«Հրապարակի» խմբագրությանը

«Հրապարակի» խմբագրությանը

 Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ձեր կայքում հրապարակվել է Ձեր եռանդագին հրապարակագիրներից Լևոն Սարգսյանի «Ան-մխիթար լռություն» հոդվածը, ուր հեղինակը բարձր գնահատելով Պատմության ինստիտուտի դիրքորոշումը հանրակրթական դպրոցներում հայ ժողովրդի պատմության, հայ գրականության և հայոց լեզվի դասավանդման չափորոշիչների նախագծի մասին, այնուհետև իր զարմանքն է հայտնում, որ չնայած Հայաստանի Գրողների միությունը բացասական դիրքորոշում է հայտնել հայ գրականություն առարկայի չափորոշիչների հետ կապված, սակայն ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության և Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտները իրենց դիրքորոշումը չեն արտահայտել այս հարցի վերաբերյալ:

 

 Պրն. Սարգսյանը որպեսզի չման «անմխիթար լռության» մեջ, ասենք, որ մինչև այս պահը իմ հրապարակային դիրքորոշումն արտահայտվել է «168 ժամ» և  «Իրավունք» թերթերում, ինչպես նաև«Panorama. am» կայքում:

 Պրն .Սարգսյանը «Գրական թերթում» եթե ուշադիր կամ ամբողջապես կարդացած լիներ Գրողների միության նախագահության հիշյալ նիստի մասին, ապա այնտեղից ևս առիթ կունենար ծանոթանալու իմ դիրքորոշմանը:   Նաև ասեմ, որ հուլիսի 31-ին ինձ հետ ծավալուն հարցազրույցներ են ունեցել «Երկիր» լրատվական գործակալությունը և «Չորրորդ իշխանությունը»: Այդ հարցազրույցները կհրապարակվեն վաղը՝ օգոստոսի 3-ին:

Գուցե պրն. Սարգսյանը կմխիթարվի այն հանգամանքով, որ այդ երկու հարցազրույցները լույս կտեսնեն իր «քննադատությունից» հետո: Նա եթե նման ձևով կմտածի, ոչինչ թող մխիթարվի: Մեր գլխավոր մտահոգությունը այն է, որ նա անմխիթար և ան-մխիթար չմնա: Վերջինս հուսանք կփարատի իր տենչած Մխիթարը՝ համապատասխան բարձր ամբիոնից արված որևէ հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանին, ապա նա ևս բազմիցս և բավականին ընդգրկուն արձագանքել է Հայոց լեզվի դասագրքերի հետ կապված հարցերին:

 Վերջում ասենք, որ և՛ պարոն Կատվալյանի և և՛ իմ նպատակն է մեր գրականությանը և լեզվին արժանի դասագրքեր ունենալը և ոչ թե ինքնադրսևորման ձգտումը:

 Հ. Գ. 1. Չպետք է անցնել դատարկ աղմուկի և քննադատության միջև եղած նրբին սահմանը:

Հ. Գ. 2.  Ուղղված «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանին.

Տեսականորեն հնարավոր եմ համարում, որ Դուք միգուցե հավատարիմ Ձեր խմբագրականներում ազդարարած սկզբունքներին՝ կտպագրեք սույն համեստ պատասխանը:

  Հ. Գ. 3. Դարձյալ ուղղված տիկին Օհանյանին

Ձեր բազմահազար ընթերցողների մի զգալի մասը, ենթադրում եմ, որ այլ լրատվամիջոցների հրապարակումները, այդ թվում նաև Վ. Կատվալյանի և իմ, կարդում են, որի արտահայտությունն են մեր ստացած թեև ոչ հազարավոր ու հարյուրավոր, սակայն տասնյակ արձագանքները այս հարցի վերաբերյալ: Ուստի  որոշակի մտահոգություններ ունեմ, որ պրն. Սարգսյանի անմխիթար մորմոքումները անպատասխան թողնելը կարող է որոշակի կասկածներ առաջացնել «Հրապարակի» հրապարակումների որոշ հեղինակների բարոյականության իրական աստիճանի վերաբերյալ:

 

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության

ինստիտուտի տնօրեն