Ես վստահ եմ, որ ո՛չ «Լիդիանն» է ուզում արբիտրաժ գնալ, ո՛չ մենք

Ես վստահ եմ, որ ո՛չ «Լիդիանն» է ուզում արբիտրաժ գնալ, ո՛չ մենք

Կառավարությունը սպասում է «Լիդիանում» հանքի փորձաքննության ավարտին, որ հասկանան՝ գնո՞ւմ են արբիտրաժ, թե՞, ամեն դեպքում, շահագործում են հանքը։ Իսկ մինչ այդ ձեռքերը ծալած չեն նստի՝ կառավարությունը կդիմի միջազգային խորհրդատվական ընկերության, որը խորհրդատվություն կմատուցի, թե ինչպես վարվել, եթե «Լիդիանի» հետ վեճը տեղափոխվի միջազգային արբիտրաժ, որը, հիշեցնենք, կարող է մեզ համար հղի լինել շատ ծանր հետեւանքներով։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ստացած «Լիդիան» ընկերությունն օրերս հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց եւ կառավարության միջեւ առկա է վեճ, որն այս ամիսներին չի լուծվել, եւ իրենք պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժ։ Վեճի բուն առիթն էլ այն է, որ տեղի բնակիչներն ու բնապահպանները փակել են հանքի ճանապարհն ու թույլ չեն տալիս, որ հանքը շահագործվի։ Կառավարությունն էլ չի կարողանում այս խնդիրը լուծել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշումից է կախված՝ թողնո՞ւմ են հանքը շահագործել, թե՞ ոչ, եւ դրա համար նախ պետք է սպասեն փորձաքննության ավարտին։ «Ասեմ, որ կառավարությունը հստակ գիտի, թե ինչ է անում, եւ ուր ենք գնում։ Մենք տարբեր առիթներով տեղեկացրել ենք «Լիդիանի» տնօրինությանը եւ հիմա էլ նույն բանն ենք ասում՝ մենք սպասում ենք «Elard» ընկերության փորձաքննությանը, հետազոտությունների արդյունքներին։ Այդ արդյունքները՝ եթե եղան դրական, այսինքն՝ խնդիր չկա, հանքը կարող է շահագործվել, կամ ռիսկերը մինիմում են։ Դա կլինի մեկ որոշում է, եւ պիտի գնանք մեկ ուղղությամբ։ Եթե բացասական է, դա կլինի մեկ այլ որոշում»,- ասաց Վարագ Սիսեռյանը։ Իսկ փորձաքննության ավարտին սպասում են մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

- Ի՞նչ եք անելու, եթե եզրակացության արդյունքը լինի դրական՝ հանքի օգտին, գնալու եք եւ ուժով հեռացնե՞ք հանքը փակած ակտիվիստներին։

- Ես վստահ եմ, որ եթե ունենանք հիմնավորում, փաստ, բացառում եմ ուժի կիրառումը։ Նույնիսկ դրա մասին չեմ ուզում մտածել, դա իմ կարծիքն է։ Երկու դեպքում էլ՝ դրական լինի պատասխանը, թե բացասական, պետք է ճիշտ ձեւով խորհրդակցենք հանրության հետ։

- Ի դեպ, այդ ի՞նչ ընկերություն է, որը փորձաքննություն է իրականացնում, ե՞րբ եք տենդեր հայտարարել, որ շահել է այդ ընկերությունը, ընդ որում՝ բավականին բարձր արժեքով, կարծեմ՝ մոտ 400 հազար դոլար է նստել դա պետության վրա։

- Տենդեր հայտարարվել է, եթե չեմ սխալվում, նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին, օրինական տենդեր է եղել, եւ ընտրվել է այս ընկերությունը՝ «Elard»-ը։ Բավականին խոշոր ընկերություն է, եւ մոտ 300 հազար դոլարի կարգի է այդ ընկերությանը տրվելիք գումարը։

- Արդարացվա՞ծ է պետբյուջեից նման փորձաքննության համար այդքան մեծ գումար հատկացնելը։

- Չէ, անպայման պետք է տայինք։ Ես կարծում եմ, որ էսպիսի բաների համար մենք չպիտի խնայենք։ Օրինակ, եթե հիմա մենք գիտենք, որ «Լիդիանը» մտածում է այդ ուղղությամբ, որ պետք է գնա արբիտրաժ, մենք չպե՞տք է խորհրդատվություն ստանանք։ Մենք, իրականում, չենք ուզում գնալ արբիտրաժ։ Ես վստահ եմ, որ ո՛չ «Լիդիանն» է ուզում արբիտրաժ գնալ, ո՛չ մենք, որովհետեւ արբիտրաժ գնալն ահավոր ծախսատար է, ահավոր երկար պրոցես է ու կարող է անվերջ գնալ, եւ ոչ ոք չի շահի դրանից։ Եթե մենք պարտվեցինք, մեր հեղինակությունն է ընկնելու, հետո գումար պետք է փոխանցենք․․․ իսկ «Լիդիանի» նպատակն էդ հանքը շահագործելն էր, ոչ թե արբիտրաժ գնալը։

