Smart գոմերն այլեւս իրականություն են Հայաստանում

Smart գոմերն այլեւս իրականություն են Հայաստանում

Օրերս մի անասնապահի հանդիպեցի Երևանից ոչ այդքան հեռու գտնվող մի գյուղում: Ժամանակին հայրս նրան լավ վարձատրությամբ աշխատանքով էր ապահովել, եւ նա տարիներ շարունակ աշխատում էր ու վատ չէր ապրում: 

Հարցրեց. «Ոնց ես»: Պատասխանեցի. «Անձնական առումով՝ նորմալ, բայց…» Իզուր ասացի. չպետք է ասեի այդ «բայց»-ը: Մեր ԱԳՆ-ի աշխատակիցների հետ առիթներ ունեցել եմ շփվել, բայց այս անասնապահը նրանց կտաներ ծովն ու ծարավ հետ կբերեր: Հավանաբար՝ գոմերը վաղուց smart են դարձել, մենք տեղյակ չենք:

Նախ, ասաց, այ, կտեսնես, Ռուսաստանին վռնդելուց հետո ինչ լավ կլինի: Ես հակադարձեցի՝ ասելով, եթե լավն այն է, որ ձեր գյուղի թուրքական անվանումը կվերականգնվի, ապա դու իրավացի ես՝ շատ լավ է լինելու: Սա բերեց փաստարկ. փողը տվել ենք՝ ռուսները զենքը չեն տալիս, թող տան, տես՝ ոնց ենք կռվելու: Հետո շարունակեց՝ Քոչարյանը Ղարաբաղը դուրս ա թողել բանակցային գործընթացից: Եթե «ա»-ի փոխարեն օգտագործեր «է», նրա ձևակերպումից կարելի էր կարծել, որ ԱԳՆ ներկայիս բարձր պաշտոնյա է դիմացինս: Եվ այսպես շարունակ՝ կրկնեց բոլոր այն մտքերը, ինչ մատուցում է պետական հեռուսատալիքը:

Հիմա, եթե գոմերն ու արտերն այսպես smart են, ապա ընդդիմադիր, առողջ մտածող, այս «կտերը» չուտող ուժերն ինչպե՞ս կարող են ազդել նրանց գիտակցության վրա: 

Անհնար է: Փաստորեն, թուրքերն ու հայ ազգի դավաճանները մեզանում ունեն ամուր smart թիկունք:

Գագիկ Վարդանյան