ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն այնտեղ են Ռուսաստանի խաթր

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներն այնտեղ են Ռուսաստանի խաթր

«Հրապարակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

- Հայկական կողմի սպասումները ՀԱՊԿ գագաթնաժողովից արդարացա՞ն, ի՞նչ եք կարծում։

- Եթե հայկական կողմն իրոք լուրջ սպասումներ ուներ այս գագաթնաժողովից, բնականաբար, այդ սպասումները չիրականացան, բայց անգամ այս իշխանության պարագայում, որը բացառիկ է իր անտրամաբանական ձգտումներով, մոտեցումներով, ոչ պրոֆեսիոնալիզմով, ես կարծում եմ՝ իրենք իրականում լուրջ սպասումներ այս գագաթնաժողովից չունեին, եւ հիմնականում պրոցեսը զուտ քաղաքական էր։ Բոլորս էլ հասկանում ենք եւ հատկապես այն երկրները, որոնք գտնվում են հիմա ՀԱՊԿ-ի կազմում, որ ՀԱՊԿ-ն, որպես այդպիսին, առանձնապես ֆունկցիոնալ չէ, մանավանդ՝ ռազմաքաղաքական ասպեկտում։ Այն որոշակի ռազմաքաղաքական ակումբ է, որում միավորվել են երկրներ, որոնք ուզում են բավարարել Ռուսաստանի ղեկավարության ամբիցիաները։ Այդ ակումբում լինելն ավելացնում է շանսերը՝ Ռուսաստանի հետ համագործակցության սերտացման՝ բոլոր ասպեկտներում, այդ թվում՝ ռազմական եւ անվտանգային։

- Այսինքն՝ փոխանակ անընդհատ ՀԱՊԿ-ի վրա շեշտադրում անելու, հայկական կողմը պետք է ուղիղ ռուսական կողմի հե՞տ աշխատի։

- Ես ուզում եմ ասել, որ իրականում հայկական կողմն էլ, երբ ՀԱՊԿ էր մտնում, իսկ այս կառույցը ձեւավորվել է հեռավոր 1992 թվականին՝ դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, գուցե այն ժամանակ հույսեր կային, որ ՀԱՊԿ-ն կարող է դառնալ բավականին գործունյա եւ էֆեկտիվ ռազմաքաղաքական կառույց։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա ամենեւին այդպես չէ, դա իրոք ռազմաքաղաքական ակումբ է՝ Ռուսաստանի օրվա ղեկավարի՝ տվյալ դեպքում Վլադիմիր Պուտինի շուրջ։ Երբ որեւէ երկիր իր անվտանգային հարցերը՝ մանավանդ, եթե դրանք պատերազմական գործողություններ են, փորձում է պրագմատիկ դաշտում հույսը դնել ՀԱՊԿ-ի վրա, դա նշանակում է, որ ինքը կա՛մ իրականությունից շատ է կտրված, կա՛մ աշխարհաքաղաքական ինչ-որ խնդիրներ է փորձում լուծել։ Տվյալ դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ-ն զորք ուղարկի, օգնություն ցույց տա, հասկանալի էր, որ դրանով իրենք հարցը տուպիկ են մտցնում։ Որովհետեւ բոլորն էլ հասկանում էին, որ ՀԱՊԿ-ն այդ հարցը լուծող չէ, եւ նրանք ընդամենը դնում են այս կառույցը տուպիկի վիճակի մեջ եւ մատնացույց են անում ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալ սնանկության վրա։ Ռուսաստանը ցույց է տալիս, ըստ էության, որ եթե խնդիրներ ունես, ինձ հետ լուծիր՝ ՀԱՊԿ-ին դիմելն անիմաստ է։ Դրա համար, երբ ասում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գանք եւ այլն։ ՀԱՊԿ-ն ռազմական կամ քաղաքական առումով լուրջ օգուտ չի բերում, բայց դուրս գալը, հատկապես եթե կաս, հետո դուրս գալը պարունակում է պոտենցիալ վտանգներ, որովհետեւ այդ պարագայում Ռուսաստանի հետ քո համագործակցության աստիճանը զգալիորեն կարող է իջնել։ Սա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրներն այնտեղ են, այսպես ասեմ, Ռուսաստանի խաթր։

- Փաշինյանը հայտարարեց, որ գագաթնաժողովի փաստաթուղթը չի ստորագրի, որովհետեւ հայկական կողմի առաջարկած երկու կետերը մերժվել են։ Փաշինյանի այս քայլը սկզբունքայնության դրսեւորո՞ւմ էր։

- Ժամանակին, երբ ինքը դիմում էր ՀԱՊԿ-ին՝ շատ լավ հասկանում էր, թե ինչ արդյունք է լինելու, դրա համար, եթե սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դիմում էին, որ ռազմական օգնություն լինի, հիմա ասում են՝ գոնե քաղաքական հայտարարություն արա, արձանագրի, որ եղել է ագրեսիա, եւ միջոցներ ձեռնարկի՝ քաղաքական եւ դիվանագիտական, որպեսզի Ադրբեջանը դուրս հանի իր զորքերը եւ վերադառնա 2021 թ․ մայիսի դրությամբ դիրքեր, որպեսզի վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Երբ ինքը դիմում էր, շատ լավ հասկանում էր դասավորվածությունը ՀԱՊԿ-ում, ինչպես Ալիեւն էր ասել՝ Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը։ Այսինքն՝ շատ լավ հասկանում էր, որ ՀԱՊԿ-ին դիմելն անօգուտ է, որ դա ՀԱՊԿ-ին վարկաբեկելու հերթական քայլն է։ ՀԱՊԿ-ն ինքն իրեն վարկաբեկվելու է՝ կարիք չկա դրա համար ջանք թափել։ Ես չեմ կարծում, որ ինքը կարող էր այդ փաստաթուղթը ստորագրել, որովհետեւ ՀԱՊԿ-ն ո՛չ ռազմական առումով է իր ֆունկցիան կատարում, ո՛չ էլ ուզում է քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին, առավել եւս նույնիսկ քաղաքական կամ դիվանագիտական մեթոդներով Հայաստանի տարածքային ամբողջականության գործում մասնակցություն է ուզում ունենալ։ Այս առումով պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին, այն էլ Երեւանում անցկացվող գագաթնաժողովին, այլ բան չէր մնում, քան դեմարշի դիմել։ Դա վնասում է ՀԱՊԿ-ին, բայց փաստն այն է, որ այս կառույցը ցույց տվեց, որ ֆունկցիոնալ չէ ոչ միայն ռազմաքաղաքական առումով, այլ նաեւ դիվանագիտական՝ քաղաքական, դիվանագիտական ասպարեզում։ Եթե Հայաստանն այսօր լիներ այն կարգավիճակում, ինչպիսին կար մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ հաղթած երկիր էր եւ համարվում էր, որ ունի անվտանգային բավականին ամուր համակարգ, եւ հեղինակությունը երկրի անհամեմատ լուրջ էր, քան հիմա, երբ երկրի ղեկավարի համբավն ու վստահությունը նրա նկատմամբ մեծ էր, այդ ժամանակ իր պահանջներին, հորդորներին ու խնդրանքներին շատ ավելի լուրջ կվերաբերվեին։ Հիմա ես կարծում եմ՝ ընդհանրապես աշխարհում եւ մասնավորապես ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանին եւ իր ղեկավարած երկրին վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում են անհաջողակ երկրին եւ անհաջողակ, ամեն ինչ տապալած ղեկավարին։

- Ոմանք քննարկում էին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունը Երեւանում, հիշել էին նրա պրոադրբեջանական հայտարարությունները, եւ կարծիքներ կային, որ վերջինիս պետք է ակնարկեին, որ նա ցանկալի չէ Հայաստանում։ 

- Ո՞վ պետք է ցույց տար, որ Լուկաշենկոն անցանկալի անձ է՝ հասարակական սեկտո՞րը, Նիկոլ Փաշինյա՞նը, կառավարությո՞ւնը, ուզում եմ հասկանալ՝ դա հասարակական մակարդակի պարսավանքո՞վ պետք է լիներ։ Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում իր ելույթում Լուկաշենկոն հավասարություն դրեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ ասելով, որ որքան Հայաստանն է իրենց բարեկամը, այնքան էլ՝ Ադրբեջանը, եւ նունիսկ սպառնաց, որ հետագայում կարող է ավելի վատ լինել, եթե Ալիեւը չլինի։ Եթե դրա մասին է խոսքը, ապա այդ հարթակը հենց դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանն իր վերաբերմունքը ցույց տա իր գործընկերոջ հայտարարություններին։ Ռեակցիա տվել է, թե ոչ Փաշինյանը, այդպես էլ չհասկացանք, ոչ էլ իմացանք, թե ինչ է ասել, որովհետեւ, այսպես կոչված, մոնոլոգային ասուլիս կոչեցյալ ֆորմատում վերջինս այդպես էլ հստակ չբացատրեց՝ ինքը Լուկաշենկոյի ելույթին ի վերջո պատասխանե՞լ է, թե՞ ոչ, եւ եթե պատասխանել է, մոտավորապես ի՞նչ է պատասխանել։ Եթե ոմանք պատկերացնում են, որ Լուկաշենկոն Զատուլինի կամ Մարգարիտա Սիմոնյանի պես Հայաստանի կողմից պետք է ընկալվեր persona non grata, եւ չթողնեին, որ նա մասնակցեր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, ապա այդ մարդիկ բավականին ռոմանտիկ են ու իրականությունից կտրված։ Ժամանակն է լրջանալ, հասունանալ որպես ժողովուրդ, հասկանալ, որ Լուկաշենկոն իր երկրի շահից, իր գեոքաղաքական գլխավոր գործընկերների շահերից է խոսում։ Ոչ ոք Հայաստանի շահից հենց այնպես չի խոսելու, եթե այդ շահը չի համընկնում տվյալ դեպքում Բելառուսի շահի հետ։ Մեծ քաղաքականության մեջ ինչ-որ մեկից նեղանալ, քանի որ նա իր շահն է պաշտպանում, դա նշանակում է, որ այդ ազգը չի դարձել քաղաքական ազգ։ Մեր պարագայում ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կա։

- Գագաթնաժողովի առիթով հակառուսական ցույցեր եղան։ Ստեղծված իրավիճակում նման ցույցերն ընդունելի՞ են։

- Ես բավականին նորմալ եմ գնահատում, որ հայաստանյան հանրության մեջ կա մի սեգմենտ, շատ է, քիչ է՝ կյանքը ցույց կտա, որն ունի հատուկ վերաբերմունք ռուսների նկատմամբ, այսինքն՝ հակառուսական է տրամադրված։ Հատկապես եթե այդ զանգվածն իր համոզմունքներով է այդպիսին, ոչ թե ստացած գրանտներով՝ դա շատ նորմալ է։ Լինել պրոարեւմտյան՝ պարտադիր չի լինել հակառուսական։ Պուտինի այցի կամ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի հետ կապված՝ այդ հատվածը ոնց որ թե ավելի շատ իրենց պրոարեւմտյան եւ հակառուսական համարողներն են։ Նրանք հանդես եկան իրենց դիրքորոշումով, նկատվեցին նաեւ ուկրաինական դրոշներ, ես կարծում եմ, որ ոչ այնքան Ուկրաինայի աջակցման համար էին բարձրացրել, այլ ցույց տալու համար իրենց հակառուսականությունը։ Եթե հիմա Ռուսաստանը Բուրկինա Ֆասոյի դեմ կռվեր, այնտեղ կլինեին Բուրկինա Ֆասոյի դրոշները, թեեւ շատ-շատերը քարտեզի վրա նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում այդ երկիրը։ Այս պահի դրությամբ կարեւորն այն է, թե ով է Ռուսաստանի դեմ դիրքավորված։