Գուրգեն Արսենյանի քծնանքն արդյունք տվեց…

Գուրգեն Արսենյանի քծնանքն արդյունք տվեց…

Այլեւս չենք զարմանում Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի հակասությունների վրա. իշխանության գալուց ի վեր նա ամեն ինչ արեց իր խոստացածին ու ասածին հակառակ: Նույնը վերաբերում է նաեւ բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման խոստմանը: Ինչպես նախկինների օրոք,  այսօր էլ օլիգարխներն ակտիվորեն ներգրավված են քաղաքականության մեջ: Պարզապես, ովքեր անցնում են Փաշինյանի «թրի տակով», դառնում են բարեխիղճ գործարարներ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» նախընտրական ցուցակի պատվավոր տեղերում են հայտնվել բոլոր ժամանակների իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեցող օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ու պատմության մոռացությունից վերջերս դուրս եկած Միացյալ աշխատավորական կուսակցության(ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը: Արսենյանը երկար ժամանակ հայաստանյան քաղաքական դաշտում դուրս էր մնացել ուղեծրից: 

Նրա ղեկավարած ՄԱԿ կուսակցությունը հիմնադրվել է 2002-ին: Մեկ տարի անց՝ 2003-ի ԱԺ ընտրություններում այն հաղթահարեց շեմը եւ խորհրդարանում ունեցավ վեց պատգամավոր: Այս նորաստեղծ ու անհայտ կուսակցության նման թռիչքաձեւ առաջընթացը պայմանավորված էր իշխանության հետ լավ հարաբերություններով եւ նոր «տեխնոլոգիաներով»՝ ոմանք Արսենյանին համարում են ընտրակաշառքի կնքահայրը։ Բայց Գուրգեն Արսենյանը ժամանակին համարվում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդը»: Հավանաբար, հենց Քոչարյանի թույլտվությամբ էլ ՄԱԿ-ը քաղաքական դաշտ բերեց ընտրակաշառքի «մշակույթը». առաջին անգամ 2003-ին սկսվեց 5-10 հազար դրամների ընտրակաշառքը, եւ անհայտ կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում: Իսկ հաջորդ՝ 2007-ի ընտրություններում ՄԱԿ-ը չհաղթահարեց շեմը եւ դուրս մնաց ԱԺ-ից: 2012-ին կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պատգամավոր դարձավ ԲՀԿ համամասնական ցուցակով: Այսքանով ավարտվեց ՄԱԿ-ի ու Գուրգեն Արսենյանի քաղաքական ակտիվությունը. նրանք մոռացության մատնվեցին:  

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանը քաղաքական դաշտում մնաց միայնակ, սկսեց պեղել-գտնել ու իր շուրջը համախմբել մանր-մունր, մոռացված մարդ-կուսակցությունների առաջնորդներին: Սա իսկական «պատմական» շանս էր Գուրգեն Արսենյանի համար. վերջապես նա վրայից թափ տվեց մոռացության փոշին եւ սկսեց տարբեր հարթակներում գովել-գովաբանել Նիկոլ Փաշինյանին, պատերազմում պարտության պատճառը համարեց 1998-ից իրականացված պետական քաղաքականության ֆիասկոն:

Միացավ փաշինյանական՝ թշնամու հետ խաղաղության, բարիդրացիական հարաբերություններ, «ապահով ու անվտանգ» Հայաստան ունենալու քարոզչությանը: Ապա ընդդիմադիր «17+»-ի քայլերը գնահատեց որպես քաղաքական դիսկուրսից զուրկ, իշխանության գալուն նպատակաուղղված քայլեր: Փաշինյանին համարեց պետական գործիչ, որի անունը 2018-ին, ըստ Արսենյանի, գրվեց ոսկե տառերով: Արսենյանն իր հարցազրույցներից մեկում նաեւ մեղադրեց Օնիկ Գասպարյանին՝ «Ադրբեջանի նկատմամբ» հունիսյան ռազմական բախման համար՝ մոռանալով, որ այդ ժամանակ հայկական բանակը նախահարձակ չի եղել, այլ ինքնապաշտպանվել է, պարտություն չի կրել եւ հաջողությամբ իրականացրել է իր առջեւ դրված խնդիրը, ինչն էլ փառաբանում էր Նիկոլ Փաշինյանը՝ աջուձախ մեդալներ ու պարգեւներ շնորհելով եւ այն հերոսամարտ կոչելով: Արսենյանը մեղադրում է նախկիններին՝ իշխանության գալու փորձերի համար, կարծես թե ինքը նախկին չէ։ «Հայ ժողովուրդը իրենց ցախավելով դուրս է շպրտել, բայց իրենք փորձում են լուսամուտից ներս մտնել»,- ասում է նա: Ըստ Արսենյանի՝ տարբեր կենտրոններից պետության դեմ տեղեկատվական դիվերսիա է իրականացվում՝ այսպես է նա որակում իշխանության գործողությունների քննադատությունը, երբ ամեն օր երկիր ենք կորցնում եւ 5 հազար երիտասարդ ենք հողին հանձնել: 

Տվյալ դեպքում Արսենյանը պետությունը նույնականացնում է Փաշինյանի իշխանության հետ: Նա իր հարցազրույցներում արդարացնում է իշխանության հանցավոր անգործությունը, թե իշխանությունը չի հասցնում ուղղել սխալները, քանի որ ամենօրյա ինքնապաշտպանությամբ է զբաղված: Մինչդեռ իշխանությունը պարտավոր է զբաղվել ոչ թե ինքնապաշտպանությամբ, այլ՝ երկրի պաշտպանությամբ, եւ եթե սխալներ քիչ թույլ տա, քննադատությունն էլ քիչ կլինի: Արսենյանը նաեւ արտահերթ ընտրությունների ջատագովն է, քանի որ լավ գիտի, որ քաղաքական ասպարեզում ինքը կարող է ջրի երեսին մնալ միայն իշխանական ցուցակի մեջ տեղ գտնելով, այլապես նա քաղաքականություն վերադառնալու որեւէ այլ հնարավորություն չէր ունենա: Կկիրառե՞ն իշխանությունները Արսենյանի ներդրած նախընտրական «գործիքակազմը»՝ ընտրակաշառքը, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի փողերն անպայման կիրառություն կգտնեն այս ընտրություններում…