ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը կսառեցնի անդամակցությունն այդ կառույցին. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի միջոցով ծաղրում են Ռուսաստանին

ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը կսառեցնի անդամակցությունն այդ կառույցին. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի միջոցով ծաղրում են Ռուսաստանին

Նիկոլ Փաշինյանը հրապարակ գցեց Ալեն Սիմոնյանին ու Գագիկ Մելքոնյանին, որ սրանք էլ իր հետ միաբերան հայտարարեն, որ Ադրբեջանի տարածքային պահանջներն օրինական են, որ Հայաստանը պետք է շտապ դրանք հանձնի օրինական տիրոջը, թե չէ օրինական տերն այն կվերցնի պատերազմով: Փաշինյանն ուզում է ցույց տալ, թե միայն ինքը չէ, որ կապիտուլյանտ է, հողատու է, տեսեք, թե իշխանության մեջ իր նման մտածող ինչքան մարդ կա, իրենից ավելի ադրբեջանահաճո, ստրկամիտ: Հայաստանն այնքան հեշտ է համաձայնում կատարել Ադրբեջանի պահանջները, որ այնտեղ եւս զարմացած եւ շփոթված են, մտածում են՝ երեւի ինչ-որ բան այնպես չէ, գուցե հայերը մեզ ինչ-որ տեղ ուզում են գցել, բայց թե որտեղ՝ դեռ չենք հասկանում: Երեւի դրա համար է, որ Ադրբեջանը դեռ չի հարձակվում Հայաստանի վրա, չի գրավում այն տարածքները, որոնք համարում է իրենը, եւ պահանջում է հանձնել իրեն: Զարմանալ կարելի է Ադրբեջանի դանդաղկոտության վրա. Հայաստանի իշխանություններն ասում են՝ հողը ձերն է, մենք ոչ մի հավակնություն չունենք, մենք բանակին դիմադրելու հրաման չենք տա, նույնիսկ նահանջի հրաման կտանք, տեսեք՝ նոր դիրքերն էլ համարյա պատրաստ են, հանգիստ առաջ եկեք եւ վերցրեք: Նիկոլ Փաշինյանի՝ «մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու», Ալեն Սիմոնյանի՝ «չեմ բացառում, որ Ադրբեջանը հարձակվի» հայտարարությունները, ըստ էության, Ադրբեջանի հարձակումը լեգիտիմացնելու փորձեր են:

Աշխարհի բազմաթիվ երկրներ իրար հետ տարածքային վեճեր ունեն, կարելի է ասել՝ աշխարհում քիչ կան հարեւան եւ նույնիսկ ոչ հարեւան երկրներ, որոնք իրար հետ տարածքային վեճ ու պահանջ չունենան: Նույնիսկ իրարից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մեծ Բրիտանիան եւ Արգենտինան են վիճում Մալվինյան կղզիների պատկանելության շուրջ, թեեւ այդ կղզիները գրեթե անմարդաբնակ` դժգույն եւ դժբախտ կղզիներ են: Հայաստանը եզակի երկիր է, որովհետեւ, եթե մյուս բոլոր երկրների դեպքում այդ երկրների իշխանությունները պաշտպանում են իրենց երկրների հանրային տեսակետը, Հայաստանի իշխանությունը կանգնած է Ադրբեջանի տեսակետի պաշտպանության սկզբունքային դիրքերում: Եթե մյուս բոլոր երկրների իշխանությունները փորձում են տարածքային վեճերը լուծել հօգուտ իրենց երկրի, միայն Հայաստանի իշխանությունն է, որ անվերջ հայտարարում է, որ տարածքային վեճը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի: Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գագիկ Մելքոնյանը եւ մյուս ՔՊ-ականներն ասում են, որ Ադրբեջանի պահանջներն օրինական են, այն տարածքները, որոնք Ադրբեջանը պահանջում է հանձնել իրեն, իրենն են, մենք դրանք տիրապետում ենք ապօրինաբար, պետք է վերացնել այդ ապօրինությունը, վերականգնել արդարությունը, տարածքները վերադարձնել Ադրբեջանին:

