Այս տարիքում իմ ի՞նչն ես խթանելու, տիկին նախարար

Այս տարիքում իմ ի՞նչն ես խթանելու, տիկին նախարար

Հենց նեղն են ընկնում՝ Էդիկ, հասիր: Ախր, մի Էդիկ ձեր ո՞ր մի բանին հասնի: Հազար անգամ եմ ասել՝ ես մասնագիտությամբ բժիշկ չեմ, եղբայր, ինձ հետ գործ չունեք: Թե բա կորոնավիրուս ա, դժվար վիճակ ա, բա ի՞նչ անենք: Էդիկ Անդրեասյանը ձեզ էն գլխից է ասել, որ կորոնավիրուսը Հայաստան չի կարող մտնել, որովհետեւ Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ տարվա բոլոր եղանակներին գիշերվա եւ ցերեկվա ջերմաստիճանի միջեւ մեծ տարբերություն կա, ինչը ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ նրա տարատեսակների հերը կանիծի: Գրեթե նույն բանն ասաց նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց շեշտը դրեց արաղի եւ պինցետի վրա: Հիշում եք, չէ՞, դեռ Արսեն Թորոսյանն էլ կողքից դամ բռնեց, թե կորոնավիրուսը դա գրիպի տեսակ ա, ավելի թեթեւ, որից պետք չէ վախենալ:

Այդ օրերից բավականին ժամանակ է անցել, ահագին մարդ է մեռել… Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն էլ կորոնավիրուսի մասին իրենց կարծիքը փոխել են եւ դարձել թունդ Covid-19-ական: Ես ըմբռնումով եմ մոտենում այս զույգի տրանսֆորմացիային: Նրանք քանդել էին առողջապահական համակարգը, մունդռել ԲԿ-ները, հալածել նորմալ բժիշկներին, որը եւ պատճառ էր դարձել մահացությունների թվի ավելացման: Մի բանով պե՞տք է բացատրվեր այդ խայտառակությունը, թե՞ ոչ: Եվ Նիկոլի գլխում հանկարծ մի միտք ծագեց՝ իսկ ինչո՞ւ չօգտագործել կորոնավիրուսը՝ որպես պատճառաբանություն: Ինքն էլ առաջինը «լայվ» մտավ այս թեմայով եւ հայտարարեց, որ «կորոնավիրուսը դա հնարավորություն է»: Արսեն Թորոսյանն օդում բռնեց Փաշինյանի այս միտքը՝ իսկ ինչո՞ւ ոչ, ի՞նչ պակաս փող աշխատելու հնարավորություն է կորոնավիրուսը: Եվ, ինչպես կասեր պերեստրոյկայի հայր Միխայիլ Գորբաչովը՝ «процесс пошел»:

Այդ օրվանից սրանք Էդիկ Անդրեասյանին մոռացան ու սկսեցին փող սարքել կորոնավիրուսից: Թե Նիկոլին ինչքան էին տալիս, ես չգիտեմ, բայց նկատում էի, որ նա ջանք ու եռանդ չի խնայում կորոնավիրուսի դեմ պայքարում: Իր «լայվերով» սովորեցնում էր ձեռքը դեմքին չմոտեցնել, օճառով լվացվել առնվազն 20 վայրկյան՝ յուրաքանչյուր մատն առանձին, դիմակը դեմքից հանել ականջի ռեզինից բռնած, փողոցներում դիմակ էր բաժանում, ամեն երեկո էլ Արսեն Թորոսյանի հետ ասուլիս էր տալիս ու պատմում կորոնավիրուսի կործանարար ազդեցության մասին: Սեւ գործը, կարելի է ասել, Նիկոլն էր անում, իսկ Արսեն Թորոսյանը, ինչպեսեւ վայել է «գիտնական-բժշկին», հիմնականում մասնակցում էր արտասահմանյան սիմպոզիումների ու մեկ էլ մեր «կորոնահար» հանրությանը վախեցնում վիրուսի գունագեղ եւ պոզավոր նկարներով:

Մի օր այս զույգին ասացի՝ էս ի՞նչ ապուշություններով եք զբաղված, արա, ի՞նչ կորոնավիրուս, ի՞նչ բան, վերջ տվեք, Հայաստանում չի կարող կորոնավիրուս լինել: Նիկոլը, թե՝ դու չգիտես, Էջմիածնից մի կին է Իտալիայից այն բերել, ու հարսանիքի ժամանակ տարածվել ա… թերթ կարդա, թերթ: Մի խոսքով՝ քիչ մնաց ինձ էլ էն ապուշ ամերիկացիների եւ եվրոպացիների պես համոզեին, որ Հայաստանում կորոնավիրուս կա: Հետո արդեն իմացա, որ դրսից գրեթե ողջ աշխարհը Հայաստանին օգնում է կորոնավիրուսը հաղթահարելու գործում. որը փող է տալիս, որը՝ սարքավորում, որը՝ հավաքովի հիվանդանոց, որը՝ թեստ ու դեղորայք: Նրանք տալիս են, Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ ուտում, նրանք տալիս են՝ սրանք «հիվանդների» վրա դուրս գրում ու էլի ուտում, կորոնավիրուսի անմեղ զոհերի վրա էլ էնտեղ են փող աշխատում՝ ամեն դագաղը բյուջեի վրա շուկայական արժեքից կրկնակի թանկ ծախելով: Ու չմոռանանք նաեւ պարետատունն ու պարետին՝ Տիգրան Ավինյանին, որ հաստատ «օրթախ» էր այս գործում: Այսպիսով՝ դարձան երեք՝ Նիկոլը, Տիկոն, Արսենը… Լափել են՝ էլ դու սուս:

Ինձ մեկ-մեկ ասում են՝ այ Էդիկ ջան, չի կարելի նման մեղադրանքներ հնչեցնել, ապացույցներ չունես, դատի կտան… Թող տան: Թող փորձեն դատի տալ: Ես նրանց կերած ք..երը ջրի երես կհանեմ դատարանում: Ո՞ւր է, թող իրենց հաշվետվությունները մեջտեղ բերեն, ինչո՞ւ հանկարծ փակվեց «սմբակներ եւ կոտոշներ» մթերող պարետատունը, ո՞ւր են Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը, ինչո՞ւ սուսուփուս պաշտոնանկ արվեցին, ինչո՞ւ Նիկոլն այլեւս չի հիշում պարետատանն անցկացրած իր օրերը: Ես այս հարցերին մեկ պատասխան ունեմ՝ որպեսզի ծածկադմփոց անեն տարածն ու լափածը:

Հիմա էլ՝ պատվաստում: Ինչի՞ դեմ, այ քամուց քշվածներ: Մարդիկ պատվաստվում են, որ կրկի՞ն վարակվեն կորոնավիրուսով: Քոչարյան Անդոն դարձել է պատվաստման գծով առաջին դուդուկ, ասում է՝ ես 4 անգամ պատվաստվել եմ, բայց ջերմության տատանումներ չեմ ունեցել: Ուզում ես ասել՝ ախպեր, էդ պատվաստումները նորմալ մարդկանց համար են ստեղծել, ոչ թե… բերանս ինչ էր եկել: Թորոսյանի ավերակների վրա թագավորող Ավանեսյան Անոն էլ իր հերթին է փորձում ապացուցել, որ «պատվաստումը հնարավորություն է»: Իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ կարելի է կորոնավիրուսի վրա փող աշխատել, իսկ պատվաստման վրա` ոչ: Ով չպատվաստվի՝ կտուգանեն:

Ով պատվաստվի ու դիմակ չդնի՝ կտուգանեն: Ով չպատվաստվի ու գնա ռեստորան, ներս չեն թողնի, ով չպատվաստվի ու երեւա գործատեղում, կտուգանեն: Պատվաստվելը ձրի է, բայց ահա թեստը՝ փողով, մոտ 10 հազար: Շաբաթը` մեկ: Ու ի՞նչ եք կարծում, Ավանեսյան Անոն վաղը հաշվետվությո՞ւն է ներկայացնելու այս մասին: Մեկ էլ որ չեն ասո՞ւմ՝ պատվաստանյութի այս-այս տեսակների այսքան ու այսքան չափաբաժին է ներկրվել Հայաստան: Սուտ: Պատվաստանյութի անվան տակ եսիմինչ էժան զիբիլ են բերում, հետո էլ հայտարարում են, թե այդ զիբիլը պրծավ, ու էլի են բերում: Ես այնպես եմ հասկանում, որ կորոնավիրուսի նման այլանդակ հիվանդության դեմ պայքարի դեղը չի կարող էժան լինել: Իսկ Հայաստանում, պարզվում է, ձրի են պատվաստում: Հարց՝ փողն ո՞վ է տալիս: Իհարկե՝ պետությունը: Հաջորդ հարցը՝ պետությունն ո՞ւմ է տալիս այդ փողը: Իհարկե՝ Նիկոլին եւ նրա հանցակիցներին, ասել է թե՝ կառավարությանը: Հետեւաբար, ումի՞ց պետք է հաշվետվություն պահանջել: Իհարկե՝ Նիկոլից ու նրա կառավարությունից, բայց առը հա, թե նրանք ձեզ հաշվետվություն կտան:

Այսօր մեր կառավարությունը կանգնած է լուրջ դժվարության առջեւ: Անահիտ Ավանեսյանը չի կարողանում հանրությանը համոզել, որ վակցինայի երկու բաժին ստանալը դեռ փրկություն չէ, ու պետք է ստանալ երրորդ՝ «խթանիչ չափաբաժինը»: Հայ հանրությունը, բնականաբար, աչքերը չռած եւ ականջները խլշած լսում է տիկին նախարարին ու ներքուստ դիմադրում: Հանրությունը չի հասկանում, թե ինչու է Քոչարյան Անդոն չորրորդ անգամ պատվաստվել, չգիտի, թե որերորդ պատվաստման վրա է կանգ առնելու այս տրագիկոմեդիան… Խթանի՞չ, էս տարիքում իմ ի՞նչը պիտի խթանեք, տիկին նախարար… Ուրիշները մարդ են մեջ գցում, որ ինձնից մի խորհուրդ հարցնեն, իմանան՝ որտեղ ինչ բառ օգտագործեն, իսկ Ձեր հեչ պետքը չէ: Խթանիչ… Չէ մի չէ` շինիչ… Ես ձեր այդ 3-րդ դոզայի նախաձեռնությունը, ինչպես նաեւ այս ողջ էշի հարսանիքը կանվանեի «Օպերացիա Ы», այսինքն՝ կառավարական կոռուպցիա՝ այբոլիտների մասնակցությամբ:

ՀԳ. Որ Հայաստանում օրական 5 հազար մարդ էլ մեռնի, միեւնույն է, դա կորոնավիրուսից չէ, ձեզնից է:

ՀԳ 1. Ես տալիս եմ իմ համաձայնությունը, որ Քոչարյան Անդոն պատվաստվի նաեւ իմ փոխարեն: