Տարվա վերջում ակնկալվող 62 միլիարդից շեղում չենք ունենա

Տարվա վերջում ակնկալվող 62 միլիարդից շեղում չենք ունենա

Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե բյուջեում 62 մլրդ դրամ ավել գումար է հավաքվել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ անդրադարձավ այդ թվին՝ նշելով, որ այն պետք է օր առաջ ծախսել՝ ըստ նշանակության։ Բայց նրանց խոսքից պարզ չդարձավ, թե ինչպես է այդ 62 միլիարդը գոյացել, արդյոք այն կա՞, թե՞ կանխատեսում են, որ կլինի տարեվերջին։ Փորձեցինք մեր հարցերի պատասխանն ստանալ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից։

«Երբ որ բյուջեի մասին է խոսքը, ինքը չի կարող համարվել, որ դրված է ինչ-որ մի տեղ, որովհետեւ բյուջեն ինքնին հոսքերի բազմություն է՝ մուտքեր եւ ելքեր։ Ոչ թե մնացորդի մասին է խոսքը, որ մի տեղ դրված է սա, այլ դրանք էն մուտքերն են, որոնք էս տարվա ընթացքում նախատեսվում են որպես հավելյալ։ Այն ինչ-որ չափով առաջին եռամսյակում է ավել եղել, մի քիչ ավելի մեծ չափով՝ կիսամյակի արդյունքներով, 9 ամսվա արդյունքներով կտեսնենք՝ ինչպիսի դինամիկա կունենանք, եւ տարեկան արդյունքներով ակնկալվում է, որ նախատեսված 1 տրիլիոն 402 միլիարդ դրամի փոխարեն կունենանք մոտավորապես 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ հարկային եկամուտ»,- ասաց պարոն Ջանջուղազյանը։

- Այսինքն՝ կանխատեսում եք, որ կունենանք այդքան ավել գումար։

- Չէ, առաջին կիսամյակի ցուցանիշները եթե նայեք, էնտեղ արդեն, եթե հիշողությունս չի դավաճանում, կիսամյակից 57 մլրդ դրամից ավելի չափով հարկային եկամուտ է մուտք եղել։ Այսինքն՝ էդ որ ասում եք՝ կանխատեսվում է, այո, քանի դեռ տարին ավարտված չէ, ինչի մասին որ մենք խոսում ենք, բոլորը կանխատեսումներ են։

- Հիմա այդ 62 միլիարդը, որ կանխատեսում եք, դրանից քանի՞ միլիարդն է, որ, որպես փաստ, արդեն կայացել է։

- Էդ էնքան էլ կոռեկտ չի, ասեմ՝ ինչու, եռամսյակում ինչ-որ մի թիվ էր, կիսամյակում՝ կարծեմ 57 միլիարդ, 9 ամսում կարող է էդ թիվը լինել 40 միլիարդ՝ օրինակ․․․ Այսինքն՝ ոչ թե պետք է նայել տարվա մեջ առանձին վերցրած ինչ-որ մի կետում, էդ ժամանակ ինքը չի ցույց տա տարեվերջի սպասվող ազդեցությունը։ Հաջորդը, որ կարեւոր հարց էր՝ կանխիկ է, թե ոչ․ ամբողջությամբ կանխիկ է։ Կանխիկ ասելով՝ նկատի չունեմ թղթադրամ։ Ինքը բյուջեի համար հոսք է, եւ բյուջեի մնացորդները, շարժը, հոսքը որ նայեք, կտեսնեք։

- Անանյանն ասում է, որ պետք է հնարավորինս արագ եւ շատ ծրագրերի վրա ծախսել այդ գումարը։ Հիմա որքա՞ն ենք արդեն ծախսել։

- Ինքը չի կարող առանձին էդ մուտքի տեսակի հետ կապվել․ մեր բյուջեն էդպիսին չի։ Եկամուտները եկան-հավաքվեցին, էդ հավաքված եկամուտների հաշվին արվում են ծախսեր։ Այսինքն՝ ինքը չի երեւում, որ էս ծախսն արվեց էն բյուջեով նախատեսված կոնկրետ շահութահարկի՞ց, թե՞ էս ծախսն արվեց, օրինակ, էս լրացուցիչ ավելացված արժեքի հարկից։ Հետեւաբար, թե դրա հաշվին ինչքան ծախս է արվել, էդ հարցը պատասխան չունի։ Իրա չափով ծախսեր ավելացվում են, ինչքան որ ավելացվում են։ Գիտեք՝ պաշտպանության նախարարություն, ուսուցիչների աշխատավարձ, ճանապարհներ եւ այլն։

- Դրանք այդ 62 միլիարդի՞ց են արվում։

- Լրացուցիչները՝ այո։

- Եթե համեմատենք նախորդ կառավարության հետ, որն ասում էր՝ բյուջեում դեռ այնքան գումար չունենք, որ ընթացիկ ծախսերն ավելացնենք, ներդրում ենք անում միայն կապիտալ ծախսերի վրա։ Հիմա կարո՞ղ ենք ասել, որ նախկինում գումար չկար, հիմա կա, դրա համար ենք ընթացիկ ծախսերն ավելացնում։

- Էլի չէ, որովհետեւ կանոններն էսօր շարունակում են մնալ նույնը, եւ դրանք ճիշտ կանոններ են։ Իսկ կանոնն այն է, որ մենք ընթացիկ ծախսերի մասով պարտավորություն կվերցնենք այն ժամանակ եւ այն չափով, որը մեր տնտեսության համար հաղթահարելի է։ Իսկ տնտեսության աճելու տեղը ընթացիկ ծախսերը չեն, կապիտալ ծախսերն են, որոնք ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորություն են տալիս, որն էլ հնարավորություն է տալիս բիզնեսին՝ համեմատաբար մրցունակ կազմակերպել իրենց տնտեսվարումը։

- Ստացվում է՝ մի կողմից Փաշինյանը խոսում է կանոնների փոփոխության մասին, այդ թվում՝ ֆինանսների բաշխման հարցում, մյուս կողմից ասում եք` կանոնները նույնն են մնացել։

- Չէ, ներողություն, ես նկատի ունեմ այն կանոնները, որոնք օրենքով սահմանված են։ Համենայնդեպս, վարչապետը օրենքով սահմանված կանոնների մասին չեմ մտաբերում, որ բան ասած լինի։

- Հիմա գործող կառավարությունն ի՞նչ քաղաքականություն ունի՝ հակված է կապիտա՞լ ծախսերի ավելացմանը, թե՞ ընթացիկ։

- Հիմա, տեսեք, որ ասում եք՝ ավելի շատ, դա մտահոգիչ է, էլի։ Ես անընդհատ փորձում եմ ասել, որ բոլոր որոշումները պիտի լինեն հավասարակշռված։ Չի կարող անտեսվել, երկրորդվել, երրորդվել մի խնդիր, որն առկա է, այնպիսին, ինչպիսին, օրինակ, սոցիալական քաղաքականությունն է։ Հիմա, դա կարեւորելով, ինչպես տեսաք, հաջորդ տարվա համար կենսաթոշակի ավելացում նախատեսվեց, չէ՞, միջնաժամկետ ծրագրի մեջ։

- Ի վերջո, մենք տարեվերջին կունենա՞նք փաստացի այդ 62 միլիարդ ավել գումարը։

- Համենայնդեպս, էսօրվա զարգացումները թույլ են տալիս վստահ ասել, որ մենք շեղում չենք ունենա, այսինքն՝ ավելի պակաս, քան նախատեսվում է, չենք ունենա։