնումը նախատեսվել է դեռևս 2020 թվականի կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ: Եվ որ այսօր եկել է այն կյանքի կոչելու ժամանակը: Իսկ որպեսզի այն անխոչընդոտ իրականացվի՝ անհրաժեշտ է տեղը դնել ընդդիմությանը՝ սկսելով խորհրդարանական ամենաակտիվ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանից: Սկզբից ընդամենը ձևական հարթությունում՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը նրա ձեռքից վերցնելով: Ձեռքի հետ էլ պատժել սյունեցի Վահե Հակոբյանին, որին չսիրելու անձնական հիմքեր ունի ՀՀ վարչապետ կոչված անձնավորությունը. հիշենք նրան ուղղված՝ նախորդ տարվա «սյունյաց ողջույնները»: Այնպես որ, արտաքնապես իրար հետ կապ չունեցող երկու գործընթացները մեկտեղվեցին թե՛ տրամաբանորեն և թե՛ ժամանակահատվածի առումով: (Փակագծերում արձանագրենք, որ հոդված գրելու պահին Արմեն Գևորգյանն ինքնակամ հրաժարական տվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից):

Մնում է պարզել ընդդիմության անելիքները: Դեպի Արցախ այցեր, քննարկումներ և վերջապես բողոցի ցույցեր՝ սա է ընդդիմության գործիքակազմը: Այս առումով վերջինս անում է այն, ինչ կարողանում է, և նույնիսկ ավելին: Սակայն դա, ինչպես երևում է, բավարար չէ Բերձորը թշնամուն չհանձնելու տեսակետից: Եվ քանի որ այսօր Փաշինյան Նիկոլին ոչինչ չի խանգարում Բերձորը հանձնելու հարցում, ապա մեզ մնում է պատրաստվել վերջնական պատերազմին: Քանի որ անընդհատ պահանջներ ներկայացնող ու դրանց բավարարումը ստացող թշնամին կանգ չի առնելու կես ճանապարհին: Այդպիսին է եղել, կա ու կլինի ագրեսորների հոգեբանությունը: Եվ նրանց բախտից այսօր մեր երկրի ղեկավարությունը ոչ թե Արամ Մանուկյանi նման անձի ձեռքում է, այլ թերուս իջևանյան «փրկչի»: Ինչպես նաև նրա մանկլավիկների, ովքեր լավ ապրելը գերադասում են հայրենիքի ճակատագրից: Արանքում հօգուտ թշնամու մեկնաբանելով մեր ժողովրդի պատմությունը: 

Այսօր մեր ժողովրդի պատմության հերթական խառը ժամանակահատվածն է: Այն ինքնին լուծման ենթակա չէ: Լուծումն, ինչպես տեսնում ենք, կախված չէ գործող իշխանության կամքից: Նիկոլը շարունակում է թշնամուց խաղաղություն մուրալու գործընթացը: Մնում է լուծման մեկ այլ տարբերակ՝ աշխարհազորի կազմավորում յուրաքանչյուր բնակավայրում և ողջ հանրապետությունով մեկ: Ինչին, բնականաբար, պետք է հետևի թշնամուն հակահարված տալը՝ լինի դա ներքին թե արտաքին: Կկարողանա՞նք դա կյանքի կոչել՝ պատվով դուրս կգանք այս իրավիճակից: Չենք կարողանա՝ կլրացնենք այն ժողովուրդների ցանկը, որոնց մասին հիշատակվում է միայն պատմության հաստափոր դասագրքերում: