«Թավշյաները» որպես կառավարման «նոր խոսքի» գեներատոր

«Թավշյաները» որպես կառավարման «նոր խոսքի» գեներատոր

Երբ մեկ-երկու տարի առաջ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյան Զարեհը խոսում էր մեզ հարևան երկրներից բնակիչներ հրավիրելու մասին՝ մարդիկ լուրջ չէին ընդունում այդ գաղափարը: Իհարկե, կային նաև քննադատություններ, սակայն հիմնական ռեակցիան, իմ տպավորությամբ, ձեռառնոցին էր: Մարդիկ չէին հավատում, որ եվրոպական երկրները թողած՝ արաբները կամ հնդիկները կարող են զանգվածայնորեն ներգաղթել Հայաստանի նման աղքատ երկիր: Որքան էլ իրենց երկրներում կյանքն ավելի դժվար լինի, քան Հայաստանում է: Բայց քանի որ դա գործող իշխանության ծրագիրն էր, այն կյանքի կոչվեց: Եվ պաշտոնապես, եթե չեմ սխալվում, մայրաքաղաքում արդեն 50 հազարի չափ հնդիկ կա: Հնդիկների դեմ ոչինչ չէի ունենա, եթե նրանց գալն ու այստեղ հաստատվելը չունենար նաև քաղաքական ենթատեքստ: Այն է՝ մայրաքաղաքի ավագանու հաջորդ ընտրություններում ապահովել քպկականների լիիրավ հաղթանակը: Ինչը, բնականաբար, հնդիկների նկատմամբ ամենաչեզոք վերաբերմունքն անգամ չի կարող չդարձնել բացասական այն մարդկանց շրջանում, ովքեր ժամ առաջ ցանկանում են տեսնել Նիկոլի հեռացումն իշխանությունից:

Իսկ եթե մայրաքաղաքում դա հաջողությամբ պսակվի, ապա ենթադրաբար նրանց կուղարկեն նաև մարզկենտրոններ: Հատկապես այնտեղ, որտեղ քպկականները պարտություն են կրել կամ պարտություն կրելուց հետո ուժային կամ իրավապահ գործոնները կիրառելով՝ նվաճել են տեղական իշխանությունը: Համակարգչի ստեղնաշարի վրա մեխանիկորեն հավաքեցի «նվաճել» բառն ու հասկացա, որ մատներս ճիշտ ստեղներին են հարվածել: Քանի որ այն, ինչ կատարվեց մի շարք խոշոր համայնքներում, բնորոշվում է հենց «նվաճել» բառով: Իսկ որ այստեղ հաստատված հնդիկները, որոնք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք են ձեռք բերում, կքվեարկեն գործող իշխանության օգտին՝ դրանում կասկած լինել չի կարող: Ազգային փոքրամասնություններն ընտրությունների ժամանակ սովորաբար պահում են իրենց ճիշտ այնպես, ինչպես ակնկալում է տվյալ երկրի գործող իշխանությունը: Նայե՛ք ԱՄՆ-Մեքսիկա սահմանին. ԱՄՆ գործող իշխանության թողտվությամբ օրական տասնյակ հազարավոր մարդիկ են անօրինականորեն հատում այն: Նրանց հետ չեն ուղարկում, որպեսզի այս տարվա նոյեմբերին քվեարկեն դեմոկրատների օգտին: Դա այնքան ակնհայտ է, որ ընդդեմ Ռուսաստանի և «հանուն ժողովրդավարության հաղթանակի»՝ Ուկրաինային մատուցվելիք ռազմական օգնության հատկացումը հանրապետականները պայմանավորում են սահմաններն ինչ-որ չափով ամրացնելու գործոնով: 

Բայց Միացյալ Նահանգներում ոչ միայն անօրինական ներգաղթն են թույլատրում, այլև պետականորեն աջակցում են տնտեսության զարգացմանը: Օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում թե՛ ռազմական պատվերների և թե՛ եվրոպական արտադրական հզորություններն ԱՄն տեղափոխելու առումով: Իսկ Հայաստանում վարչապետի գրասենյակի ղեկավարը գործարարներին խորհուրդ է տալիս ռուսական շուկայի փոխարեն այլընտրանքներ փնտրել ինքնուրույնաբար: Իսկ «թավշյաների» ատելի Ռուսատանի ղեկավարությունն, օրինակ, առաջին փոխվարչապետի մակարդակով դնում է այլևայլ շուկաներում ռուսական ապրանքների առաջմղման աջակցության հարցը: Այդ թվում, օրինակ, ռուսական արտադրողներին մրցակցային առավելություն տալու միջոցով: Ինչպես երևում է, Հայաստանը ոչ միայն «ժողովրդավարության բաստիոն կամ փայլուն աստղ է», այլև քաղաքական, տնտեսական, ռազմական և բազմաթիվ այլ բնագավառներում պետական կառավարման «նոր խոսքի» գեներատորը: Բայց վախենամ, որ այդ խոսքը մեր պետությունը տանելու է դեպի հերթական պարտությունը: