«Փայտփորիկի գլուխը չի ցավում»․ հիշելով խորհրդային երիտասարդական կինոժառանգությունը

«Փայտփորիկի գլուխը չի ցավում»․ հիշելով խորհրդային երիտասարդական կինոժառանգությունը

Խորհրդային երիտասարդական կինոյի պատմության մեջ իր անսովոր եւ ուրույն ձեռագիրն ունի Դինարա Ասանովան։ Վերջինս հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հասունանալու անհատի կայացման, երիտասարդության մոտ արժեքային համակարգի ձեւավորման եւ կայացման եւ դեռահասների վարքագծային խնդիրներին, մի քանի տաղանդավոր եւ շատ լուրջ ասելիք ունեցող կինոնկարներ նկարահանելով՝ նվիրված երիտասարդության հետ կապված թեմաներին։ Ամենից հայտնին «Փայտորիկի գլուխը չի ցավում» (1975), «Առանց փոխանցման իրավունքի բանալին» (1976), «Տղաները» (1983), «Սիրելիս, թանկագինս, միակս …» (1984) կինոնկարներն էին։ Ներկայացված ցանկի առաջին եւ վերջին կինոնկարներում ներկայացվծ են մարդու պահվածքի որոշակիորեն ծայրահեղ տարբերակները, ովքեր առաջին անգամ ուժգին զգացմունք են ապրում։ «Փայտփորիկում» տղան մեծ հոգատարությամբ եւ երեւակայությամբ է սիրահետում աղջկան, ում սիրահարված է, եւ նաեւ երազում է դառնալ երաժիշտ, սովորել նվագել հարվածային գործիքներ, ապացուցելու համար աղջկան, որին սիրահարված է, որ ինքը հազարավորների մեջ հերթական մեկը չէ, այլ որ իր մեջ հատուկ նոտա է հնչում։ Դեռ նոր հրաժեշտ տված իր սիրած աղջկան, նա վազում է գնացքի հետեւից, որն աղջկան այլ քաղաք էր տանում։ 

Մյուս կինոնկարի հերոսուհին էլ որոշում է խաբեությամբ իրենով անել իր սիրած, արդեն հասուն տղամարդուն, ով ամենեւին էլ չէր պատրաստվում ամուսնանալ հերսուհու հետ։ Այդ նպատակով տարված, նա փողոցում երեխայի սայլակից ստնկեր երեխա է գողանում, որպեսզի այն ներկայացնի որպես իր եւ այդ տղամարդու համատեղ երեխան։ Խաբերությունը համարյա թե արժենալու էր մանկան մոր կյանքը։ Ընդ որում, ռեժիսորին հետաքրքիր էր ոչ այնքան սյուժեի քրեական բաղադրիչը, որքան մոտիվները, որոնցով դրդված աղջիկը նման վարքագիծ է դրսեւորել։

«Առանց փոխանցման իրավունքի բանալին» ժամանակի կինոքննադատները համարել են «պատանեկան 70-ականների կինոյի մոդել»։ Ասանովայի այս կինոնկարը խորհրդային երկրում եւ արտասահմանում մի քանի մրցանակների է արժանանում։ Մինչեւ վերջերս էլ մասնագիտական շրջանակները դեռ ակտիվորեն քննարկում են կինոնկարի կերպարները, նրանց արարքները, սյուժետային գծերի նշանակությունը եւ դրանցում դրված իմաստային նրբերանգները։ Սյուժեն բավականին պարզ է․ գրականության երիտասարդ եւ տաղանդավոր ուսուցչուհի Մարինա Մաքսիմովնան կարողանում է հիանալիորեն «լեզու գտնել» լենինգրադյան /այժմ՝ պետերբուրգյան/ դպրոցներից մեկի ավարտական դասարանի աշակերտների հետ, որոնց դասավանդում էր, եւ արժանանալ աշակերտների վստահությանը։ Աշակերտների եւ ուսուցչուհու միջեւ փոխվստահելի հարաբերություններ են հաստատվում, որոնք ջնջում են այդ ժամանակներում եղած մանկավարժական բարյերները, որոնք անխախտ էին ուսուցիչների մեծամասնության համար։

Աշակերտները կարող էին նրա հետ բանավիճել, իրենց կարծիքը պաշտպանել, նրանք միասին շաբաթ օրերին գնում էին տարբեր միջոցառումների կամ էլ հավաքվում ու թեյի սեղանի շուրջ խոսում կյանքի իմաստի մասին։ Մարինա Մաքսիմովնան ստանում է աշակերտների խորհրդանշական սրտի բանալին եւ կարծում է, որ իրավունք չունի այն որեւէ ուրիշին փոխանցելու։ Նա իրոք անսովոր մանկավարժ է, նման չէ մյուսներին եւ նույնիսկ նրա՝ որպես շարադրություն հանձնարարած թեմաներն են ընդհանուր կաղապարներից դուրս։ Կինոնկարում ուշագրավ դրվագ է նաեւ երիտասարդ ուսուցչուհու կենցաղի ներկայացումը։ Նա ապրում է քաղաքի կենտրոնում, մի բնակարանում, որի կահավորումը բավականին հին է ու մաշված, սակայն դրա վրա վերջինս ուշադրություն չի դարձնում։ Այստեղ կինոհերոսուհին հիշեցնում է 60-ականների մտավորականությանը, ովքեր կենցաղային հարցերի վրա այնքան էլ ուշադրություն չէին դարձնում եւ լիովին խորամուխ էին եղած ստեղծագործական պրոցեսների մեջ։ 

Յու․ Ա․ Ռուսինա․ «Խորհրդային կինոյի պատմություն» գրքից

ՌԴ․ ք. Եկատերինբուրգ Ուրալի համալսարանի հրատարակչություն․ 2019 թ․