Հայ-ռուսական իմպերիայի մեկ օրը
- Քաղա՞ք ես գնում:
- Հա:
- Դե նստիր՝ տանեմ:
- Վայ, ի՞նչ նեղություն…
- Էլ համեստություն մի արա, նստիր՝ միասին գնանք, ճանապարհին էլ կզրուցենք:
Այս փոքրիկ երկխոսությունից հետո Պուտինի ախրանան «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլին տեղավորեց «Աուրուսի» հետեւի նստարանին: Պուտինը շրջանցեց մեքենան հետեւի կողմից եւ տեղավորվեց Նիկոլի կողքին: Կորտեժը երկու ղեկավարներով ճանապարհ ընկավ դեպի Երեւան: Նիկոլի ախրանան մնաց շիվար: Նրանց աչքի առաջ Նիկոլին տանում էին, եւ իրենք ոչինչ չէին կարող անել: Առաջինը ուշքի եկավ Նիկոլի ախրանի պետը: Թռանք՝ կարգադրեց նա, ու ՀՀ վարչապետի դատարկ կորտեժը պոկվեց տեղից՝ հետապնդելու ՌԴ նախագահի շարասյանը: Շատ կրեատիվ ստացվեց ամեն ինչ: Սոչիի զոնտիկի պատմությունը քիչ էր, հիմա էլ այս նոր միջադեպը՝ Երեւանում Նիկոլը հյուրընկալվեց Պուտինին…
Քաղաքագետները, հավանաբար, դեռ հետեւություններ կանեն տեղի ունեցածից, բայց ես կառաջարկեի ավելի շուտ անդրադառնալ այս «միջադեպի» հոգեբանական կողմին: Բանն այն է, որ Պուտինի այդ եզակի մեքենան համաշխարհային մասշտաբի ոչ մի առաջնորդ դեռ չէր նստել, այն էլ՝ հանպատրաստից: Պուտինի կողմից այդ ժեստը, հավանաբար, նույնիսկ ծրագրված էր, բայց Նիկոլի համար, միանշանակ, դա անակնկալ էր՝ ո՞նց թե՝ նստիր, տանեմ: Նիկոլը չէր սպասում դրան: Նա ամեն ինչ արել էր, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը տեսնի Խզմալյան Տիգրանի եւ ԱԺԲ-ի բողոքի ցույցերն ու հետեւություններ անի իր համար, բայց, ահա, դեպքերի այսպիսի շրջադարձ: Հիմա նրանք նույն մեքենայով էին անցնելու Երեւանի փողոցներով, եւ Պուտինը, իբր ոչինչ չի հասկանում, կարող էր հարցնել՝ ովքե՞ր են ուկրաինական դրոշներով այս մարդիկ, ինչո՞ւ են նրանք ԱՄՆ եւ ԵՄ դրոշներ ծածանում իմ ճանապարհին: Ի՞նչ պիտի պատասխաներ… Փաշինյանի արարողակարգն էլ էր հասկանում այս նրբությունը, եւ, թերեւս, դա էր պատճառը, որ նոյեմբերի 23-ի հակապուտինյան ցույցը տապալեցին: Փոխարենը պրոպուտինյան ցույցի մասնակիցներին վազացնելով՝ բերեցին «Հաղթանակ» կամրջի ծայրը եւ ցուցապաստառներով շարեցին գինու գործարանի պատի տակ… Պուտինը պետք է ժպտար այդ տեսարանից եւ գլխով աներ՝ լավ է, Նիկոլ Վովաեւիչ, լավ է:
Տեղի ունեցածը, բնականաբար, լոկալ բնույթի իրադարձություն չէր: Ամբողջ աշխարհն էր հետեւում Երեւանում Պուտինի դիմավորման արարողությանը, որ մի բան բռնի Հայաստանի եւ նրա ղեկավարի վրա ու դա ներկայացնի որպես անհարգալից վերաբերմունք Պուտինի հանդեպ՝ ինքնաթիռին մատուցված սանդուղքը խղճուկ էր, գորգի վրա գորգ էին փռել… Բա չասե՞ս՝ տո ձե՞զ ինչ, թե ինչ էինք արել, մենք ձեւականությունների հետեւից ընկնող ժողովուրդ չենք: Իսկ ինչո՞ւ եղանակի մասին չեք խոսում, թե նոյեմբեր ամսին ինչ հրաշալի օր էր Երեւանում, որ մեր հյուրը կոստյումով իջավ ինքնաթիռից: Ես պատկերացնում եմ, թե Բայդենը, Մակրոնը, Շոլցը, Անգլիայի հնդիկ վարչապետն ու Զելենսկին ինչպես են պայթել նախանձից, երբ Պուտինը Նիկոլին առաջարկեց նստել իր մեքենան: Բա Լուկաշենկոն… Ասում են՝ վատացել էր ու մի տակառ լիմոնով ջերմուկ է խմել, մինչեւ Պուտինն ու Նիկոլը կհասնեին «Դվին»:
Միջուկային գերտերության եւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրի ղեկավար լինելուց զատ, Պուտինը նաեւ ընկալվում է որպես մարդկային այլասերվածության դեմ պայքարի առաջնորդ: Նրան չեն սիրում սորոսականները, սեռական հողի վրա շեղվածները, աղանդավորները, պոպուլիստները, սուտի դեմոկրատները եւ բոլոր նրանք, ովքեր եվրոպական ու արեւմտյան բարձր արժեքների անվան տակ կեղծ արժեքներ են դավանում: Հայաստանն այսօր այն երկիրն է, որտեղ այս ծաղկեփունջն ուղղակի ավեր է գործում հասարակության մեջ: Եվ, ահա, Պուտինը նրանց կուռքին՝ Նիկոլին, նստեցնում է իր մեքենան… Սրա հետեւանքները մենք հետո կտեսնենք, երբ ի մի բերենք հոգեբուժարանների պացիենտների ամփոփիչ ցուցակները: Ինչպիսի երեւելի անուններ ենք գտնելու դրանց մեջ… Չթվարկեմ, հավես չկա: Ասեմ միայն, որ Նիկոլի հովանավորած ու Նիկոլի պաշտպանության ներքո հայտնված այդ խաժամուժն այսօր այլայլված է: Նրանց կուռքն այլեւս Պուտինի ամենամտերիմ մարդկանցից մեկն է: Ռուսները դրան ասում են` Особо приближенный к императору»:
ՀԳ. Բայց որ ճիշտն ասեմ՝ ինձ դուր չեկավ այդ պահը: Նիկոլն այնպես ընկավ Պուտինի ավտոն, ոնց որ Հայաստանը մտներ Ռուսաստանի մեջ:
Կարծիքներ