Դա է ճանապարհային քարտեզը

Դա է ճանապարհային քարտեզը

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին առաջարկել է ճանապարհային քարտեզ, որին հպանցիկ ծանոթությունը վկայում է, որ մարդն այս անգամ էլ խառնել է «ժանրերը»․ ճանապարհային քարտեզը բնավ այն չէ, ինչ ինքն է պատկերացնում։ Ճանապարհային քարտեզը որեւէ որոշակի-ստույգ նպատակի նվաճմանը միտված գործնական քայլերի նկարագրություն է, ինչը (կոնկրետ նպատակը) վարչապետի առաջարկած քարտեզում, ավաղ, բացակայում է։ Ավաղ, բայց նաեւ՝ հասկանալիորեն։ Որովհետեւ վարչապետի ներկայացրածն ավելի շուտ կամ ընդամենը իր իշխանությունը երկարաձգելու նպատակով տրված խոստումների շարան է, որտեղ բացակայում են ճանապարհային քարտեզներին բնորոշ ժամանակային բոլոր որոշակիությունները, քայլերի նպատակայնությունը եւ դրանց իրականացման մեխանիզմները։ 

Ահավասիկ 1-ին կետը․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»: Անհայտ է՝ ինչպե՛ս եւ ե՛րբ է «վերականգնվելու գործընթացը», երբ միանգամայն հստակ է Ադրբեջանի դիրքորոշումը՝ Ղարաբաղում հայերն ապրելու են ինչպես բոլոր մյուս ազգային փոքրամասնությունները՝ «պաշտպանված» միայն Ադրբեջանի քաղաքացիությամբ՝ առանց կարգավիճակի։ Այս մասին արդեն հայտարարել է Ի․ Ալիեւը, եւ մենք դժվարանում ենք պատկերացնել վեցամսյա ժամկետում Փաշինյանի խոստացած գործընթացի «վերականգնումը»։ Սրան ավելացրած այն հանգամանքը, որը վարչապետը «քարտեզագրության» ողջ ընթացքում մոռանում է, որ ինքը (մենք) պարտված կողմ է, հետեւաբար ինչ-որ բան վերականգնելու նախաձեռնող թերեւս կարող է լինել, բայց վերականգնող՝ հազիվ թե։ Եվ տեքստի տոնայնությունից էլ պարզ է, որ ինքն էլ դրան չի հավատում, ուղղակի ներառել է «քարտեզում», որովհետեւ վստահ է, որ դա խիստ ամբոխահաճո է հնչում։ 

Հեգնանքի պես  է «քարտեզի» 2-րդ կետը․ «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը»: Անշուշտ, ի՛նչ ասես կարելի է գրել, բայց մի՞թե կարելի է այս աստիճան կեղծել իրականությունը, ասյ աստիճան քամահրել մարդկանց դատելու ունակությունը․ այդ ինչպե՞ս է Փաշինյանը վերականգնում Արցախի «բնականոն կյանքը», այն էլ՝ «ամբողջությամբ»։ Դա դժվար է պատկերացնել նույնիսկ վարչապետական կախարդական փայտիկի առկայությամբ։ Սակայն դա հնարավոր է պատկերացնել, եթե ինքներս մեզ համոզում ենք, որ ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ էլ պարտություն։ 
«Քարտեզի» 3-րդ կետը եթե բառային պարզ մանիպուլացիա չէ, ապա դրա հավանականությունն ակնհայտորեն ունի․ «Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Ի՞նչ է նշանակում «երաշխիքների ապահովում», չէ՞ որ պետք էր պարտավորվել ոչ թե «երաշխիքներ ապահովել», այլ լուծել խնդիրները․ դրանք տարբեր բաներ են։ 

4-րդ կետը զարմացնում է․ «Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում»: Ի դեպ, իր նշանակությամբ սա շատ մանր կետ է, որպեսզի հայտնվի նշանակալիությամբ ահռելի միջոցներ եւ քայլեր ենթադրող 3-րդ կետից հետո։ Բացի այդ՝ եթե «պատերազմական գործողությունների ընթացքում» ՀՀ-ն էլ է տուժել, ուրեմն դա մեկ այլ մակարդակի պատերազմ է եղել՝ ՀԱՊԿ-ի «ուշադրությանն» արժանի, ուրեմն ինչո՞ւ այս ուղղությամբ ժամանակին քայլեր չեն ձեռնարկվել։ 
8-րդ կետը խիստ խոստումնալից է․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ»: Ոչ միայն խոստումնալից, այլեւ արդեն իսկ «մեկնարկած»։ Վկա՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջեւ մեկնարկած ավելի քան կառուցողական «բանավեճերը»։ Այդ բանավեճերն այնքան վտանգավոր եւ քստմնելի են, որ իրենցով իսկ պարտադրում են զինված ուժերի բարեփոխումները սկսել բարոյական իրավիճակի մաքրության ապահովումից։ 

Խիստ ուշագրավ է 11-րդ կետը․ «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»: Փաստորեն, մինչեւ պատերազմը եղել են նաեւ ժողովրդագրական ծրագրեր, գուցե հեռահար՝ մինչեւ 2050 թվականը «խփող», որոնք հետայսու ընդամենը պետք է «ակտիվացնել»։ Սա անպատմելի դառը զուգորդություններ արթնացնող կետ է՝ պատերազմին զոհ գնացած հազարավոր հայորդիների այլեւս չվերականգնվող ռեսուրսային ժողովրդագրության ֆոնին, եւ թերեւս հարկ կար խոհեմաբար չխոսել այդ մասին։  

Խոստումների եռանդագին ընթացքով ոգեւորված՝ քարտեզագիրը նույնիսկ իրականության զգացումն է կորցնում, երբ խոստանում է «վերացնել կորոնավիրուսային համավարակը»․ այսինքն՝ այն, ինչ չկարողացավ անել ամբողջ մարդկության գիտական միտքը, չկարողացան աշխարհի գերհզոր տերությունները, հանգիստ անում է Փաշինյանի փայտիկը․ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում»: Եվ աստված գիտե՝ ի՛նչ ասել է կորոնավիրուսի «հետեւանքների վերացում», եթե աշխարհի բժշկագիտական մտքի համար դեռ մինչեւ վերջ չբացահայտված են մնում այդ ախտի թե՛ հետեւանքները, թե՛ դրանց վերացման ուղիները։ 
Պակաս ուշագրավ չէ 12-րդ կետը․ «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»: Ուշագրավ է հատկապես նրանով, որ փաշինյանական քարտեզի երեւան գալուց անմիջապես հետո՝ ընտրական օրենսգրքի վրա աշխատանքների «ինտենսիվ» իրականացման վերաբերյալ իր ֆեյսբուքյան ավետիսը բերեց հայ օրենսգիտության դեռատի հանճարը՝ կրթությամբ ֆիզիկոս Դանիել Իոաննիսյանը։ (Տալով այդ ավետիսը՝ վերջինս սակայն չի մեկնաբանել, թե ի՛նքն ինչ առնչություն ունի այդ օրենսգրքի հետ, եթե վարչապետի՝ սույն թվի փետրվարին հաստատած մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում է հանճարը, պիտի զբաղվի ընդամենը սահմանադրության, ոչ թե ընտրական օրենսգրքի բարեփոխումներով)։

«Քարտեզի» վերջին՝ 15-րդ կետը ազդարարում է․ «Սփյուռքի հայկական կառույցների եւ առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան եւ սփյուռքի առանձին անհատների եւ կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»: Սա իրավամբ հետաքրքիր կետ է, որտեղ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը հանդես է գալիս որպես համաշխարհային ազգի առաջնորդ, ով փորձում է պետականաշինության հոգսերի մեջ ներառել նաեւ սփյուռքյան կառույցներին։ Իսկ սփյուռքյան կառույցները հիմնականում ավանդական կուսակցությունների ձեւավորած կառույցներ են, ի մասնավորի՝ ՀՅԴ-ի, որի հետ Փաշինյանը խիստ յուրօրինակ հարաբերություններ ունի։ Նկատի չունեմ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն Փաշինյանի համար ներհայաստանյան քաղաքական գործընթացներում «զրո» ազդեցություն եւ վարկանիշ ունեցող կուսակցական կառույց է, այլ այն, որ նույն ՀՅԴ շատ կառույցներ արտերկրում հայտարարել են կապիտուլյանտ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջի մասին, հետեւաբար հետաքրքիր կլիներ իմանալ նրանց հետ Փաշինյանի «կոնսուլտացիաների» մասին։

Վերջում անդրադառնամ «քարտեզի» կետերից իմ ըմբռնմամբ կարեւորագույնին՝ 7-րդին․  «Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում»: Ինչպես ասում են՝ սա անմեղսունակության խրախճանքն է, մանավանդ օտար՝ «ռեաբիլիտացիա» բառով խիստ տպավորիչ հնչողություն ստացած։ Նախ՝ ի՞նչ է նշանակում «ռեաբիլիտացիայի համակարգ», ի՞նչ է նշանակում «համակարգի ձեւավորում»։ «Քարտեզի» հեղինակը պատկերացնո՞ւմ է, թե ի՛նչ ահռելի հարված է հասցվել հայի մենթալիտետին, գիտակցո՞ւմ է, թե հարվածն ի՛նչ աննախադեպ ուժգնությամբ է ցնցել մեր գենի հաստատունությունը, խառնել ազգային «կոդը», բեկել ազգային կեցվածքը։ Այդ հարվածով 1915-ի հոգեբանական բարդույթները ազգի մոտ ոչ միայն նորոգվել, այլեւ խորացել են։ Եվ հայն այսօր ավելի վատթար հոգեբանական իրականության մեջ է՝ Դեր Զորի «ճամփորդից» էլ վատթար։

Այո, մենք բոլորս ենք հիմա «ճամփորդ», եւ մեզ ճամփորդական-ճանապարհային ոչ մի քարտեզ չի փրկի, բացի արժանավոր եւ արժանապատիվ իշխանությամբ մեր ազգային վերքերը ապաքինելու միակ պատեհությունից։ 
Դա է հայոց ճանապարհային քարտեզը։