Նախկին «թալանչիները»՝ Գարիկ Սարգսյանի ցուցակում

Նախկին «թալանչիները»՝ Գարիկ Սարգսյանի ցուցակում
Գարիկ Սարգսյան

Այսօր դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քարոզչության վերջին օրն է, վաղը լռության օր է, քարոզչությունն արգելվում է Ընտրական օրենսգրքով։ Ուստիեւ, բոլոր մարզերում այսօր մեծ աժիոտաժ է՝ եզրափակիչ հանրահավաքներ, քարոզչական այցեր։ Նույն ժամին՝ 16.00-ին, եզրափակիչ հանրահավաք է նշանակված եւ Վեդիում, եւ Արտաշատ քաղաքում։

ՔՊ կուսակցական ակտիվը բաժանվել է երկու մասի՝ մի մասը ներկա կգտնվի Վեդիի ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանի հավաքին, մյուս մասը՝ մարզպետի ընկեր, ՔՊ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանի։ Մեր աղբյուրները հայտնում են, որ դրամատիկ իրավիճակ է ստեղծվել մարզում, չնայած Գարիկ Սարգսյանն արդեն քանի օր է՝ գործի է դրել նախկին կապերը, որպեսզի պետական հիմնարկի աշխատողները մեկ մարդու նման ներկա լինեն հանրահավաքին, սակայն մարզպետ Թեւոնյանն էլ իր հերթին է «տեռոր» արել, որ ներկա գտնվեն ոչ թե Գարիկ Սարգսյանի, այլ Կառլեն Մկրտչյանի հրավիրած հանրահավաքին։

Ավելին, ասում են, որ Թեւոնյանը միտումնավոր է նույն օրը նշանակել հանրահավաք, որ խանգարի իր ախոյան Գարիկ Սարգսյանին։ Մենք վերջերս մի քանի հրապարակում ենք ունեցել թիմակիցների ներքին գզվռտոցների մասին՝ նշելով, որ նախկին եւ ներկա մարզպետների միջեւ սեւ կատու է անցել այն պահից, երբ «կոկորդիլոսագետը» փոշմանել է եւ կրկին հավակնել հին պաշտոնին, իր քավոր Նիկոլ Փաշինյանի ականջը «գցել» Ռազի թույլ տված չարաշահումների, ապօրինի հրահանգների եւ այլնի մասին։ 

Ռազմիկ Թևոնյանն էլ սկսել է կատաղի պայքար մղել Սարգսյանի դեմ։ Մեր տեղեկություններով՝ նա «տակից» աջակցում է Վեդիում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Գագիկ Հակոբյանին, որը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից է, երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վեդիի զբաղվածության պետական գործակալությունում, պատահական չէ, որ Գարիկ Սարգսյանն ու իր թիմակիցները նախեւառաջ հենց այս թեկնածուի դեմ են հակաքարոզչություն իրականացրել՝ այստեղ-այնտեղ հայտարարելով, թե նախկինների ժամանակ «փողով» նպաստ եւ այլ գործ սարքողին մարզպետն ուզում է համայնքի ղեկավար դարձնել։ Այն պարագայում, երբ նախկիններին իր հովանու տակ առնելու հարցում մեծն «կոկորդիլոսագետը» գերազանցում է շատերին։

Օրինակ՝ Վեդիի ՔՊ ցուցակի երկրորդ համարը՝ Արամայիս Գրիգորյանը, վերջինիս հայրը՝ Խաժակ Գրիգորյանը, նախկինների ժամանակ մոտ 20 տարի քաղաքի ԲԿ-ի ղեկավար է աշխատել։ Ցուցակի իններորդ համարը՝ Մարո Առաքելյանը, ժամանակին ՀՀԿ կանանց տարածքային խորհրդի նախագահն է եղել, 19-րդ համարը՝ Արթուր Աղաջանյանը՝ անձնագրայինի նախկին պետի որդին, 26-ը՝ Անդրանիկ Նազարյանը՝ կադաստրի նախկին պետի որդին, 31-ը՝ Արամ Շիրինյանը, սոցապբաժնի նախկին պետի որդին է, ներկայում էլ ինքն է զբաղեցնում այդ պաշտոնը։  

Ինչպես տեսնում եք՝ հրապարակայնորեն Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատում են «նախկին թալանչիներին», բայց «տակից» ընկերություն անում նրանց հետ, նրանց դարձնում իրենց հենասյուն։ Բացի այդ, Գարիկ Սարգսյանի նախընտրական հավաքներին, քարոզչական այցերին պարտադիր ներկա է Վեդու տարածքի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, փոխգնդապետ Կարապետ Հարությունյանը, ինչպես նաեւ Դաշտաքարի համայնքապետի շարքային «գայիշնիկ» որդին։ Ի դեպ, Հարությունյանը  հայտարարում է, թե արձակուրդում է, սակայն համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ նա եւ աշխատանքի է հաճախում, եւ մասնակցում է նախընտրական հավաքներին, ինչի իրավունքն օրենքով չունի։ 

Լուսանկարում Կարապետ Հարությունյանն է

Լուսանկարում Դաշտաքարի համայնքապետի շարքային «գայիշնիկ» որդին է

Նշենք, որ Վեդիում առաջադրվել է նաեւ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությունը՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ։