Անշարժ արժեքները անհնար է տարհանել, պիտի ստիպես` պահպանեն

Անշարժ արժեքները անհնար է տարհանել, պիտի ստիպես` պահպանեն

Ռուս եւ ռուսաստանահայ մշակույթի անվանի գործիչներ, որոնց թվում դիրիժորներ` Վլադիմիր Սպիվակովն ու Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը եւ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային հուշարձանները, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու եւ այդ ժառանգության միջազգային պաշտպանության համար։ «Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ողջ լիազորություններն ու կարողությունները՝ հուշարձանները փրկելու, հուշարձաններին անհրաժեշտ կարգավիճակ տալու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար»,-մասնավորապես նշված է նամակում:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից էլ տեղեկանում ենք, որ Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների եւ մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի։ Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը եւ այլք. «Հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, եւ նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության։ Ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է։ Ադրբեջանի նախագահը պարզ եւ հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։ XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։ Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»,-նշված է հրապարակված կոչում:

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյան ասում է, որ ոչ մի դեպքում այս հայտարարություններն ուշացած չի կարելի համարել. «Երբեք ուշ չէ, ազնիվ մարդիկ կան աշխարհում եւ պետք է ամեն միջոց օգտագործել, որ մշակութային ժառանգությունը պահպանվի»: Ազնիվ մարդկանց եւ մտավորականության ձայնը այսօր լսելի՞ է աշխարհում. «Լսելի է, «Մոսկվա» կինոթատրոնը, երբ ուզում էին քանդել, ես դիմեցի ռուս ճարտարապետներին եւ ճարտարապետության ակադեմիայի նախագահը այն ժամանակ գրեց մեր նախագահին, այդ նամակն եկավ տեղ հասավ ու «Մոսկվա» կինոթատրոնը չքանդվեց: Դրսի արձագանքներին աշխարհն ավելի զգայուն է, այդ երկու նամակներում էլ հայ մտավորականների չէին հրավիրել միանալ տեքսստին, որովհետեւ պարզ է, որ նրանք արդեն կողմ են, իսկ քայլն ինքն իրենով ազդեցիկ է»,-ասում է Կ. Բալյանը:

«Հիմա, երբ խոսում ենք Ադբրեջանին փոխանցվող շրջանների մասին` Քելբաջարից սկսած դրանք բոլորը մենք ուսումնասիրել ենք ժամանակին, երբ կառավարությանը կից համահավաք վարչություն կար, որը զբաղվում էր հուշարձաններով, դրանց պահպանությամբ: Այդ ժամանակ բաժնում աշխատում էր նաեւ լուսահոգի Սամվել Կարապետյանը եւ Մանվել Սարգսյանը: Բոլոր շրջակա տարածքները ուսումնասիրված կան արխիվում: Այնտեղ ամեն քար ուսումնասիրվել է եւ լուսանկարվել, որոնք պետք է ի հայտ հանել ամենայն մանրամասնությամբ: Գուցե արդեն այս երկու պատերազմների արդյունքում շատ բան էլ չկա, բայց չէ՞ որ դրանք թղթի վրա դեռ կան եւ վկայությունն են մեր հազարավոր հուշարձանների գոյության մասին»: 

Մեր մեծ ու փոքր հուշարձանները ո՞ր դեպքում կարող են ՅՈՒՆԵՍԿՕ-Ի պաշտպանության ներքո հայտնվել. «ՅՈՒՆԵՍԿՕ-Ն խոսում է միայն խոշոր կառույցների մասին, բայց մեզ համար պարտադիր է նաեւ, որպեսզի մենք ապացուցենք աշխարհին, որ այդ հողը միշտ մերն է եղել եւ այդ հողը մեր մշակութային ժառանգությամբ է այդպես հարուստ: Եվ սա ոչ թե ինչ որ մի հետք է, այլ ամբողջական մշակութային շերտ: Չնայած ինչպես հասկանում ենք անպետք մի կազմակերպություն է ՅՈՒՆԵՍԿՕ-Ն, բայց ամեն մի անպետքի էլ պետք է օգտագործել, որ ի օգուտ մեզ գործի, ոչ թե ի հակառակ»,-ասում է նա ու ընդգծում, որ պետք է պահպանվեն նաեւ ժամանակակաից եկեղեցիներն ու հուշարձանները:

