Մինչեւ վերջ ասաց այն, ինչ թելադրում էր խիղճը

Մինչեւ վերջ ասաց այն, ինչ թելադրում էր խիղճը

Քաղաքական սկզբունքներին, սեփական հայացքներին չդավաճանելու համար հալածանքների ենթարկված քաղաքացու իսկական սիմվոլ է ռուս ակադեմիկոս, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովը։ Նրա կյանքի ու գործունեության պատմությունն իրական մտավորականի, խիզախ ու աննկուն մարդու պատմություն է։ Ստալինյան Ռուսաստանին անգնահատելի ծառայություններ մատուցած գիտնականը անպատմելի ուղի է անցել՝ իշխանություններին մերձ մտավորականից մինչեւ քաղաքական աքսորականի ճակատագիր։ Նա ողջ կյանքում պայքարել է պատերազմների դեմ, մարդու իրավունքների համար։ 1970-ին ձեւավորել է Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտե եւ զբաղվել քաղհալածյալների հարցերով։ Իսկ երբ Սովետական բանակը ներխուժել է Աֆղանստան, նա բաց եւ անվախ դեմ է արտահայտվել դրան։

Ի վերջո, իշխանությունների «համբերության բաժակը լցվել է», եւ 1980-ին նրան աքսորել են փակ քաղաք՝ Գորկի՝ առանց այն լքելու իրավունքի, որտեղ նա 3 անգամ հացադուլներ է արել, պահանջել է թույլ տալ իրեն՝ հեռանալ ՍՍՀՄ-ից՝ կնոջը՝ Ելենա Բոներին, բուժման տանելու համար։ Մերժել են։ Նրան դատապարտել են գործընկերները, նամակներ են գրել Ցեկա, հանրային պարսավանքի են ենթարկել, բայց նա չի շեղվել իր ընտրած ուղուց։

Եվ միայն 1986-ի դեկտեմբերին՝ պերեստրոյկայի տարիներին, Միխայիլ Գորբաչովն անձամբ կապվել է նրա հետ եւ վերադարձրել Մոսկվա։ Նա 1989-ին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, որի նշանավոր նիստին մերոնք գնացել էին Ղարաբաղի հարցը բարձրացնելու։ Ցանկացած անձ Սախարովի փոխարեն կհամակվեր իրեն ազատագրած իշխանությունների հանդեպ սիրով, եւ նախկինների հանդեպ ատելությունը կզրկեր ողջամիտ կեցվածքից՝ նրան դարձնելով Գորբաչովի եւ պերեստրոյկայի ժամանակների մարտիկը, սակայն պարզվեց՝ Սախարովն իրական մտավորական է։ Եվ անգամ իր հանդեպ մեծահոգությունն ու անցյալում կրած տառապանքները նրան չեն զրկել իրական մտավորականի կեցվածքից, չեն դարձրել իշխանության սպասարկուն։ Այդ նշանավոր նիստում՝ ԽՍՀՄ ԳԽ դեպուտատների առաջին նիստում, նա մի տպավորիչ ելույթ է ունենում բանակի ու խաղաղության թեմայով, որը ԳԽ պատգամավորներին հանում է հունից, եւ նրանք ոտքերի դոփյունով են արձագանքում դրան։ Ահա, իրական մտավորականի կերպարը, որը միշտ ճշմարտությունն է ասում՝ անկախ իր անձնական շահից եւ հարաբերություններից։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