Ան-մխիթար լռություն

Ան-մխիթար լռություն

«Չափորոշչահեն» քննարկումների այս թոհուբոհում, երբ իրենց խոսքն են շարունակում ասել կրթական ոլորտի զարգացմամբ շահագրգիռ անհատները, մասնագետները և, որ արդեն խիստ հուսադրող է, առանձին գիտակրթական կառույցներ, ոմանց լռությունը տարօրինակ է:

Հուսադրող է, օրինակ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի փաստարկված և հիմնավոր ժխտողական կարծիքը հանրակրթական դպրոցում գրականության և հայոց լեզվի ծրագրերի, դրանք նախագծող փորձագիտական խմբի ոչ մասնագիտական կարողունակության վերաբերյալ:

Հուսադրող է Հայաստանի գրողների միության արձագանքը խնդրի առնչությամբ:

Խիստ հետաքրքիր զարգացումներ են սպասվում ակադեմիական ինստիտուտներից պատմության ինստիտուտի տնօրենի հայտարարությունից (առայժմ` հայտարարությունից) հետո: (Նկատի ունեմ պատմության կրթական ծրագրերը մշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի նախկին մասնագիտական գործունեության վերաբերյալ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի մտահոգությունները ազգային անվտանգության առումով, երբ պարզվել է, որ սույն տիկինը մի քանի տարի առաջ թուրք գործընկերների հետ հեղինակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս: Եվ այսօր նույն տիկինը պատմության ծրագիր ու դասագիրք է կազմում հայոց դպրոցի համար՝ ամենայն հավանականությամբ արդեն ձեռք բերված «փորձի» հիման վրա):

Փաստորեն չեն արդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հույսերը, թե՝ կրթական ծրագրերի շուրջ ընդամենն «աղմուկ» է, ասել է` ոչ մի լուրջ բան: Բայց բանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն լրջանում է, այլև ազգային անվտանգության երանգներ է ստանում:

Եվ այս պարագայում, երբ հասունացել է հանրային խոր դժգոհությունը ինստիտուցիոնալ-կառուցակարգային ձևաչափերի մեջ վերցնելու պահը, որոշ պետական կառույցներ շարունակում են անբացատրելի լռություն պահպանել:

Զարմանալի է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի լռությունը, նրա դիրքորոշման անհայտությունը կամ բացակայությունը: Օրերս ինստիտուտի տնօրեն վերընտրված Վարդան Դևրիկյանը թե ի՛նչ է մտածում խնդրի շուրջ` անկռահելի է. մարդը բերանը ջուր առել` լռում է:

Զարմանալի է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի լռությունը: Այս կառույցին և նրա ղեկավար Վիկտոր Կատվալյանին նո՞ւյնպես թվում է, թե Թամար Ալեքսանյան անունով կիսագրագետի «մշակած» չափորոշիչներն ու լեզվի ծրագրերը վտանգավոր չեն հայոց դպրոցի, հայ երեխայի լեզվական կրթության ու դաստիարակության համար:

Շատ է զարմացնում ևս մի կառույցի լռություն, որը, թվում է, առաջիններից մեկը պիտի արձագանքեր խնդրին, ավելին` լիներ իրավիճակը շտկող կամ նույնիսկ փոխող: Խոսքը Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, նրա նախագահ Մխիթար Հայրապետյանի մասին է: Ի դեպ, ակնկալիքը, թե այս հանձնաժողովը արագ կարձագանքեր խնդրին, ամենևին հիմնավորված չէր նրանով, որ, ինչպես մամուլում է շրջանառվում, Մ. Հայրապետյանը վատ հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարարի հետ: Ոչ, մեր ակնկալիքներն այս «հիմքով» չէին, որովհետև մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետական կարևորության խնդիրները նույնիսկ այս իշխանությունների օրոք չեն դիտարկվում և լուծվում անձնական հարաբերությունների տիրույթում:

Բայց հանձնաժողովը լուռ է: Եթե նույնիսկ նրա անդամներից ոմանք խոսել են խնդրի շուրջ, ապա դա եղել է մասնավոր կարծիք ու դիրքորոշում, մինչդեռ հարկավոր է հենց հանձնաժողովի տեսակետը և դիրքորոշումը, ինչպես նաև՝ նվազ կարևոր բազմաթիվ այլ խնդիրներում նրա գերակտիվ նախագահի դիրքորոշումը: Հակառակ դեպքում` ո՛ւմ են պետք ամպագոռգոռ անվամբ այդ հանձնաժողովը և իր նախագահը, եթե պիտի լռեն կարևորագույն այս խնդրի առնչությամբ: