Ինչ պետք է անել խորհրդարանի պատերից դուրս

Ինչ պետք է անել խորհրդարանի պատերից դուրս

««Իմ քայլը» դաշինքի ընկերներս չունեն իմ ձայնի կարիքը 70% հավաքելու եւ մեծամասնություն դառնալու համար։ Ինձ համար կարեւոր է նաեւ խորհրդարանական փոքրամասնությունը։ Այն պետք է բաղկացած լինի տարբեր տեսակետներ ունեցող, բայց խորքում միայն հեղափոխական ուժերից։ Խորհրդարանը պետք է լինի ամբողջովին հեղափոխական։ Ուրեմն ես կատարում եմ իմ քայլը, եւ ձայնս տալիս եմ ընկերներիս, ովքեր վերջին ութ տաս տարիներին Երեւանի փողոցներում ու Հայաստանի սարերում աճեցրել են Հեղափոխությունը: ՔՈ ՍԴԿ կուսակցություն",- ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը։

Թե ինչու նախընտրեց «Քաղաքացու որոշում» կուսակցությանը, Նազարեթ Կարոյանը մեզ հետ զրույցում արձագանքեց՝ նրանք իմ պայքարի ընկերներն են եղել։ Նազարեթ Կարոյանը հետաքրքիր տեսակետ ունի քաղաքականության, կուսակցությունների մասին։ «Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին։ Պարզապես «ՔՈ»,-ն կազմակերպվելով, հեղափոխական ուժերը ապակենտրոնացրեց, դարձրեց ցանցային, այսինքն՝ ֆորմալ առումով իրենք նպաստում են հեղափոխությանը»,- նշեց Կարոյանը։

Հիշեցրինք, որ «ՔՈ»-ն առաջ է քաշում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը։ «Ես չեմ կարծում, որ մենք այդ տեսակ բառերով պետք է առաջնորդվենք, դրանք 100-150 տարի առաջվա բառեր են։ Ես դեմ եմ ընդհանրապես քաղաքական առաջնորդությանը, քաղաքական կուսակցություններին։ Քաղաքական կուսակցությունները, քաղաքական առաջնորդությունը հասարակությանը բաժանում են։ Մինչդեռ հասարակությունն ունի բաժանումներ, եւ դա ամբողջովին բավարար է հասարակական կյանքը կազմակերպելու համար։ Ես չեմ ընդունում քաղաքական բաժանումները, որոնք բաժանում են մտավորականներին, ստեղծագործողներին, սոցիալական տարբեր խմբերին»,- նշեց Նազարեթ Կարոյանը։

Հարցին, թե ինչով է տարբերվելու դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններում ձեւավորված խորհրդարանը նախորդներից, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ես կարծում եմ, կյանքի կազմակերպման եւ փոփոխության ուժը պետք է մնա խորհրդարանի պատերից դուրս։ Խորհրդարանը պետք է արտահայտի այն, ինչը ստիպում են արտահայտել այդ ուժերը։ Այսինքն՝ մենք պետք է լինենք ակտիվ։ Խորհրդարանի ներքին կառուցվածքը եւ բաժանումներն ինձ շատ չեն հետաքրքրում։ Ես հիմա գտնվում եմ Ստեփանավանում եւ իմ գործունեությամբ փորձում եմ փոփոխություններ իրականացնել մեկ հաստատությունում (նկատի ունի Ժամանակակից արվեստի ինստիտուտը)։ Ես կարծում եմ, որ եթե բոլորն ինձ նման շարժվեն Հայաստանում, ապա խորհրդարանի աշխատանքը կլինի արձանագրել այդ փոփոխությունները եւ մտածել այն խնդիրների մասին, որոնք խանգարում են աշխատել»։