93-ին՝ վահանով, հիմա՝ վահանի վրա

93-ին՝ վահանով, հիմա՝ վահանի վրա

Քրիստ Արթինը Հայաստանում հայտնի էր որպես լիբանանահայ հայրենադարձ, որը Կապանում էկզոտիկ կենդանիներ՝ շինշիլաներ էր աճեցնում եւ խթանում այս էկզոտիկ բիզնեսը Սյունիքի մարզում: 2015 թվականից նա ընկերների հետ շինշիլաբուծական տոհմային տնտեսություն էր հիմնել, մեծ ծրագրեր ուներ, ուզում էր մորթու մշակման արտադրամաս բացել, որտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան՝ կկարվեին մուշտակներ, ձեռնոցներ, գլխարկներ, մարդիկ բիզնես կունենային, կհարստանային, կզարգացնեին երկիրը: Պատերազմը խաթարեց բոլոր պլանները: 

«Եթե ես չերթամ, ո՞վ երթա»,- Քրիստափոր Արթինը հարցրել է ընկերոջը՝ Նիկոլ Աբրահամյանին, որը սեպտեմբերի 27-ին իմանալով, որ Քրիստը որոշել է գնալ Արցախ, նրան ասել է. «Ինչո՞ւ համար գնում ես, դու արդեն Ղարաբաղ կռվել ես երեք տարի»: 48 տարեկան էր: 
Նիկոլ Աբրահամյանը դժվարությամբ է խոսում Քրիստի մասին: Մի ամբողջ հավերժություն է նրա հետ անցկացրել, երկուսն էլ դաշնակցական են, երկուսն էլ՝ Կանադայից, Տորոնտո քաղաքից եկած, երկուսն էլ հայրենադարձվել են Հայաստանի համար ծանր տարիներին: «Ճիշտն ասած՝ չեմ ուզում խոսել: Երեկ թաղեցինք: Մի քիչ անցնի՝ հետո»,- ասում է մեզ, բայց հիշողությունները բացում են լեզուն: 

«Կանադայից ճանաչում էի իրեն: 1980-ականներից: Պատանի տարիքից դաշնակցական էր, երկուսով էինք միշտ: Երգում էր, լավ երգում էր: Տորոնտոյում ՀՅԴ երիտասարդական ակումբի անդամ էինք: Ինքը պատանիների հետ էր աշխատում մեր ակումբում: Շատ սիրված տղա էր էդ տարածքի մեջ: Հիմա էդ պատանիներն արդեն մեծ մարդիկ են, ամուսնացած են: Հետո Հայաստան եկանք միասին՝ 1993 թվականին: Ինքը եկավ պատերազմին մասնակցելու համար: Հետո ինքը գնաց Ղարաբաղ: Ինքը գնաց Ղարաբաղ, ինձի չընդունեցին, ես այն ժամանակ 40 տարեկան էի: Ես ժուռնալիստներին ու օգնություն բերողներին էի տանում Ղարաբաղ ու միշտ իրեն այնտեղ կհանդիպեի: 1994 թվականին ես վերադարձա: Հետո Ղարաբաղի պատերազմը վերջացավ, ու ինքը գնաց ռազմական ուսումնարան, որ ականազերծման գործը սովորի: Ասում էր՝ մենք մեկ անգամ ենք սխալվում մեր կյանքում: Ականազերծողներն այդպես են ասում»: 

Քրիստ Արթինը զինվորագրվել է պատերազմի առաջին օրը, Պռոշյանի գնդին: Մեր մյուս տղաների հետ ծուղակն է ընկել Լուլասազում (Վարնկաթաղ): 

«Շատ կարճ տեւեց: Ընդամենը երեք հոգի ողջ մնացին այդ մարտից»,- պատմում է Նիկոլ Աբրահամյանը: 

Քրիստ Արթինի մահվան լուրի տակ նրա ընկերները, նրան ճանաչողները գրառումներ են թողնում այս օրերին: 
«93-ին վահանով վերադարձար, հիմա՝ վահանի վրա... Վարձքդ կատար, ընկեր ջան, կհանդիպենք»: 
«Քրիստ ջան, ընկերս, ինչքան երկար-երկար, երկար-բարակ նստել զրուցել ենք դեսից-դենից... էհ, ախպերս, դու էլ վաստակեցիր փառաց պսակը, հազար փառք քեզ՝ իմ հերոս ընկեր»: 
«Նա միշտ գիտեր, որ պատերազմը չի ավարտել,- պատմում է Քրիստ Արթինի կուսակցական ընկերներից Գուգո Շահվերդյանը։- Կապանի ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեի անդամներից էր: Ինձ համար ոչ միայն կուսակցական գաղափարական ընկեր էր, այլեւ կյանքում իմ ախպերն էր, ընկերասեր, լուռ, ինքնամփոփ, սառը զինվորական»: