Տգեղ է, տհաճ եւ անհասկանալի

Տգեղ է, տհաճ եւ անհասկանալի

Արցախի «Միացյալ կուսակցության» նախագահ Վահան Բադասյանը գտնում է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է ներգրավվի մարտի 1-ի գործում, որովհետեւ «ջանասիրաբար կազմակերպել է …Արցախից մարդկանց Երեւան ուղարկելու գործընթացը:

Բադասյանը պնդում է, որ խոսքը ոչ թե զորքի,այլ մարդկանց մասին է, ում «հագցրել են զինվորական շորեր»: Նման հայտարարություն անելիս ի՞նչ փաստեր կարող է վկայակոչել Բադասյանը: Տպավորություն է, որ նա, այսպես ասած՝ «ինքնամատուցվում է» Հատուկ քննչական ծառայությանը՝ ակնարկելով, որ մարտի 1-ի գործով տիրապետում է «բացառիկ տեղեկատվության»:

Ներքաղաքական իրավիճակի ֆոնին Վահան Բադասյանի այս կեցվածքը ոչ այլ ինչ է, քան՝ տգեղ առեւտուր: Նա, կարծես, Հայաստանի իշխանություններին գործարք է առաջարկում՝ Արցախում նախագահական ընտրություններին իրեն սատարելու դիմաց մարտի 1-ի գործով անել «աղմկոտ բացահայտումներ»:

Մեկ անգամ չէ, որ Բադասյանը հրապարակային հիշեցում է արել անցյալ տարվա իշխանափոխությանը մատուցած ծառայությունների, անձամբ ցուցարարների առաջին շարքերում լինելու մասին: Երեւում է, Նիկոլ Փաշինյանին դա ոչինչ չի ասել, Բադասյանը սպասված արձագանքի չի արժանացել: Այսօր մամուլում շրջանառվում է ՀՔԾ կողմից ԱՀ նախագահին հարցաքննելու թեման, առիթը ներկայացել է, եւ Բադասյանը մտել է տարերքի մեջ: Հարց է առաջանում՝ եթե նա մարտի 1-ի բացահայտման ջատագով է, ապա ինչու՞ մեկուկես տարի առաջ չի ներկայացել ՀՔԾ եւ ունեցած տեղեկությունները չի տրամադրել նախաքննության մարմնին:

Ինչու՞ է աշխուժացել այն պահին, երբ մամուլում հայտնվել է ԱՀ նախագահին ՀՔԾ հրավիրելու մասին տեղեկատվությունը, որն, ի դեպ, այդ կառույցի կողմից չի հաստատվել: Եզրակացությունը մեկն է՝ Բադասյանին հետաքրքրում է ոչ թե մարտի 1-ի բացահայտումը, այլ՝ թե ինչ վերաբերմունք կունենան իր նկատմամբ Հայաստանի իշխանությունները: Նրանց համակրանքը շահելու համար Բադասյանը, կարծես, պատրաստ է շատ առաջ գնալ իր ենթադրություններում: Բայց հանուն ինչի՞: Դեպի ԱՀ նախագահի բաղձալի աթոռ տանող ճանապարհը նրա համար «պատվիրված է» վաղուց: Դա անիրականանալի բաղձանք է: Որպես ճանապարհ անցած մարդ՝ Վահան Բադասյանն, անշուշտ, դրանում համոզված է: Ինչպես նաեւ նրանում, որ ինքը չէ եւ չի դառնալու Հայաստանի իշխանությունների ընտրյալը: Այս իրավիճակում ո՞րն է Բակո Սահակյանին անվանարկելու նպատակը: Հեռացող նախագահին, ում ներդրումն Արցախի պետականության ամրապնդման եւ զարգացման, ներքին համերաշխության ապահովման, Հայաստանի եւ Սփյուռքի հետ համախոհության մթնոլորտի ձեւավորման գործում իրոք անուրանալի է, չի կարելի «գոտկատեղից ներքեւ» հարվածել: Դա տգեղ է, տհաճ, անհասկանալի: