Մենք չենք ուզում, որ նույնը կրկնվի Հայաստանի պարագայում

Մենք չենք ուզում, որ նույնը կրկնվի Հայաստանի պարագայում

Մեր զրուցակիցն ԱՄՆ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի ներկայացուցիչ Էլիսա ֆոն Յուդեն-Ֆորգն է։

- Ձեր խոսքում նշեցիք, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն անամոթաբար լռեցին Արցախում 2023-ին իրականացված ցեղասպանության մասին։ Ադրբեջանը շարունակում է հայատյաց հայտարարությունները եւ ագրեսիվ քարոզչությունը՝ ընդդեմ ՀՀ բնակչության։ Եթե ցեղասպանության վտանգը նորից կախվի ՀՀ բնակչության գլխին, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շարունակելո՞ւ են լռել։

- Դա է մեր վախը, որ նրանք կշարունակեն լռել, եթե այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, տեղի ունենա Սյունիքում, Տավուշում կամ Հայաստանի այլ մարզում։ Ես համամիտ եմ՝ ցեղասպանությունը շարունակվում է, եւ մենք՝ Լեմկինի ինստիտուտը, համոզված ենք, որ Ադրբեջանը ցեղասպանական պետություն է։ Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը պետք է այդ մասին բարձրաձայն խոսի, խոսի Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգների մասին, որովհետեւ Ադրբեջանը կարող է խաթարել խաղաղության գործընթացը․․․ Մեր վախն այն է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կշարունակեն լռել, ինչպես արեցին 2023 թ․ սեպտեմբերին կամ դրանից առաջ՝ 10-ամսյա բլոկադայի ժամանակ։ Լեմկինի ինստիտուտը փորձելու է ճնշում բանեցնել նրանց վրա՝ փոխելու նրանց հռետորաբանությունը, որպեսզի սկսեն բարձրաձայնել հայերի դեմ Ադրբեջանի կողմից արվող ցեղասպանական հայտարարությունները եւ հայաֆոբիան, որն ուսուցանվում է Ադրբեջանի դպրոցներում եւ վերածվել է ադրբեջանական հասարակությանը միավորող գործոնի։ Պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի այն դառնա բանակցելու ունակ կողմ, որը ենթարկվում է միջազգային իրավունքին եւ հարգում է հայկական կողմի սուվերենությունը, նույնկերպ Արցախ անկլավի պարագայում պահանջեն հայերի ինքնորոշման իրավունքի հարգում։ Մենք այդ ցեղասպանությունը չենք համարում ավարտված, այն շարունակվում է, բայց հայերն ունեն հետ վերադառնալու իրավունք, եւ որոշ բան կարող ենք փորձել շտկել։ Մենք փորձում ենք ճնշում գործադրել ԱՄՆ-ի եւ արեւմտյան աշխարհի վրա, որպեսզի նրանք երաշխավորեն հայերի սուվերենության իրավունքը՝ այս վտանգների ֆոնին։

- Ինչպե՞ս կարող են ճնշել Ադրբեջանին։

- Մեր հույսն այն է, որ կօգտագործեն այն հսկայական առեւտրային համագործակցությունը, որն ունեն Ադրբեջանի հետ։ Մինչ այս պահը նրանք այդ ճանապարհով գնալը համարել են թուլություն եւ թույլ են տվել նրան անել այն, ինչ ինքն է ցանկանում։ Այդպես ոչ միայն հայերին են դավաճանում, այլեւ դավաճանում են, վտանգի տակ են դնում ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը` թույլ տալով այդ պետությանն անել այն, ինչ ինքն է ուզում՝ անպատիժ կերպով։ Նրանք կարող են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, կարող են սպառնալ Ադրբեջանին՝ քաղաքական եւ ռազմական լիդերների ակտիվները սառեցնել, կարող են մեծ ճնշում գործադրել ամբողջովին օրինական ձեւով, օրինակ՝ միջազգային օրենսդրության կամ միջազգային դատարանների, այլ օրինական գործընթացների միջոցով։ Եվրամիությունը դիվանագիտորեն կարծես փորձում է մեկուսացնել Ադրբեջանին․․․ Մենք կարիք ունենք իսկապես խոր, իսկապես լավ դիվանագիտության։ Ես կարծում եմ, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն պետք է երաշխիքներ տան Հայաստանի անվտանգության ու սուվերենության մասով։ Մենք ավելի շատ փորձում ենք աշխատել Ռուսաստանի հետ, քան թե Ռուսաստանի դեմ՝ այս տարածաշրջանը կայունացնելու համար։

- Դուք իրատեսակա՞ն եք համարում Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու ՀՀ կառավարության քաղաքականությունը։

- Ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ կառավարության ներքին կամ արտաքին քաղաքականության մասով, մենք համագործակցում ենք բոլոր կողմերի հետ, բավականաչափ տեղեկացված չեմ, չգիտեմ, թե ինչ գործընթաց է գնում, բանակցություններում եւ փակ դռների հետեւում ինչ են քննարկում։ Բայց ես հավատում եմ, որ Հայաստանն արժանի է շատ հստակ ու մաքուր անվտանգության երաշխիքների՝ արեւմտյան աշխարհից, եւ եթե Արեւմուտքը չի կարող այդ երաշխիքները տալ, ապա Հայաստանը պետք է դա նկատի ունենա։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ուկրաինացիների հետ, երբ Արեւմուտքը բազմաթիվ խոստումներ տվեց, սակայն չիրագործեց դրանք, ու ԱՄՆ-ն, ներքաղաքական քաշքշուկների պատճառով, այլեւս փող չի ուղարկում Ուկրաինա։ Նման բաներ պատահում են, երբ որեւէ երկրի մղում են՝ իր ուսերին վերցնելու շատ մեծ ծանրություն, եւ հետո այդ վտանգի դեմ նա մնում է մենակ։ Մենք չենք ուզում, որ նույնը կրկնվի Հայաստանի պարագայում։ Հայաստանի խնդիրն իսկապես գոյաբանական է, այս պանթուրքական ծրագրի, այսպես կոչված՝ միջանցքի, Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքականության նպատակները հստակ են՝ պարզապես ճզմել, դուրս մղել Հայաստանը եւ ստեղծել 3 միլիոն հայերից բաղկացած գաղթականների մի խումբ։ Իմ միակ միտքն այն է, որ Հայաստանը կարիք ունի հստակ անվտանգության երաշխիքների մի կողմից կամ մյուս կողմից, իսկ ամենացանկալին կլիներ, այն եթե այդ երաշխիքը ստանար երկու կողմերից էլ։ Եվ դա ուժային կենտրոնների շահերից է բխում՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը Հարավային Կովկասում։