Երբ համերաշխ ենք օրենքի ուժով

Երբ համերաշխ ենք օրենքի ուժով

Երեւի միայն Հայաստանում էր հնարավոր պատերազմի ժամանակ միասնական լինելու, իշխանությունների շուրջ համախմբվելու, համայնքապետերին հանկարծ չքննադատելու մասին օրենք ընդունել: Նման օրենք գործում է ողջ աշխարհում, բայց ողջ աշխարհում դա չգրված օրենք է, որովհետեւ ողջ աշխարհում հասկանում են, որ պատերազմի ժամանակ այլ կերպ լինել պարզապես չի կարող: Հետեւաբար հարց՝ ինչո՞ւ Հայաստանում նման օրենք ընդունվեց: Եթե այս հարցին պատասխանեմ ես, ինձ անպայման կբռնեն: Ուստի հարցը վերահասցեագրում եմ իշխանություններին եւ խնդրում, որ հայրենասիրական նոտաների վրա նվագելու փոխարեն հանգամանալից պատասխանեն հարցիս ու ներկայացնեն նման օրենք ընդունելու դրդապատճառները: Հարցը կարող եմ այլ կերպ տալ, ավելի հասկանալի: Արդյոք մենք այնքան երկպառակտված չէի՞նք մինչ պատերազմը, որ անհրաժեշտություն առաջացավ օրենք ընդունել միավորվելու մասին: Հապա փորձեք մտածել, քայլոներ ջան, մտածելը նույնիսկ պատերազմի ժամանակ է օգտակար:

Ես Դարվինի մոտ մի տեղ կարդացել եմ, որ ինքնապաշտպանական բնազդ ունեն նաեւ լրագրողները, եւ այդ տեսանկյունից նրանք ոչնչով չեն տարբերվում մնացած կենդանի օրգանիզմներից: Իսկ օրենքը, որի մասին խոսեցի, նման է առաստաղից կախված կացնի, որ կարող է շատ անսպասելի իջնել եւ պարզապես գլխատել ոչ ճիշտ պահին, ոչ ճիշտ տեղում հայտնված լրագրողին (իմա՝ մարդուն): Լրագրողները, չնայած օրենքով պաշտպանվածությանը, ուժեղ ընդդիմությունից հետո երկրորդ տեղն են գրավում կացնի տակ հայտնվելու ռիսկերի տեսանկյունից: Փոխարենը մենք առաջին տեղում ենք հասարակությանը համախմբելու, նրան հայրենասիրությամբ վարակելու, մեր զինվորների անօրինակ սխրանքներով ոգեւորելու եւ շատ այլ նման հարցերում: Եվ պատկերացրեք, որ իշխանությունները մեր արածի կեսն անգամ չեն կարող անել պատերազմի ժամանակ, եթե խաղաղ ժամանակներում հասցնում են դառնալ հասարակության աչքի գրողը: Ես օրինակը կբերեմ Ալիեւի վրա… Ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու:

Դրա վիճակից բան հասկանո՞ւմ եք: Խաղաղ ժամանակ լափել է երկիրը, աթոռից միշտ կառչել՝ խոստանալով Ղարաբաղը հետ բերել ու պայծառ ապագա ապահովել Ազերբայջանում ապրող բոլոր ժողովուրդների համար: Բոլորին զզվեցրել է ու հիմա քշել է ֆրոնտ՝ Ղարաբաղ եք ուզում՝ գնացեք, հետ բերեք: Ինքը քիթը չի հանում Բաքվի բունկերներից, եւ ազերբայջանական հանրությանը, այսպես ասած, համախմբելու գործի ողջ ծանրությունն ընկած է մեր ազերբայջանցի գործընկերների ուսերին: Նրանք էլ չեն քննադատում իրենց իշխանություններին, բայց, ի տարբերություն մեզ, Ազերբայջանում հատուկ օրենք չեն ընդունել ռազմական իրավիճակում լրագրողների բերանը փակելու մասին: Ինչպես ամենուր, Ազերբայջանում էլ գործում է չգրված օրենքը:  
Խոստովանենք, որ հայ լրագրողներիս ուսերին էլ քիչ ծանրություն չի ընկած այս օրերին: Մենք առաջին գծում ենք, ռմբահարումների տակ, կռվում ու վիրավորվում ենք: Կարիք կա՞ր, արդյոք ռազմական իրավիճակի մասին օրենքում այնպիսի փոփոխություն անելու, որ հատկապես լրագրողներն ու լրատվամիջոցներն ընկնեն գիլիոտինի տակ: Ի վերջո պատերազմի ժամանակ կարող են լռել բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ, բայց ո՛չ լրագրողները: Եվ ի՞նչ, իրավապահների կացինը պետք է իջներ հենց մե՞ր գլխին:

Այս ապուշ օրենքը, որքան հասկանում եմ, չի գործում սփյուռքում, բայց դուք տեսեք, թե ինչ են անում մեր սփյուռքյան լրատվամիջոցներն ու լրագրողները: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ սփյուռքահայության հարյուր հազարանոց ցույցերն ու երթերը համահայկական կառույցների ու նրանց հետ սերտ աշխատող լրագրողների ջանքերով են միայն իրականացվում, որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմին իրենց տված գնահատականներում առաջնորդվում են նաեւ հայ լրագրողների հրապարակումներով։ Եվ ինչ է ստացվում: Ստացվում է, որ սփյուռքի մեր գործընկերները կարող են շարժել կրավորական կեցվածքներ ունեցող օտար կառավարություններին, իսկ Հայաստանում մենք իրավունք չունենք որեւէ տավարի (պաշտոններ հատուկ չեմ նշում) քննադատելու:

Բայց այս պատերազմում մենք արդեն այնպիսի գին ենք վճարել, որ միայն ազգովի կարող ենք ներել կամ չներել մեզ: Թե հաղթանակն է ազգինը լինելու եւ թե, լեզուս պապանձվի, անհաջողությունը: Եթե հանկարծ այս պատերազմից հետո փորձ արվի մեզ կրկին վերադարձնել թավշյա խեղկատակության օրեր, եւ մեզ լքի համախմբվածության զգացումը, վստահեցնում եմ՝ բռնկվելու է նոր պատերազմ, բայց արդեն՝ մեր ներսում, որի ժամանակ հնարավոր չի լինելու գործադրել թշնամու դեմ համախմբող այս արհեստական օրենքը: Կարող եմ նաեւ ասել, թե ովքեր են միտումնավոր հրահրելու այդ պատերազմը: Դրանք այն թափթփուկներն են, որոնք այսօր էլ չեն դադարում մեր հասարակության միտքն ու հոգին պղտորել, պառակտում գցել մեր մեջ: Չզարմանաք, բայց նրանց թիրախում են նաեւ լրագրողներ ու լրատվամիջոցներ, որոնք իրենց գործն են անում, գլխավոր խմբագիրներ, որոնց համար սա արդեն երրորդ պատերազմն է, ու նրանք շատ ավելին գիտեն պատերազմների մասին, քան այն դուրսպրծուկները, որ այսօր իրավապահների ներգրավմամբ արշավներ են կազմակերպում նրանց դեմ:

Չգիտեմ, ճի՞շտ է, արդյոք, պատերազմի այս դաժան օրերին վարչապետին զբաղեցնել այնպիսի հարցով, ինչպիսին պետական կառույցներում տեղավորված ոչնչությունների բերանը փակելն ու հայրենի լրագրողների թիկունքն ապահովելն է, բայց չեմ կարող լռել այն մասին, թե ինչ հարցազրույց է տալիս վարչապետի մոտ խորհրդակցությունից դուրս եկած կուսակցության խորհրդի անդամն այդ նույն խորհրդակցությանը մասնակցած ինքնահռչակ կուսակցապետի կայքին: Չեմ կարող լռել, որովհետեւ դա դավադիր ռումբ է՝ դրված մեր պետականության ու մեր միասնականության հաղթանակի տակ: Ըմբոշխնեք, խնդրեմ, պարոն վարչապետ. «Գրեթե քառորդ դար Հայաստանում բանդիտական ուժերն են իշխել. «Մենք կեղծ հերոսներ ենք կերտել: Հիմա դրանք չեն սսկվում, ուզում են ինչ-որ վատություն անել, նույնիսկ ուզում են, որ մենք պարտվենք, ինչ է թե ցույց տան, որ ՀՀ ղեկավարությունը թույլ է։

Ապրիլյան պատերազմի ժամանակ չկար այնպիսի համախմբում, ինչպես հիմա։ Շատերն ասում էին՝ ինչի՞ համար գնանք կռվենք, իսկ հիմա նայում են Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի ընտանիքներին ու նրանց կեցվածքներին ու հասկանում են, որ նրանք թալանչի չեն, հայրենիքին են ծառայում։ Նախկին ուժերը դրանից չարանում են, չի բացառվում, որ նույնիսկ թույնը թափեն օտարին լրտեսելով։ Պատերազմից հետո այդ ուժերին պետք է մաքրել։ Սասունցի Դավիթը սպանվեց իր հարազատ աղջկա ձեռքով, ուստի մենք էլ մեր ներքին թշնամուն պետք է մաքրենք։ Երբ ցեցը մեր միջից է, մեզ ներսից ուտում է։ Այդ որդը պետք է օր առաջ մաքրել, որ Հայաստանը դառնա իսկական նվիրյալների ու քաջերի երկիր։ Երբ մենք քաջ լինենք, թուրքը մեր առաջ ոչխար է լինելու՝ այսօր, վաղը եւ ընդմիշտ»: Պարոն Փաշինյան, Ձեր ձեռքով տեսեք սրա դատաստանը: Կարծում եմ՝ ԱԱԾ-ն հրաշալի գիտի, թե ով է այս խոսքերի հեղինակը, թե որ կայքում է հրապարակվել այս զազրախոսությունը եւ թե ինչու է հատկապես այդ կայքում հրապարակվել:

ՀԳ. Օրերս միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարեց, որ Հարավային Կովկասում ընթացող «պրոցեսներում» պետք է աջակցել Թուրքիային եւ Ադրբեջանին, որովհետեւ նրանք պայքարում են Ռուսաստանի դեմ: Հետեւությունը մեկն է՝ Հայաստանում մժեղի պես բազմացած սորոսական բոլոր կազմակերպությունները պետք է հայտարարել թշնամի կառույցներ եւ իրենց ղեկավարներով հանդերձ դուրս շպրտել Հայաստանից: Չմոռանամ ասել՝ առանց դատ ու դատաստանի: