Տանը նստել չկա

Տանը նստել չկա

Ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, տանը պետք է մնան թերեւս միայն արդուկն ու լվացքի մեքենան: Հայաստանում ով կա-չկա, ինչ կա-չկա, պետք է մասնակցի այդ ընտրություններին: Կարծում եմ՝ կարիք չկա եւս մեկ անգամ բացատրել, թե որքան կարեւոր են այս ընտրությունները մեր երկրի ապագայի համար: Ասեմ միայն, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական լինել մեր պետականության լինելիության հարցում: Վերջին երեք տարում ամենաշատը, եթե նկատել եք, տուժել է հենց մեր պետականությունը: Որ կողմը նայում ես՝ ավերակ է՝ ոտնատակ արված սահմանադրություն, հոգեվարքի դուռը հասցված բանակ, ոչնչացված արտաքին քաղաքականություն, սոցիալական ծրագրերի բարձիթողի վիճակ, իրավական համակարգի եւ արդարադատության իսպառ բացակայություն, գահավիժող տնտեսություն, ներդրումների զրոյական մակարդակ… Կարելի է էլի թվարկել: Այս ամենը վթարված պետականության եւ ոչ կոմպետենտ կառավարման հետեւանք է: Հունիսի 20-ին տանը նստել՝ նշանակում է նպաստել, որ այս ընթացքը շարունակություն ունենա, նշանակում է ռիսկի ենթարկել մեր պետականությունն ընդհանրապես:

Հունիսի 20-ը գյուղատնտեսական աշխատանքների ամենաեռուն շրջանը չէ: Այնպես որ, ասվածը վերաբերում է նաեւ մեր գյուղական մեծուփոքր համայնքների բնակչությանը: Էլ չսկսեք՝ տավարը սարն էի տարել, եդացա… ջուրը կարտոլի մարգումը ո՞նց բրախեմ, գամ… Նման պատճառաբանություններ չպետք է լինեն: Կարող ենք երկիր ու պետություն կորցնել, իսկ դրանից հետո ո՛չ տավար կունենանք, ո՛չ էլ կարտոլի մարգ: Տավարն առաջ արած, բահն ուսներիդ՝ եկեք ընտրատեղամաս, ձեր պարտքը կատարեք, քվեարկեք, հետո տավարը որ սարն ուզում եք՝ քշեք, կարտոլն ինչքան ուզում եք՝ ջրեք:

Հարգելի մտավորականներ, կներեք, որ ձեզ էլ եմ ասում, բայց դուք էլ չմոռանաք գնալ ընտրության: Այդ օրն էլ մի քիչ քիչ խոսեք, քիչ վերլուծեք, քիչ գցեք-բռնեք, կիչ կարծիք հայտնեք: Ուղղակի կոկիկ հագնվեք, բռնեք թոռնիկի ձեռքից եւ, ճանապարհին հանդիպող մարդկանց բարեւելով, գնացեք ընտրատեղամաս: Հետո, երբ գործն արված կլինի, խնդրեմ, թառեք հեռուստաէկրաններին՝ ինչքան հավեսներդ տա:

Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե ինչու է պետք ընտրություններին մեր ժողովրդի այս մեծ մասնակցությունը: Աշխարհում հարյուրավոր ազգեր են ապրում, հարյուրավոր պետություններ կան: Մենք իրավունք չունենք նրանց առաջ խայտառակվելու: Թող ոչ ոք չկարողանա ասել, որ սարսափելի պատերազմ տեսած, կործանման եզրին հասած պետության քաղաքացիները զլացան նույնիսկ քվեով փրկել իրենց հող հայրենին: Սրանից ավելի մեծ ամոթ մեկ էլ սա կարող է լինել: Էլ չեմ խոսում այն մասին, որ դա ամոթանք կլինի նաեւ մեր աշխարհահռչակ մեծերի հիշատակին: Կասեն՝ սրա՞նք են աշխարհին Նարեկացի տվել, Արամ Խաչատրյան ու Հովհաննես Այվազովսկի, Կոմիտաս, Թումանյան ու Սարյան: Ասելս այն է, որ մեկ անգամ արդեն մեր պասիվությամբ թույլ ենք տվել պատահական անցորդներին՝ Հայաստանում դառնալ իշխանություն եւ ժողովրդի անունը տալով՝ ասպատակել ամեն ինչ:

Փաշինյանը, հավատացեք, չի ունեցել համաժողովրդական աջակցություն: 2018թ. դեկտեմբերին նրա ընտրությանը նպաստել են հեղափոխական էյֆորիան եւ ընտրելու իրավունք ունեցող «նստակյացները», որոնք մեծամասնություն են կազմել՝ մոտ 51 տոկոս: Ընդամենը 49 տոկոս մասնակցություն, եւ Փաշինյանը մասնակիցների 70, իսկ մեր ժողովրդի ընդամենը 30 տոկոսի քվեով դարձավ վարչապետ: Եթե չենք ուզում կրկնվի այս խայտառակությունը, ուրեմն պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին, այնպիսի ակտիվությամբ, որպիսին եղել է մեկ էլ անկախության հանրաքվեի ժամանակ:

ՀՀ ԺՊ-ացված իշխանության հույսը երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ անտարբերությունն է: Որքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան քիչ խնդիր իրենց համար: Իր ուսապարկերին եւ ակտիվիստներին մոբիլիզացնելը Փաշինյանի համար մեկ-երկու հաշվի գործ է: Այդկերպ նա կարող է հաղթել այս ընտրություններում անգամ քարոզչություն չծավալելով: Այլ կերպ դա կոչվում է պետական լծակների գործադրում, որի դեմ աշխատում են այնպիսի հուսալի գործիքներ, ինչպիսին ընտրությունների վերահսկողությունն է, ընտրողների մեծ մասնակցությունը: Մեր համեստ հաշվարկներով՝ ընտրողների նույնիսկ 53-55 տոկոս մասնակցության դեպքում Փաշինյանը վերարտադրվելու որեւէ շանս չունի:

Իսկ երկիրն ու պետությունը պետք է հեռու պահել Փաշինյանի վերարտադրությունից: Ո՞ւմ համար պարզ չէ, թե ինչով է հղի կապիտուլյանտի վերարտադրությունը: Նա փորձելու է վրեժ լուծել իր բոլոր անհաջողությունների համար, իսկ նրա թիրախն էլ ոչ թե իրեն ծնկի բերած թշնամին է լինելու, այլ հայ մարդիկ, որոնք նրան իրավացիորեն մեղադրեցին երկրի ու ժողովրդի գլխին այս աղետը բերելու, ամեն ինչ քանդելու, պետականությունը վտանգելու, վախկոտության ու դավաճանության մեջ:
Ո՞ւմ ընտրել: Այս հարցում ես վատ խորհրդատու եմ, կներեք: Ես կարող եմ ասել, թե ում եմ ընտրելու ես եւ էլի շատ մարդիկ, որոնց համար կա մի հստակ հրամայական՝ իշխանությունից հեռացնել չարիքի կառավարությունը եւ ձեւավորել նոր իշխանություն, որը կերաշխավորի հայոց անկախ ու ինքնիշխան պետականության շարունակականությունը: Իշխանություն, որ օդը չի թրատի հիմար-հիմար բացականչություններով, այլ արված գործերով կապացուցի ու կվստահեցնի, որ իսկապես Հայաստանում ապագա կա: