Պատասխան մի տնօրենի

Պատասխան մի տնօրենի

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն անդրադարձել է իմ մի հոդվածին («Ան-մխիթար լռություն», «Հրապարակ»)` վիրավորված իր «մասով» հնչած քննադատությունից: Ասեմ, որ նորընտիր տնօրենի խոսք-արձագանքը ոճի և բառապաշարի առումով ամենևին ընտիր չէ, հետևաբար դրանց չեմ անդրադառնա: Բայց մի քանի բան, այնուամենայնիվ, ասեմ:

Պարո՛ն Դևրիկյան, ասում եք` Հայաստանի գրողների միության նախագահության նիստում կրթական չափորոշիչների նախագծի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը Դուք արտահայտել եք: Փառք ու պատիվ Ձեզ: Բայց գրողների միությունը հասարակական կազմակերպություն է, պետական կառույց չէ: Այլ է խնդիրը պետական (ակադեմիական) կառույցի դիրքորոշումն արտահայտելու պարագայում, որպիսին գրականության ինստիտուտն է: Իմ հոդվածում հենց դրա՛ մասին եմ խոսել: Բայց Ձեր զայրագին գրության մեջ, վկայակոչելով մի քանի ներկա ու ու նույնիսկ ապագա ելույթներ, Դուք «մոռացել» եք ի վերջո ասել` գրականության ինստիտուտն իր գիտական խորհրդով պաշտոնապես արտահայտելո՞ւ է իր դիրքորոշումը, թե՞ ոչ: Ես Ձեր ոչ մի մասնավոր ելույթ կամ հրապարակում չեմ համարում որպես գրականության ինստիտուտի պաշտոնական տեսակետ. Դուք գրականության ինստիտուտը չեք: Այդպես նաև լեզվի ինստիտուտը չէ պրն Վիկտոր Կատվալյանը:

Իսկ լրջմիտ մարդիկ իմ հոդվածի ասելիքն ու հորդորն ընկալել են հստակորեն: Հուսով եմ` Ձեզ ծանոթ է գրականության ինստիտուտի մասնագիտական մի խորհրդի անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի անունը: Ասեմ, որ նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իմ հոդվածը` ի լուր նաև Ձեզ գրելով. «Բոլոր գիտական կազմակերպություններն էլ պարտավոր են արձագանքել ազգային և պետական կարևորություն ունեցող այս խնդրին» (տե՛ս նրա ֆեյսբուքյան էջը):

Այսքան բան: Իսկ իմ «մորմոքումների» մասին, որ հարուցել են Ձեր «բորբոքումները», ես էլի կշարունակեմ խոսել: Որովհետև դրանք բոլորիս «մորմոքումներն» են, այդ թվում` Ձեր:

ՀԳ.: Կարծում եմ՝ Ձեզ վրդովել է իմ հոդվածի այն հատվածը, որտեղ խոսում եմ «բերանը ջուր առել` լռելու» մասին: Դուք բանասեր եք, հետևաբար պիտի իմանաք, որ այդ դարձվածքն ընդամենը նշանակում է լռել: Դա է հուշում նաև մեջբերված հատվածում բառը կետադրությամբ (բութով) նախորդող դարձվածքին հոմանիշ ներկայացնելը: Դարձվածքով ես սոսկ հրահրել եմ Ձեր՝ պաշտոնյայի ակտիվությունը՝ համոզված, որ լրագրողիս դա թույլատրված է: Բայց այդ դարձվածքը վրդովել է Ձեզ, ինչը փաստվում է Ձեր հախուռն արձագանքով: Միաժամանակ այդ դարձվածքը նաև «հրահրել» է Ձեզ.  Դուք առաջիկայում, կարծում եմ, այնուամենայնիվ կարտահայտեք Ձեր տնօրինած ինստիտուտի դիրքորոշումը: Հենց դա էլ հոդվածի նպատակն է:  

ՀԳ.1: Ի դեպ, Ձեր գրության մեջ ինձ քանիցս պատված «պարոն» բառը համառոտագրվում է պրն ձևով` առանց միջակետի. բառն ավարտվում է ն-ով, ուրեմն հարկ չկա մի միջակետ էլ պոչից կպցնել: