Ինչպե՞ս կարող են փողոցից 10-ամյա կրթությամբ մարդուն տանել ԱԱԾ` սահման պահելու

Ինչպե՞ս կարող են փողոցից 10-ամյա կրթությամբ մարդուն տանել ԱԱԾ` սահման պահելու

Չնայած իշխանությունները պնդում էին, թե Հայաստանն ինքնուրույնաբար կարող է պաշտպանել իր սահմանները՝ ռուս սահմանապահների օգնության կարիքը չկա, եւ, ըստ այդմ էլ, ենթադրվում էր, որ սահմանապահ զորքերում կադրերի պակաս չկա, սակայն ԱԱԾ սահմանապահ զորքերը երեկ մի տարօրինակ հայտարարություն էին տարածել, որում ասվում է, որ ցանկացած անձ, ով պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել, այսինքն ծառայել է բանակում, կարող է դիմել՝ «Զվարթնոց», «Բագրատաշեն» եւ ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար: Այսինքն, սահմանապահ զորքերն ու կառույցներն այն վիճակում են, որ ոչ միայն կադրերի պակաս կա, այլեւ երկրով մեկ հայտարարություն են անում, թե՝ եկեք, ընդունվեք աշխատանքի եւ պատրաստ են ընդունել անգամ բարձրագույն կրթություն եւ փորձ չունեցող մարդկանց: Պարզ չէ՝ ինչքան ցածր է պահանջների շրիշակը, գուցե անգամ ազատազրկված անձանց են պատրաստ ընդունել մեր սահմանները պաշտպանելու: 

Ահա այդ հայտարարությունը․ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն՝ «Զվարթնոց», «Բագրատաշեն» եւ ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար: «Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչեւ 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի եւ օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։ Տեղեկությունների համար դիմել ք․ Երեւան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է ԱԱԾ-ն աշխատանքի հրավիրել անփորձ մարդկանց, առանց դասընթաց կազմակերպելու: Ստեփանյանը հիշում է՝ առաջներում աշխատանքի անցնելիս անգամ արտաքին տեսքն ու հագուկապն էին հաշվի առնվում, իսկ այսօր, կարծես, իրավիճակը ճիշտ հակառակն է։ «Ես նման բան չեմ հիշում առաջներում, չի եղել նման բան: Անհրաժեշտություն էլ չի եղել նման հայտարարություն տարածելու: Հիմա չեմ կարող ասել, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել, բայց ամեն դեպքում բարդ է ասել, թե որքանով է այս հայտարարությունը ճիշտ: ԱԱԾ-ն չի կարող հենց այնպես դրսից ամեն մեկին աշխատանքի վերցնել: Բացառված բան է, չեմ պատկերացնում նման բան, ես կարծում եմ, որ նրանց միջից կկատարեն ընտրություն»,- նշում է նա: Իսկ ինչպե՞ս է 10-ամյա կրթությամբ քաղաքացին համակարգում աշխատելու։ «Չեմ կարծում, որ 10-ամյա կրթությամբ մարդուն տանելու են կանգնեցնեն սահմանի բերան: Նա անպայման ինչ-որ դասընթացներ պետք է անցնի, պետք է նախ սովորի, բացառվում է, որ առանց սովորելու մարդուն տանեն, այնտեղ կանգնեցնեն, անհնար է: Ինչպե՞ս կարող են փողոցից 10-ամյա կրթությամբ մարդուն բռնել ու տանել ԱԱԾ` աշխատելու: Նա չի կարող հենց այնպես աշխատել»: 

Ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունը եւ ԱԱԾ համակարգում կադրերի պակասը։ «Հստակ չեմ կարող ասել, բայց պրակտիկայում առհասարակ նման հայտարարություններ են անում, երբ լինում է խիստ անհրաժեշտություն: Մեքենաների հոսք, մարդկանց շարժ…հավանաբար, սրանք ավելացել են, այդ պատճառով էլ կադրերի պակաս է առաջացել: Ամեն դեպքում, սահմանապահ զորքերն ունի համապատասխան ստորաբաժանում, որը զբաղվում է դասընթացներով, եւ չի կարող լինել այնպես, որ մարդուն առանց որեւէ գիտելիք տալու տանեն սահման»,- նշեց նա: 

Առաջներում ով կարող էր ԱԱԾ սահմանապահ զորքերում աշխատանքի անցնել։ «Մեր ժամանակ, արտաքինից սկսած, հաշվի էին առնում: Թե՛ կանայք եւ թե՛ տղամարդիկ պետք է ունենային համապատասխան արտաքին, դաստիարակություն, մակարդակ, տիրապետեին լեզուների, բարձրագույն կրթությունն այն ժամանակ էլ պարտադիր չէր, պարտադիրը միայն սպաների համար է, ենթասպաների, շարքայինների համար կրթության հանգամանքը պարտադիր չէ: Մեր ժամանակ դատապարտված մարդն ԱԱԾ համակարգում չէր կարող աշխատել, հիմա չեմ կարող ասել, թե ինչպես է։ Ամեն դեպքում՝ ԱԱԾ-ն հենց այնպես կառույց չէ ու դժվար թե հենց այնպես ընտրություն կատարի: Կան չգրված օրենքներ, որոնց համաձայն էլ որոշումներ են կայացվում»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մենք նաեւ գնացինք սահմանապահ զորքերի հայտարարության հետքերով, զանգահարեցինք վերոնշյալ հեռախոսահամարով ու մի քանի հարց ուղղեցինք: Աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց. «Առնվազն միջնակարգ կրթությունը պարտադիր է, ցանկալի է, բայց պարտադիր չէ, կարող եք դիմել, եթե բոլոր պահանջներին համապատասխանում եք»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` չի՞ լինելու դասընթաց։ «Դասընթաց նախապես չի լինելու, նախ պետք է դիմում ունենալ ու անցնել, մնացածի մասով կտեղեկացնեն: Նախապես ոչ մի դասընթաց չի լինելու: Սահմանված վերջնաժամկետ չկա, երբ ուզում են, կարող են դիմել, միայն հարցազրույց է, հարցազրույցի ժամանակ էլ խոսելու են լեզվի իմացության եւ ընդհանուր զարգացածության մասին»: