«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցած է

«Հրապարակ»․ Փաշինյանը վախեցած է

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե «ԼՂ-ից տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ-ի համար»։ Փաշինյանն ու իշխանական շրջանակները, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքով, առաջին անգամ չէ, որ ասում են այս մասին․ «Տարբեր պաշտոնյաներ են ասել, իսկ երբ հարցրել ենք, թե որն է այդ վտանգը, չեն կարողացել մատնանշել»։ Գալստյանը շեշտում է՝ Արցախը երբեք Հայաստանի համար վտանգ չի ներկայացրել, այսօր էլ չի ներկայացնում։ Նա մանիպուլյացիաներ է որակում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ասածները, ովքեր փորձում են էլ ավելի մեծ ջրբաժան առաջացնել Արցախի եւ Հայաստանի միջեւ։ 

«Որեւէ արցախցի Նիկոլ Փաշինյանի աթոռի համար կռիվ չի տվել»,- Գալստյանը սա ասում է ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, ով երեկ կառավարության նիստում հայտարարեց․ «ՀՀ-ում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք՝ բոլորս, այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, եւ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն այս ելույթներն ունենում է Ալիեւի սպառնալիքների եւ պարտադրանքի ներքո, իր վախերն էլ` մյուս կողմից։ «Փաշինյանի մոտ կան վախեր, նա գիտի, որ իր բռնած ճանապարհով հեռուն չի գնա։ Նա փորձում է այդ վախերը փոխանցել ժողովրդին, մանիպուլացնում է, թե  հողերը չհանձնենք թշնամուն, պատերազմ կլինի։ Այդպիսով նա սպառնում է հայ ժողովրդին, որ կարողանա պահպանել իր աթոռը։ Նրա մոտ այս վախերը սկսվել են 2020-ից, եւ դա ոչ թե արցախցիներից է, այլ՝ հայ ժողովրդից։ Գիտի, որ մի օր կանգնելու է դատաստանի առաջ»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։ 

Մինչեւ 2018-ը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն էր, ի՞նչ է զգում արցախցին՝ տեսնելով Հայաստանի կառավարության այս վերաբերմունքը։ Ի պատասխան՝ Գալստյանն ասաց․ «Ես չեմ ուզում արցախցիներին տարանջատել, երեւի թե ոչ մի հայ Նիկոլ Փաշինյանի հետ հույս չի կապում, բոլորը հիասթափված են, գիտեն՝ ինչքան մնա Փաշինյանը, այդքան ավելի մեծ կորուստներ է ունենալու հայ ազգը, վտանգվում է մեր պետականությունը։ Սկսած 2018-ից՝ Փաշինյանը մի ծրագրի մաս է կազմում, որը նպատակ ունի ոչնչացնել հայկական պետությունը, պատմությունը, մշակույթը, որը մենք գործնականում տեսնում ենք»։