Ի՞նչ նպատակ ունի Պուտինի եւ Ալիեւի «բարեկամ» Տոկաեւի այցը Հայաստան

Ի՞նչ նպատակ ունի Պուտինի եւ Ալիեւի «բարեկամ» Տոկաեւի այցը Հայաստան

Ռուսաստանը մի երկիր է, առանց որի համաշխարհային ոչ մի խնդիր չի կարող լուծվել. այս մասին 2024 թ․ հունվարին Egemen Qazaqstan-ին («Ինքնիշխան Ղազախստան») տված հարցազրույցում ընդգծել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Նա պնդել է, որ Մոսկվան շատ կարեւոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ, եւ հիշեցրեց, որ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

«Ռուսաստանի կարծիքն ամբողջ աշխարհում հաշվի է առնվում, եւ առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել։ Դա փաստ է»։ Ապա ղազախ առաջնորդը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է մարդ, ով ազդում է գլոբալ կլիմայի վրա թե՛ խոսքով, թե՛ գործով։

Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերին, Տոկաեւը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կմնան անսասան եւ չեն ենթարկվի քաղաքական պատեհապաշտության։ Նա նաեւ հաստատել էր Մոսկվայի հետ համագործակցությունը խորացնելու՝ Աստանայի հանձնառությունը եւ հայտարարել, որ Ղազախստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում հիմնարար խնդիրներ չկան։

Եվ ահա, ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ով մի շարք հանդիպումներ ունեցավ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ստորագրվեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր, իսկ Աստանան ու Երեւանը հռչակվեցին քույր քաղաքներ։ Ղազախստանի ղեկավարը Երեւանում վստահեցրեց, որ իր երկիրը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության պայմանագիր։ «Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել երկու երկրների միջեւ բանակցությունների համար»,- հայտարարեց Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Նա ասաց, թե իրենց հիմնական նպատակն է՝ մերձեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, բացել ճանապարհ՝ խաղաղության ու կայուն զարգացման համար։
Անկախ արարողակարգային մասից եւ մամուլի համար արված հայտարարություններից, Տոկաեւի այցը հատկանշական է մի քանի առումով․ նախ, Ռուսաստանի ու անձամբ Պուտինի հետ ընդգծված բարեկամական-դաշնակցային կապեր ունեցող Ղազախստանի ղեկավարը մեր երկիր է ժամանել հայ-ռուսական (տես նաեւ՝ Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԱՊՀ) ճգնաժամային հարաբերությունների ֆոնին, ինչը չի բացառում, որ նա «բանագնացի» առաքելություն ունի եւ որոշակի ուղերձներ կարող է փոխանցել Կրեմլից՝ թեկուզ ոչ ուղիղ տեքստով։

Հայտնի է նաեւ, որ Ղազախստանը հետխորհրդային տարածքում բավականին ուժեղ դիրքեր ունի, նույն՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի եւ այլ ձեւաչափերում․ ասել է թե՝ ասիական այդ հանրապետությունը կարող է խաղալ սեփական խաղն ու իր հեղինակությունն օգտագործել Հայաստանին ճնշելու համար (չմոռանանք Ղազախստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բավականին սերտ-դաշնակցային, ավելին՝ եղբայրական հարաբերությունները)։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տոկաեւն առաջիններից էր, որ Ալիեւին շնորհավորեց «պատմական հաղթանակի կապակցությամբ»։

Անցյալ տարվա ապրիլին, երբ Ղազախստան այցելեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Տոկաեւը հայտարարեց, որ Աստանան ու Բաքուն արդյունավետ փոխգործակցում են տարբեր բազմակողմ կառույցների շրջանակներում, նույն դիրքորոշումներն ունեն միջազգային եւ տարածաշրջանային շատ արդիական հարցերի շուրջ։ Ճիշտ է, նա նաեւ պնդեց, թե Ղազախստանն ավանդաբար հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների դիվանագիտական կարգավորման օգտին, ինչպես նաեւ ողջունեց խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանն ուղղված ջանքերը, այդուհանդերձ ակնհայտ է, որ թյուրքական աշխարհի ներկայացուցիչների շահերն ու քաղաքականությունն ավելի շատ է համընկնում, քան Ղազախստանի ու Հայաստանի, որոնց կապող միակ տեսանելին եւ առանձնահատուկը ԽՍՀՄ ընդհանուր պատմությունն ու անցյալն են։

«Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի եւ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ»։ Այս մասին էլ 2024 թ․ մարտին հայտարարեց պաշտոնական այցով Բաքվում գտնված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Այդ ժամանակ Բաքուն ու Աստանան քննարկում էին առեւտրատնտեսական, էներգետիկ համագործակցությունը, «բեկումնային ներդրումային նախագծեր»։ «Ղազախստանն Ադրբեջանի հուսալի բարեկամն ու դաշնակիցն է»,- ի պատասխան Տոկաեւին՝ նշեց Իլհամ Ալիեւը՝ շնորհակալություն հայտնելով ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։ Ադրբեջան կատարած այցի շրջանակում էլ օկուպացված Ֆիզուլիում տեղի ունեցավ Ղազախստանի պետբյուջեի միջոցներով եւ անձամբ Տոկաեւի նախաձեռնությամբ կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությունը։

Այս ամենով հանդերձ, Ղազախստանը, ինչպես պնդում են անկախ փորձագետները, եւ թույլ են տալիս եզրակացություններ անել զարգացումները, որոշակի տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, որքան էլ դիվանագիտական լեզվով փորձում են կոծկել դրանք։ Որոշակի ընդհանրություններ կան նաեւ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ։ Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը, ինչպես նաեւ ղազախական ու ղրղզական մի շարք բանկեր, հրաժարվել են սպասարկել ռուսական «Միր» վճարային քարտերը, որպեսզի խուսափեն արեւմտյան, հատկապես՝ ամերիկյան պատժամիջոցներից։ Ռուսաստանում բավականաչափ կոշտ են արձագանքել դրան․ ԿԲ-ն նույնիսկ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվել են «Միր»-ից։ Իսկ Ղազախստանը, ինչպես նշեցինք, այս ցանկում է․ այլ կերպ ասած՝ Ռուսաստանից ու ռուսական տնտեսությունից ահռելի կախում ունեցող Աստանան (Երեւանը՝ նույնպես) հանդգնել է Արեւմուտքի թելադրանքով այս «տնտեսական պատերազմը» հայտարարել Կրեմլին։ 

Եթե արեւմտյան կողմնորոշում եւ եվրաինտեգրման քաղաքական ուղեգիծ որդեգրած ՀՀ ներկայիս իշխանությունների դեպքում սա աննշան դիպված է (ընդամենը՝ մանրադրամ ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի հետ հարաբերությունների համեմատ) կամ արտաքին քաղաքական կուրսի հերթական դրսեւորում, ապա Ղազախստանի դեպքում սա կարող է նշանակել Ռուսաստանից առանձնանալու լուրջ հայտ՝ թյուրքական աշխարհի հետ հակառուսական զսպաշապիկ ստեղծելու հեռահար մտադրությամբ։ Այս մասին, ի դեպ, արդեն խոսում է փորձագիտական հանրությունը՝ ակնարկելով, որ հաջորդ սուր հակադրությունը ետխորհրդային տարածքում լինելու է հենց ռուս-ղազախական հարաբերություններում (հայ-ռուսականի մեկնարկը տրված է)։ 

Իսկ թե ինչով նշանավորվեց Տոկաեւի այցը Հայաստան, դատենք ականջահաճո եւ լղոզված արարողակարգային հայտարարություններից, թե բա՝ Երեւանն ու Աստանան քույր քաղաքներ են։ Երկու քույրերի դաշնակցության մասին պետք է դատել հենց ղազախ-ադրբեջանական եւ ղազախ-թյուրքական եղբայրության տրամաբանությամբ եւ ոչ ավելին։