Բալյանն ընդգծում է, որ պետք է պահանջել Ադրբեջանից, որ բոլոր թանգարանների գույքն ամբողջությամբ վերադարձնեն մեզ: Ըստ նրա, այստեղ այնքան էլ կարեւոր չէ կվերադարձնեն, թե` ոչ, կարեւորը պահանջներ ներկայացնելն է, ինչպես անում է այս օրերին Ադրբեջանը տարածքային, գույքային մի շարք հարցերի հետ կապված պահանջելով Հայաստանից փոխհատուցում. «Թող պահանջեն, ինչի մասին են մտածում, իրենց ֆոնդերում կա այդ ամբողջ հուշարձանների ցանկը, թող դուրս բերեն եւ ներկայացնեն Ադրբեջանին: Կարեւորը` թող պահանջեն, որովհետեւ նստելով, ձայնը կտրելով ոչինչ չի լինի: Բոլոր հարցերը պետք է բարձրաձայնվեն, բայց մեզ մոտ նույնիսկ ճիշտ քաղաքական հարցեր չեն դրվում: Նրանք խոսում են Խոջալուի դեպքերի մասին, մենք չենք ասում, որ Պուտինը գար ասեր Սումգայիթում ի՞նչ է եղել: Նրանք պարտավոր են, օրինակ Տիգրանակերտը պահապանել, հիմա թուրքերը ուզած- չուզած պահպանում են հայկական հուշարձանները, Անին դրա վառ օրինակը, ճիշտ է չի նշվում, որ հայկական է, բայց պահպանվում է: 1700 ամյակի, վաղ քրիստոնեական հայկական հուշարձանների մասին մի գիրք տպագրվեց` Մուրադ Հասրաթյանի հեղինակությամբ: Փաստորեն, 1700- ամյա քրիստոնեությունը աշխարհին կարելի էր ապացուցել միայն հուշարձաններով եւ դրա մասին վկայող այդ գրքով, որովհետեւ ուրիշ ոչ մի տեղ գրված չկար: Հիմա նույնը Արցախի դեպքում, որի պատմությունը այս հուշարձաններով է ապացուցվում: Սա, որ ջնջեցին հետո կասեն` չկա ու վերջ: Այնպես որ նախարարությունը այս հարցում պետք է գոնե մի գործ անի հուշարձանների հետ կապված: Այդ նախարարությունում թող չինովնիկներ քիչ լինեն, բայց մի քանի մարդ աշխատի, որոնք գործ կարող են անել»: 

Այն, որ պատերազմի ավարտից հետո ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ասել էր, որ չկան մեխանիզմներ այդ հուշարձանների անվտանգությունը կամ տեղափոխումն իրականացնելու համար, Կարեն Բալյանն ասում է. «Նախ` հուշարձանը պետք չի հանել տեղից, 2-րդ` պետք էլ չի, դա միանգամայն սխալ մտածելակերպ է: Անշարժ արժեքները անհնար է տարհանել, նրանց ուզածն էլ հենց դա է, պիտի ստիպես, որ պահպանեն, որովհետեւ դա է մեր հետքը, որ տարար, էլ ո՞ւմ է դա պետք: Եթե ինքը մեխանիզմ չունի, ուրեմն չգիտի ոնց աշխատի: Մեր քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունն ամենաթերացած ոլորտն է: Մեխանիզմ ոնց չունի, ուղղակի ինքը մեխանիզմ պատկերացնում է, որ ինքը հրաման է գրում ու ինչ որ մեկը գնում դա կատարում է: Հիմա այս գերտերությունները այդ նամակներով օգնում են մեզ, իսկ իրենք ասում են մեխանիզմ չունենք»: