24 հաստատություն են ներառել տեխնոլոգիական կլաստերում

24 հաստատություն են ներառել տեխնոլոգիական կլաստերում

ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ամփոփվել է ձեւավորված աշխատանքային խմբերի առաջին շրջափուլը: Ինչպես գրել էինք, այս ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով ձեւավորված աշխատանքային խմբերը գումարել են առաջին նիստերը եւ հարցը քննարկել նեղ մասնագիտական խմբերում։ Օրերս Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում տեղի է ունեցել նաեւ տեխնոլոգիական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Հանդիպմանը մասնակցել են մի շարք բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ի դեպ, սա ամենամեծ կլաստերը ենթադրող աշխատանքային խումբն է, որի մեջ մտնում է 24 հաստատություն․ ԳԱԱ համակարգում գործող 15 ինստիտուտ, 3 համալսարան, մի քանի գիտական կենտրոն, ինչպես նաեւ՝ հիմնադրամ, լաբորատորիա, գիտական նախաձեռնություն։

Այսպես, օրինակ, դրանց թվում են Հայաստանի ազգային ագրարային եւ պոլիտեխնիկական համալսարանները, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտները, ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Գիտուժ նախաձեռնությունը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) եւ այլն։

Հանդիպմանը մասնակցած բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներն առանձնացրել են ակադեմիական քաղաքում ձեւավորվելիք տեխնոլոգիական կլաստերի վերաբերյալ իրենց մոտեցումները, գաղափարները, առաջարկները: Մասնակիցների մեծամասնությունը կարեւորել է ինտեգրման արդյունքում բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների ֆինանսական անկախության հարցը, կառավարման մոդելի ձեւաչափը։