Հայաստանի իշխանություններն իրենք են հայտարարում, որ Ադրբեջանը մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել Հայաստանից, հենց իրենց պաշտոնավարման օրոք, իրենց ապաշնորհ եւ գուցե դավաճանական քաղաքականության արդյունքում: Լսե՞լ եք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարի՝ մեր տիրապետության տակ Հայաստանին պատկանող տարածքներ կան, որոնք պետք է հանձնենք Հայաստանին, կամ պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կլինի այն մարդու հետ, ով Ադրբեջանում կհամարձակվի նման բան ասել:

Փաշինյանական քարոզիչները պնդում էին, որ ուր որ է՝ Հայաստանը կդիվերսիֆիկացնի իր անվտանգությունը, շուտով` ապրիլի 5-ին, Փաշինյանը շատ կարեւոր հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որոնք իբրեւ թե Հայաստանին անվտանգության երաշխիքներ են տալու, որոնք գալու են փոխարինելու Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ոչ այնքան հուսալի երաշխիքներին: Բայց եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Հայաստանին անվտանգության երաշխիքներ են տալու, ապա ինչո՞ւ է Հայաստանը վախենում Ադրբեջանի հնարավոր հարձակումից ու ստիպված՝ տարածքային միակողմանի զիջումների գնում: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ Հայաստանը սպասեր այդ հանդիպմանը եւ ստանալով հուսալի երաշխիքներ՝ հայտարարեր, որ Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման կգնա միայն այն դեպքում, երբ կճշտվի, թե որ թվականի քարտեզներով է որոշվելու սահմանը:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը երեկվա իր հայտարարությամբ բացահայտեց, որ Փաշինյանի բրյուսելյան այցը ոչ մի կապ էլ չունի անվտանգության հետ: Միլերն ասել է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին՝ դիվերսիֆիկացնել առեւտրային գործընկերությունը եւ բարելավել հումանիտար կարիքները: Միլերը պարզ հասկացրել է, որ ո՛չ ԱՄՆ-ն եւ ո՛չ էլ ԵՄ-ն չեն պատրաստվում Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել, եւ Ադրբեջանն այդ հարցով կարող է հանգիստ լինել:

ԱՄՆ-ի եւ ԵՄ քայլերն ուղղված են բացառապես Հայաստանին Ռուսաստանից կտրելուն: Հայաստանը սառեցրել էր անդամությունը ՀԱՊԿ-ին, բայց շարունակում էր ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում: Հայաստանի իշխանություններն արդարանում էին, որ եթե ԵԱՏՄ-ի հետ էլ խզեն կապերը, ապա Հայաստանի տնտեսությունը կմատնվի կոլապսի, տնտեսությունը կտրաքի: Հիմա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Փաշինյանին կանչել են Բրյուսել, որ բացատրեն, որ իրենք կօգնեն Հայաստանին՝ խզելու Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, մի քիչ փող կտան, կխոստանան, որ Հայաստանի համար ավելի արտոնյալ ռեժիմ կսահմանվի ապրանքները ԵՄ արտահանելու համար, գումարներ կներդրվեն, որ Հայաստանի արտադրողներն իրենց ապրանքները համապատասխանեցնեն ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում առկա ստանդարտներին:

Այնպես որ, Հայաստանի տնտեսվարողները եւ ամբողջ բնակչությունը թող պատրաստվեն, որ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարելու է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները եւս սառեցնելու մասին: Իդեալական խայտառակություն կլինի հատկապես Ռուսաստանի համար` ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը սառեցնում է անդամակցությունն այդ կառույցին, տրագիկոմիկական ներկայացում՝ ամերիկյան բեմականացմամբ:

Ավետիս Բաբաջանյան