Դասական կանոններով

Դասական կանոններով

Մեր հեղափոխությունը, որքան էլ որ այն կոչեցինք թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, պարզվեց՝ ոչնչով չի տարբերվում բոլոր նախորդ հեղափոխություններից։ Թեեւ հեղափոխությունների կանոնների մեջ նաեւ նման պատրանքները տեղ ունեն։ Օրինակ, ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ 1789 թվականի, առաջնորդվում էր «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով, բայց կարճ ժամանակ անց «հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին»՝ հերթով գլխատվեցին նրանք, ովքեր հեղափոխություն էին իրականացրել եւ այդ գաղափարներով ասպարեզ եկել։ Եվ Ֆրանսիական հեղափոխությունը պատմության մեջ մնաց որպես Ֆրանսիայի պատմության սեւ էջերից մեկը, որի ժամանակ՝ միայն հեղափոխության շրջանում, երկրի բնակչության մոտ 7 տոկոսը զոհվեց։ Միայն 1793 թվականին՝ հեղափոխությունից ընդամենը 4 տարի անց, գիլյոտինին զոհ գնաց 17 հազար մարդ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հեղափոխության կազմակերպիչներն ու առաջնորդները:

Նույնը տեղի ունեցավ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ «Ելիր, ում կյանքը անիծել է» քայլերգի հնչյունների ներքո ոտքի ելած հեղափոխականները՝ Լենինի գլխավորությամբ, նախ տապալեցին միապետությունը՝ գլխատելով միապետին ու նրա ողջ ընտանիքը, ունեզրկեցին մեծահարուստներին ու ազնվականներին, երկրից վտարեցին ու ոչնչացրին կադրային զինվորականներին ու ինտելիգենցիային, հետո սկսվեց «հեղափոխության զավակներին» խժռելու պրոցեսը։ Բոլոր հեղափոխություններից հետո ընդվզած զանգվածները նման պատվեր էին իջեցնում իրենց առաջնորդներին՝ բռնել, դատել, գլխատել, ունեզրկել։ Եվ ոչ մի հեղափոխական առաջնորդ չէր կարողանում դիմակայել իրեն իշխանության բերած ամենացածր խավի պահանջներին, չէր կարողանում դուրս պրծնել այդ թակարդից, որի անունն էր հեղափոխություն։