Մենք ման ենք գալիս ու չենք գտնում հող հանձնողներին 

Մենք ման ենք գալիս ու չենք գտնում հող հանձնողներին 

Արցախի անկախության 28-րդ տարեդարձը երեկ նշանավորվեց Հայաստանի վարչապետի բացակայությամբ եւ նրա կողմից մի անհասկանալի շնորհավորական ուղերձով։ Արցախի ղեկավարության հետ լարված հարաբերությունների պատճառով Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ տարին է՝ հրաժարվում է մասնակցել տոնական միջոցառումներին եւ ֆեյսբուքյան իր էջում գրված շնորհավորանքով հարուցեց որոշ շրջանակների դժգոհությունը։ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»,- գրել էր ՀՀ վարչապետը, որին անմիջապես հակադարձեցին հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչները:

Սամվել Ֆարմանյանը Փաշինյանի գրառումը որակեց իբրեւ «վատ երազ»․ «Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովման, ապա նաեւ բանակցային քսանհինգամյա այս ողջ ընթացքում անկյունաքարային նշանակության մեր հիմնական ու անխոցելի պնդումը եղել է այն, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող ԽՍՀՄ Սահմանադրության եւ օրենսդրության տառին համապատասխան (բացի միջազգային իրավունքի ծանրակշիռ աղբյուրները) եւ իր անկախությունը ձեռք է բերել ճիշտ նույն իրավական հիմքերով ու ընթացակարգով, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը:

Ուստի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից կամ իր անկախությունը հռչակել է ոչ թե Սովետական Ադրբեջանից, ինչպես, ցավոք, գրում է Նիկոլ Փաշինյանը, այլ այն ձեռք է բերել իրավական տեսանկյունից անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային այլ հանրապետությունների նման` խորհրդային սահմանադրության եւ օրենսդրության պահանջների ու ընթացակարգերի տառին համապատասխան»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական հիմնավորումներ ոչ միայն մենք չունենք, այլ դա հենց այն ծուղակն է, ինչ տասնամյակներ շարունակ պնդել ու պնդում է Ադրբեջանը` կասկածի տակ դնելով Արցախի անկախության կամ նրա միջազգային հնարավոր ճանաչման օրինականությունը՝ «որպես հիմնական կռվան օգտագործելով այն փաստարկը, որ ո՛չ Ադրբեջանական ՍՍՀ-ի եւ ո՛չ էլ արդեն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունները չեն նախատեսել ընթացակարգեր նրա «մասը հանդիսացող տարածքի» անջատման ու անկախացման` առանց իր ողջ տարածքում այդ հարցով հանրաքվեի անցկացման, ուստիեւ խախտվել է իր երկրի «տարածքային ամբողջականությունը»»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ պետության դե ֆակտո առաջին դեմքի կողմից մեր ազգային օրակարգի ամենակարեւոր խնդրի մասին նման չկշռադատված միտքն իր անլրջությամբ աննախադեպ է`  չափազանց վտանգավոր հետեւանքներով հղի: «Խոսքը կա՛մ գիտակցված պետական դավաճանության, կա՛մ անթույլատրելի վրիպման, կա՛մ պարզապես պետություն ղեկավարելու եւ այն միջազգային հարթակներում ներկայացնելու կործանարար անպիտանիության մասին է»:

Թե ինչու Փաշինյանը չմեկնեց Արցախ, նրա մամուլի ծառայությունից պարզաբանել էին, թե Հայաստանում աշխատանքային մի շարք կարեւոր հանդիպումներ ունի, իսկ օրվա ընթացքում պարզվեց, որ նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «լայվ» էր նախաձեռնել, կառավարության կայքում կարեւոր կամ անկարեւոր ինչ-որ հանդիպման մասին որեւէ այլ ինֆորմացիա չհայտնվեց։ Հայաստանից տոնական միջոցառումներին մասնակցեցին պատգամավորներ բոլոր խմբակցություններից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Հայաստանում գտնվող մեր դեսպանները՝ ԱԳ նախարարի, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու անդամների հետ։ Ուշագրավ է, որ ուժային կառույցներից որեւէ մեկի առաջին դեմքը չմասնակցեց, միջոցառմանը մասնակցում էր պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։ ՀՀ նախագահը, կաթողիկոսը նույնպես բացակայում էին, միայն շնորհավորական ուղերձներ հղեցին։ Իսկ Նիկոլ Փաշինյանին փոխարինեց տիկինը՝ Աննա Հակոբյանը, ով նաեւ շնորհավորական ուղերձ հղեց, ֆեյսբուքյան ստատուս եւ լուսանկարներ տարածեց։

Մեզ պատմեցին, որ Հայաստանի եւ Արցախի քաղաքական էլիտաների շփումը բավականին սառն է եղել՝ պաշտոնական։ Որ Հայաստանի ու Արցախի ղեկավարության միջեւ կան տարաձայնություններ, պարզ էր նաեւ Փաշինյանի՝ ֆրանսիական Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցից, որտեղ նա բաց տեքստով հայտարարել է․ «Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ»։ Շատերն այս հայտարարությունն ընկալեցին, թե Փաշինյանը որոշել է իր «ճաշակով» ձեւավորել Արցախի իշխանությունները։

ԼՂ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խուսափեց մեր հարցին ուղիղ պատասխանել՝ մտահոգություն կա՞, որ վարչապետը միջամտության ակնարկ է հնչեցնում։ «Ընտրությունները չի կարելի ցանկացած մեկին համապատասխանեցնել, ընտրությունները պետք է լինեն ազատ։ Ես դեմ եմ ընտրությունները որակել, ընդհանրապես ինչ-որ միտք դնել՝ անկախ նրանից, թե դա ինչ միտք է, ու ընտրությունները ծառայեցնել դրան։ Ընտրությունները պետք է լինեն ազատ, անկախ, նոր դրա արդյունքներից պետք է ծնվի քաղաքականությունը»,- ասաց նա ու հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը միշտ է պայքարել «ազատ, արդար» ընտրությունների համար, իսկ տարաձայնությունները վերանալու մասին վարչապետի կանխատեսման առիթով պարզաբանեց․ «Ուզո՞ւմ եք անկեղծ լինեմ, ասեմ՝ պետք է Արցախ-Հայաստանը մեկ ընդհանուր մարմին դիտարկել, ու եթե կան պրոբլեմներ մարմնի որեւէ հատվածում, պետք է կա՛մ բացահայտվի՝ տեսնենք ինչ կա, կամ՝ լուծվի։ Իսկ հիմա փակ շղթա է գնում, ու այդ պարագայում փորձենք վերլուծություն անել, թե ինչ է ուզում ասել, ճիշտ չէ»։

Հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «դավադիրների» մասին, որոնք փորձում են պատերազմ հրահրել, որ հող հանձնվի, եւ մեղքը գցեն ՀՀ իշխանությունների վրա։ «Ապացուցեցի՞ն»,- հարցով պատասխանեց ՀՅԴ-ականն ու շարունակեց․ «Խոսեցին, ոչ թե ապացուցեցին՝ իբր Ղարաբաղում կան հող հանձնողներ։ Մենք ման ենք գալիս ու չենք գտնում։ Հետեւաբար, չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունի վարչապետը, գուցե իր թիմից հարցնեք»։

ՀԳ․ Տոնական ընթրիքը նախատեսվում էր երեկոյան 9-ին՝ «Վալեքս»-ում, սակայն Հայաստանից ժամանած հյուրերի մեծ մասը պաշտոնական միջոցառումից հետո վերադարձել էր Հայաստան։