«Ամեն առավոտ»․ մի ներդաշնակության մեջ դնել ամպը, անձրեվն ու հողը

«Ամեն առավոտ»․ մի ներդաշնակության մեջ դնել ամպը, անձրեվն ու հողը

«Ամեն առավոտ»․ այսպես է կոչվում բանաստեղծ Նորայր Գրիգորյանի նոր ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում։ 

 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ Նորայր Գրիգորյանի գործերին շատ վաղուց է ծանոթ՝ 70-ականների վերջերից, եւ առաջին գրքի շնորհանդեսին էլ է ներկա եղել․ «Այսօր հազվագյուտ բանաստեղծական գրվածքներում կարող ես բնությունը զգալ։ Ոչ թե քաղաքում ենք ապրում, դրա համար է բնությունը փախ տվել մեզնից, ուղղակի այսօր մարդու մեջ ավելի շատ տրամաբանությունն է գերիշխում, մտածական բաները, որոնք նաեւ եկել խստապես խրվել են պոեզիայի մեջ եւ տրամաբանորեն են խոսում։ Նորայր Գրիգորյանի բանաստեղծություններում հենց այդ բնության, մարդու պատկերներով ներքին բնույթի ներդաշնակության բանաստեղծական ընկալումներն են։ Ծառի, երկնքի, հողի արարման թեմաները կան, բայց զրույցն Աստծո հետ է, այն Աստծո, որն իր ներսում է, նաեւ կրոնական հավատալիքներում, որովհետեւ քրիստոնյա մարդու գրվածքներ են։ Մաքուր հայացք կա, նաեւ «առավոտ» բառի ծավալումը, որոշ ծիսականության հոտառություն ու շատ կենդանի երանգ»։

 

Գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանն ընդգծում է՝ գրեթե 2 հազար տարի գրողները գրում են ամպի, անձրեւի, հողի, ջրի մասին, բայց Նորայր Գրիգորյանի մոտ մի քիչ տարբեր է․ «Նա կարողանում է մի ներդաշնակության մեջ դնել ամպը, անձրեւը, հողը, ծաղիկը, իսկ սա առանձնահատուկ բան է։ Նա կարողանում է այդ տիեզերական ներդաշնակության մեջ բոլորը համադրել, մեկը մյուսին կապել ու ստեղծել մտածողական մի շղթա։ Մի շրջան իր խտացումներով հայկական թանկաներ էր ստեղծում, հետո եկավ դեպի ազատ բանաստեղծություն, ապա՝ ավանդական բանաստեղծություն՝ բոլոր հանգերով, չափերով, ու, փառք Աստծո, այդ բոլոր տեսակներում էլ կարողանում է ստեղծել իր մտքի, երեւակայության գուցե թե կեսից ավելին։ Նորայրը գնում է դեպի իր խորքը՝ մեզ իր հետ տանելով։ Սա խորքային պոեզիա է եւ բոլորովին դիֆերամբային բան չէ, երբեւէ հանգի չի դիմում, եթե դրա կարիքը չկա, եւ գրում է այն, ինչ իր սրտում կա։ Այդ առումով իր պոեզիան ազնիվ է, որքան ինքը»։