Իշխանությունների պահվածքի խրոնոլոգիա

Իշխանությունների պահվածքի խրոնոլոգիա

Արտակարգ իրավիճակի մասին որոշում ընդունելով՝ ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը։ Բայց այս հարցին պատասխանելուց առաջ պետք է հետ նայենք եւ տեսնենք, թե ինչ հայտարարություններ էին անում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները եւ ինչպես էին իրենց պահում վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում, երբ աշխարհը սկսել էր պայքարել կորոնավիրուսի դեմ, եւ ամենուր տագնապած էին այդ վիրուսի տարածման հետ կապված։ Օգտվել ենք ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառումից, որը փաստերով եւ օրինակներով հավաքել է ամբողջ վիճակագրությունը։

29 հունվար 2020թ․, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան - «Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցումը գրեթե բացառվում է»։

31 հունվար 2020թ․, առողջապահության նախարար Արսեն Թորոսյան - «Հայաստանում 99,9 տոկոսով կորոնավիրուս չկա»։

21 փետրվար 2020թ․, Ա․ Թորոսյանն աշխատանքային այցով այցելել է Հվ․ Կորեա, որտեղ դեռ հունվարի 20-ին գրանցվել էր COVID-19-ի առաջին դեպքը, եւ այդ օրվա դրությամբ արդեն կային հազարավոր վարակվածներ, դեռ չհաստատված կասկածով տասնյակ հազարավոր դեպքեր, եւ գրանցվել էին առաջին պաշտոնական մահերը COVID-19 եւ SARS-CoV-2 դեպքերով։ Նույն օրը Թորոսյանն իր ՖԲ էջում գրել է հարեւան Իրանում համաճարակի տարածման եւ ԱՆ կանխարգելիչ ծրագրերի մասին։

24 փետրվար 2020թ․, Նարեկ Զեյնալյան - «Այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսի արձանագրված որեւէ դեպք չկա»։

25 փետրվար 2020թ․, Ն․ Զեյնալյան - «Նախարարությունն ավելի ինտենսիվ պետք է աշխատեր կորոնավիրուսի ԽՈՒՃԱՊԻ դեմ»։

27 փետրվար 2020թ․, Ա․ Թորոսյան - «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս ՉԷ, շատ հատուկ միջոցառումների կարիք ՉԿԱ», «Կորոնավիրուսը ՉԻ համարվում հատուկ վտանգավոր վարակ», եւ «Հայաստանի կառավարությունը մտադիր չէ փակել հայ-վրացական սահմանը», այն դեպքում, երբ հենց նախորդ օրը հարեւան Վրաստանում պաշտոնապես արձանագրվել էր COVID-19-ի հաստատված դեպք։ Նույն օրը նախարարն իր ՖԲ էջում գրառում է արել խուճապի եւ կեղծ ինֆորմացիայի տարածման դեմ։

28 փետրվար 2020թ․, Թորոսյանն իր ՖԲ էջում հայտնել է, որ Թեհրանից (Իրանն այդ պահի դրությամբ կորոնավիրուսի 3-րդ ամենամեծ եւ ակտիվ էպիկենտրոնն էր՝ Չինաստանից եւ Հվ․ Կորեայից հետո) Երեւան են ժամանել 82 քաղաքացիներ, որոնց ջերմությունը ստուգել եւ ուղարկել են տնային հսկողության տակ։

1 մարտ 2020թ․, նախարար Թորոսյանն իր ՖԲ էջում տեղեկացրել է ՀՀ-ում առաջին պաշտոնապես հաստատված հիվանդի եւ նրա հետ շփված 31 անձանց ինքնազգացողության մասին՝ նշելով կարանտինի մեջ գտնվող շնիկի մասին։

1 մարտ 2020թ․, Նիկոլ Փաշինյան - «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա…»,- լայվի ընթացքում հայտարարում է վարչապետը։

2 մարտ 2020թ․, Ն․ Զեյնալյան - «Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է՝ պետք չէ հանիրավի խուճապային տրամադրություն ստեղծել»։

3 մարտ - վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնում է Բրազիլիա եւ Արգենտինա, հանդիպում է ունենում Հվ․ Ամերիկայում համաճարակով ախտահարված միակ երկրի՝ Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ։

5 մարտ 2020թ․, Ա․ Թորոսյան - «Մեր երկիրն ապրում է իր բնականոն կյանքով՝ շնորհիվ պատշաճ կերպով իրականացվող հակահամաճարակային միջոցառումների»։

12 մարտ 2020թ․, Ն․ Փաշինյան - «Քարոզարշավը կորոնավիրուսի պատճառով չի ընդհատվելու, քանի դեռ չկա անհրաժեշտություն»,- հայտարարում է օրական տասնյակ բնակավայրերում տասնյակ հազարավոր մարդկանց հետ անմիջականորեն շփվող վարչապետը՝ այն դեպքում, երբ դեռ նախորդ օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) պաշտոնապես հայտարարել էր պանդեմիայի մասին՝ դրանից հետեւող բոլոր սահմանափակումներով եւ հորդորներով։

13 մարտ 2020թ․, Ն․ Փաշինյան - «Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար ոչ միայն խնդիրներ կստեղծի, այլեւ կբացի հնարավորություններ»։ Նույն օրն իր ՖԲ լայվում մի քանի անգամ շեշտում է «նշանդրեքի մասնակցած էջմիածինցի կնոջ «անպատասխանատու եւ հանցավոր» արարքի» մասին։

14 մարտ 2020թ․, Ա․ Թորոսյան - Նախարարը հայտարարում է 18 հաստատված դեպքի մասին՝ չմոռանալով շեշտել, որ դրանցից 11-ն էջմիածնեցի տիկնոջ «շնորհիվ» է։ Նաեւ հավաստիացնում է, որ վերջինիս բոլոր կոնտակտները մեկուսացված են եւ գտնվում են ԱՆ հսկողության տակ։

15 մարտ 2020թ․, Ա․ Թորոսյանը հայտարարում է 3 նոր հաստատված դեպքի մասին՝ կրկին ընդգծելով էջմիածնեցի կնոջ հանգամանքը՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ այդ հիվանդներն «ի սկզբանե մեկուսացված են եղել»։

ՀԳ․ Ահա այս վիճակագրությանը ծանոթանալուց հետո հարց է ծագում՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությունն այսքան անփույթ գտնվեց սեփական ազգաբնակչության առողջության նկատմամբ եւ ժամանակին քայլեր չձեռնարկեց։ Ավելին՝ սեփական քայլերով, այցելություններով ու անօրինական հանրաքվեի քարոզարշավով ավելի բարդացրեց իրավիճակը եւ հիմա ուշացած քայլեր է ձեռնարկում, որ շտկվի իրավիճակը։