Թուրքիան ինչպե՞ս դիմանա այդքան սիրուն ու գորովանքին 

Թուրքիան ինչպե՞ս դիմանա այդքան սիրուն ու գորովանքին 

Ասում են, թե մարդու սիրտը ճաքում է նաև ուրախությունից, երջանկությունից: Հանդիպած կլինեն դեպքերի, երբ ինչ-որ մեկը, ձեռք բերելով իր երազած ավտոմեքենան, հենց մեքենայում էլ ինֆարկտ է ստացել կամ սիրող զույգից մեկը՝ ապագա ամուսինը կամ ապագա կինը, հենց հարսանեկան արարողության ժամանակ կաթվածահար է եղել: Սրանք անհատական ողբերություններ են: Մինչդեռ կարող է «երջանկությունից» կաթվածահար լինել մի ամբողջ պետություն, որին սիրո խոստովանության հերթ է գոյացել…

Օրերս ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է որ «Եվրոպան պետք է շնորհակալություն հայտնի Թուրքիային», նկատի ունենալով ռուսական գազի անխափան մատակարարումը Թուրքիայով: Բնականաբար, Ռուսաստանն էլ շնորհակալ է Թուրքիային, որ վերջինս զերծ մնաց ՌԴ-ի դեմ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցները կիրառելուց: Վերջերս էլ, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլով։ Ավելին, բանակցությունների շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների միջեւ. հինգ թուրքական բանկեր աշխատում են ռուսական «Միր» քարտի ներդրման համար։ Այսինքն, ռուսական ֆինանսական հոսքերը կանցնեն Թուրքիայով դեպի մնացած աշխարհ և՝ հակառակը: Դժվար է պատկերացնել, թե միայն այս մասով որքան կկազմեն Թուրքայի եկամուտները:

Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հայտարարել է, որ «Թուրքիան նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։ Գուցե տեղին կլիներ ասել՝ Արցախում հայերին ցեղասպանելու ճանապարհով Թուրքիան պարտադրում է Հայաստանին ծնկի գալ Ադրբեջանի առջև, կատարել նրա բոլոր պահանջները: Եվ սա անվանում են կարգավորում:

Զարմանալի չէ, որ Եվրոպան և Ռուսաստանը համակարծիք են Թուրքիայի հարցում, նրան գնահատում են բավական բարձր: Այս զարգացումները տեղի են ունենում Թուրքիայի տնտեսական անկման, լիրայի փլուզման խորապատկերին: Թվում է, թե ռուսական էներգակիրների և ֆինանսների հոսքերի ուղղորդումը նպատակ է հետապնդում նաև նպաստել Թուրքիայի տնտեսական վերելքին: Հետևաբար, Թուրքիան էլ պետք է շնորհակալություն հայտնի Եվրոպային, հավաքական Արևմուտքին:

Ի դեպ, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից կրկին մեծ շահ է ստանում Թուրքիան: Մի խոսքով, Թուրքիան մուտք է գործում իր ոսկե դարաշրջանը. մեծ փողեր, շատ սեր, անսահման հարգանք՝ աշխարհի տիրակալների կողմից:

Հ.Գ. Հայաստանին այդպես էլ չթույլատրվեց օգտվել Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքով առաջացած հնարավորություններից: Գուցե այն նկատառումով, որ հայերը սովոր են քարից հաց քամել: Սա ռեալ պոլիտիկն է: Պետք չէ ավելորդ իլյուզիաներով տարվել: Թեպետ, հնարավոր էր ոտքի տակ չընկնել, եթե…

Գագիկ Վարդանյան