Էրդողանից՝ Պուտինին

Էրդողանից՝ Պուտինին

Հայ -ադրբեջանական պետական սահմանին լարվածության կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է «սթափվել»: Minval.az-ի մեկնաբանը ոգեւորության պահին փաստացի թուրք-ադրբեջանական է անվանել Նախիջեւանի համազորային բանակը եւ ուրվագծել, որ Երեւանի «երկնքում կարող են հայտնվել թուրքական հարվածային ԱԹՍ-եր»:

Բայց ամենակարեւոր բացահայտումը նա արել է ալիեւյան քարոզչությանը բնորոշ հիմարությամբ՝ խոսելով այն մասին, որ վերջին շրջանում «Հայաստանից ավելի ու ավելի համառորեն են պահանջում, որ Ռուսաստանը չեղյալ հայտարարի մեկ դար առաջ Թուրքիայի հետ կնքած պայմանագրերը»: Եւ ահա տեղեկություն է տարածվում, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Էրդողանի եւ Պուտինի հեռախոսազրույցը: Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության, որ մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկվել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակի հետ կապված, ինչպես նաեւ «տարածաշրջանային հարցեր»: Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել նպաստելու իրավիճակի կայունացմանը: ՌԴ արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Այս համատեքստում տարածաշրջանային ի՞նչ հարցեր են շոշափել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները: Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագերսիան հնարավորություն է, որպեսզի Թուրքիան Ռուսաստանի հետ ակտուալացնի՞ մեկդարյա վաղեմության պայմանագրի հարցը: Դա միայն Թուրքիայի՞ նախաձեռնությունն է: