Թավշյա, ոչ բռնի տեղահանում

Թավշյա, ոչ բռնի տեղահանում

Այսպես կարելի է բնութագրել Արցախի հանրապետության տարածքի էթնիկական զտումը: Զտում, որին մասնակից են և որևէ դիմադրություն չեն ցուցաբերում տեղահանվողները, նրանց հայրենակիցները: Առաջին հերթին՝ Արցախում բնակվողները: Սա այն իրավիճակն է, որի համար որևէ այլ պետության մեղադրել հնարավոր չէ: 

Լրահոսում հանդիպում են տարատեսակ արձագանքներ՝ կապված հայերի հերթական, այս անգամ թավշյա ցեղասպանության հետ.

1. Աղավնոյի բնակիչները դիմել են ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ակնկալելով երկրների միջամտությունն ու միջնորդությունը՝ առաջիկա վերահաս և անխուսափելի թվացող աղետը կանխելու նպատակով :

2. Շտապ հավաք՝ ի աջակցություն Բերձորի,  Աղավնոյի և Սուսի 

3. Եթե ՀՀ բնակչության 0.1%-ը գա, կպահպանենք Աղավնոն և Բերձորը : 
Այս ցանկը կարելի է շարունակել, բայց իմաստ չունի:

Առաջին երկուսը հուսահատության ճիչեր են: Միանգամից ասենք՝ заграница нам не поможет! (Օստապ Բենդերը ստում էր՝ ասելով, թե заграница нам поможет!): 0.1%--ը թեև տրամաբանական ու ընդունելի գաղափար է, բայց ընդունելի չի լինի խաղաղապահների համար: Գուցե Արցախի բնակչության 1%-ը գնա, բայց զինված, օրինակ՝ բահերով, գերանդիներով…Բայց, ինչպես երևում է՝ չկա 1988 -1994 թթ. ոգին: Այն մնացել է ազգային արժեհամակարգի փլատակների տակ, դրվել կապիտալիզմի վեր խոյացած անշունչ, անսիրտ երկնաքերի հիմքում:
Եթե դիմադրություն չկա, ապա ի՞նչ անի միջազգային հանրությունը: Արևելյան Հայաստանից հայերի թավշյա, ոչ բռնի տարհանումն այլևս անխուսափելի կլինի, եթե…

Հ.Գ. 1995 թվականին, վերապատրաստման նպատակով Ֆրանսիայում գտնվող մի խումբ գործընկերներով դիտում էինք Անրի Վերնոյի կենսագրական՝ «Մայրիկ» կինոնկարը, ֆրանսերեն: Մեր գործընկերներից մեկը թարգմանում էր: Աբգարի պայտելու դրվագի ժամանակ լքեցի սենյակը: Ոչ, ոչ այն բանի համար, որ սարսափազդու էր այդ տեսարանը, այլ այն բանի, թե Ազատն ինչու չդիմադրեց, ինչու հերոսաբար չմահացավ: Հիմա Արցախում կրկին պայտում են մեր հայրենակիցներին, թավշյա, ոչ բռնի, իրենք էլ չեն դիմադրում: Ավելին, որևէ արձագանք չկա նաև այդ զարհուրելի տեսարանը դիտող, իրենց պայտվելուն սպասողներից:

Գագիկ Վարդանյան