- Այդ դեպքում ի՞նչն էր խնդիրը, որ այդպես էլ չկարողացաք «Լիդիանի» հետ գալ ընդհանուր հայտարարի եւ կանգնեցիք այսպիսի փաստի առաջ։ 

- Գիտե՞ք ինչ, ընդհանուր հայտարարի գալու հարց չկար։ Ասեմ, որ մենք վարչապետի հետ Փարիզ այցելության ժամանակ հանդիպել էինք «Լիդիանի» հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, որը շոտլանդացի է։ Եվ նույն բանն էն ժամանակ ենք ասել, որ փորձաքննությունը կլինի՝ կառավարությունը որոշում կկայացնի։ Ուղղակի հարցն այն է, որ մի քիչ երկար տեւեց պրոցեսը, որովհետեւ քաղաքական իրավիճակ կար նաեւ Հայաստանում, ընտրություններ, ընտրությունների կազմակերպում եւ այլն։

- Անկախ այդ պատճառներից՝ Դուք կառավարության սխալը կամ ձեր թիմի թերացումը տեսնո՞ւմ եք այդտեղ, որ կարող էիք այս խնդրին լուծում տալ, բայց չարեցիք։

- Եթե ուզում եք անկեղծ լինեմ, ապա կարող է ժամանակի առումով ավելի լավ է, որ մի քիչ երկար ժամանակ պահանջվի, բայց ճիշտ ճանապարհով գնանք, քան արագ որոշում կայացնենք, հետո պարզվի, որ սխալ է։ Այսինքն, եթե ասենք, որ նախապես լիցենզիան տվել են, ուրեմն պետք է աշխատեն, ու առանց ժողովրդին հիմնավորում տալու ասեինք, որ չէ՝ բացում ենք, վերջ, դրանից կարող է «Լիդիանն» ուրախ լիներ, բայց մեզ համար առաջնահերթությունը մեր ժողովրդի շահերն են։

- Այդ ժողովրդի շահի մեջ, ասում են, առանձին ուժեր կան, որոնք իրենց շահերն ունեն եւ իրենք են նաեւ ֆինանսավորում կամ ուղղորդում ցույցերը «Լիդիանի» դեմ։

- Հա, բնակիչները, որոնք փակել են ճանապարհը, ասում են, որ այսինչ մարդն է ֆինանսավորում, որովհետեւ ինչ-որ շահ ունի։ Բայց ես, անկեղծ ասած, չեմ հավատում, որովհետեւ ես այդպիսի բան անձամբ չեմ տեսել, ես կարող եմ խոսել նրա մասին, ինչի մասին որ գիտեմ։ Մենք, կառավարությունն ընդհանրապես շատ օբյեկտիվ է մոտենում այս հարցին, եւ չկա որեւէ կողմ, որ ուզենանք անպայման բացվի կամ փակվի։ Մեզ համար կարեւոր է փորձաքննության արդյունքը, որ հասկանանք՝ հիմնավորում ունե՞նք, դրանք ներկայացնենք, որպեսզի հանրությունն էլ հասկանա՝ ինչի համար ենք այս կամ այն որոշումը կայացնում։ Առանց այդ հիմնավորումների որոշում կայացնելը ես համարում եմ սխալ, նաեւ վարչապետն է համարում սխալ, բոլորս էլ սխալ ենք համարում, դրա համար սպասում ենք արդյունքներին։

- Իսկ իրավախորհրդատվական ընկերության համար մրցույթ հայտարարե՞լ եք։

- Չէ, խորհրդատվական ընկերությունը կարող է տենդեր չհայտարարենք, մեկ անձից գնում անենք, որովհետեւ ներքին գնում որ անում ես, մինչեւ 1 միլիոն դրամի գնում կարող ես կատարել՝ առանց մրցույթի, իսկ արտաքին գնման դեպքում՝ մինչեւ 70 մլն դրամ։ Բայց մենք ներքին շուկայում չունենք նման ընկերություն, որ արբիտրաժի խորհրդատվություն մատուցի, դրա համար այս հարցը վստահելու ենք միջազգային ընկերության։ Ու քանի որ ունենք ժամկետի խնդիր, մինչեւ մայիսի վերջ պետք է արդեն ստանանք «Elard»-ի փորձաքննության արդյունքը։ Ու մինչեւ այդ արդյունքն ստանալը, պետք է անենք արդեն խորհրդատվություն, դրա համար, եթե մրցույթ հայտարարենք, ահագին կերկարի ժամանակը։ Դրա համար մեկ անձից ենք կատարելու գնումը։