Դեսպան Կոպիրկինը խոր մոլորության մեջ է

Դեսպան Կոպիրկինը խոր մոլորության մեջ է

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ հետաքրքիր մտքեր է արտահայտել «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը՝ արդի հայ հասարակությունում» համաժողովի ժամանակ։ Հայաստանի ներքին կյանքի մեջ բավականին, երբեմն էլ անթույլատրելի չափով խորամուխ եղած դեսպանն ասել է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները լիովին կատարում են իրենց դերը նաեւ այսօր, Ռուսաստանը եւ Հայաստանը կապված են շատ սերտ կապերով՝ մարդկային, տնտեսական եւ այլն.

«Մեր հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն։ Մեզ միավորում է չափից ավելի շատ բան։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես այժմ, այս դժվար ժամանակներում, Հայաստանի Հանրապետության կյանքի եւ զարգացման այս բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»։ Ինչ խոսք, տպավորիչ է, սակայն որքանո՞վ է դեսպանն անկեղծ, թեպետ ասում են, որ դիվանագետները երբեք անկեղծ չեն լինում։ Իսկ գուցե ադրբեջանական զինուժի ներկայությունը Հայաստանի տարածքում կամ, որ նույնն է՝ ՀԱՊԿ տարածքում, դրանց առհավատչյա՞ն է։ Ընդհանրապես, ռուս-հայկական հարաբերություններ ասելով ի՞նչ նկատի ունի դեսպան Կոպիրկինը։ 

Եթե նկատի ունենանք զուտ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, ապա դրանք այժմ դժվար թե հնարավոր լինի որակել որպես ռազմավարադաշնակցային։ Ավելի ճիշտ՝ կարելի է որակել որպես տիրոջ եւ ճորտի հարաբերություններ, ընդ որում՝ տարրական ասպետականությունից զուրկ եւ երբեմնի կայսրական մարմաջով տառապող տիրոջ ու նրանից լիովին կախված ճորտի։ Իսկ եթե նկատի ունի Ռուսաստանի հարաբերությունները բովանդակ հայության հետ, նաեւ՝ հայկական սփյուռքի, ապա ուղղում պետք է կատարել․ Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Ավստրալիայի հայությունը՝ ճնշող մեծամասնությամբ, բոլորովին այլ պատկերացում ունի Ռուսաստանի՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասով, քան Ռուսաստանում հայերի միությունն է։ Զուտ ֆորմալ եւ լոբբիստական մի կառույց, որն ավելին չէ, քան սովորական հայրենակցական միությունը։ ԱՄՆ, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, նույնիսկ Մերձավոր Արեւելքի հայությունը՝ իր ճնշող մեծամասնությամբ, բավականին սուր հարցեր ունի՝ ուղղված Կրեմլի այսօրվա տիրակալին, կապված թեկուզեւ ղարաբաղյան 44-օրյա պատերազմում նրա որդեգրած կեցվածքի հետ, հատկապես այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի տարածքում դեռ չէր խոցվել ռուսական օդուժին պատկանող ուղղաթիռը՝ ադրբեջանական կամ գուցե թուրքական օդուժի կողմից։ 

Պատերազմի ավարտից հինգ պակաս միջամտելն ու պատերազմը կանգնեցնելը մի՞թե կարելի է ռազմավարադաշնակցային հարաբերություններ համարել։ Դրսի հայությանն այս ամբողջը հիշեցնում է այն, ինչ կատարվեց հայ ժողովրդի հետ Քեմալ-Լենին դավադիր դաշինքի օրերին, եւ պատահական չէ, որ հիմա էլ հայության մի ստվար զանգված այսօրվա բարդ իրավիճակը բնութագրում է «Քեմալ-Լենին-2» պերճախոս անունով։ 

Դեսպանի խոսքերը ղարաբաղյան իրադրության, սյունիքյան կարգավորման մասին ողջունելի են, սակայն դրանք զուտ խոսքեր են՝ ոչ ավելին, որովհետեւ, օրինակ, դրսի հայությունը սպասում էր, որ ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Կրեմլից գոնե ձեւական հիշատակի խոսք կհնչեր։ Չեղավ։ Ավելին՝ կրեմլյան ողջ քարոզչամեքենան ամեն կերպ փորձեց դա ներկայացնել ոչ հայանպաստ դիրքերից։ Ի դեպ, Ռուսաստանի հայերի միության լոբբիստական նշանակությունն այստեղ շատ լավ երեւաց, ու  ինչպես դրսի հայերն են ասում՝ հասկացանք՝ who is who։ Նկատենք նաեւ, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցն օդից կախված է, իսկ մի քանի տասնյակ միլիարդ դոլարանոց ատոմակայան կառուցվում է Թուրքիայում։

Ռուսաստանի դեսպանը՝ որպես դիվանագետ, երեւի թե փայլուն է տիրապետում իր ժողովրդի պատմությանը ու գիտի, որ հայկական ներուժը Ռուսաստանի արտաքին քաղաքական մի շարք ուղղություններում, դեռ ցարական շրջանից սկսած, կարեւոր գործոն է եղել։ Ուստի, հասկանալի է, որ այն տրամադրությունները, որոնք այժմ առկա են, դիցուք, Նյու Յորքում, Սիդնեյում, Փարիզում, Հռոմում կամ Կահիրեում բնակվող հայության մոտ, ամենեւին չեն խոսում այն մասին, որ Ռուսաստանը հայ ժողովրդի համար համարվում է անայլընտրանք ռազմավարական դաշնակից։ Այլընտրանք միշտ կա, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ապրել իր չարդարացված կայսրական հովերով։ 

Կյանքը փոխվել է, եւ եթե մի օր հանկարծ պարզվի, որ, օրինակ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Մերձավոր Արեւելքում ստեղծված ոչ բարվոք վիճակի պարտադրանքով ստիպված է տեղափոխվել այլ նստավայր, ասենք՝ Արեւմուտք, Ամերիկա կամ Եվրոպա, այդ ժամանակ հայության աջակցությունը Ռուսաստանի ներկայիս ղեկավարությանը իր վերջնագծին կհասնի։ Իսկ թե հետո դեսպան Կոպիրկինն ինչ համաժողովներ կկազմակերպի, ինչպիսի սրտաճմլիկ ելույթներով հանդես կգա, բոլորովին կարեւոր չի լինի։