Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալով պատերազմ չի լինելու

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ներկայացուցիչ, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հետ
- Մի կողմից քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրությունների, մյուս կողմից թշնամին գրոհում է ՀՀ սահմանները։ Մարդիկ մեղադրում են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Արդյո՞ք ընտրությունները հարցի լուծում են, չկա՞ այլ ուղի։
- Մենք ունենք այնպիսի իշխանություն, որը պատրաստ է ցանկացած աներեւակայելի քայլերի, միայն թե չկորցնի իշխանությունը։ Բնական կլիներ, եթե աղետալի պատերազմից հետո այս իշխանության առաջին դեմքերը (առաջին հերթին՝ այդ մարդը) ինքնակամ հեռանային՝ հասկանալով, որ ի վիճակի չեն երկրում որեւէ դրական փոփոխություն անելու։ Պատերազմից առաջ նրանց երկուսուկես տարվա գործունեությունը պետական համակարգի համատարած կազմալուծում է եղել՝ ձախողում բոլոր ոլորտներում։ Պատերազմի հետեւանքները, կորուստները քիչ թե շատ բարոյականություն, պատասխանատվություն, ազգային-պետական գիտակցություն ունեցողներին կթելադրեին համապատասխան գործողություններ, բայց սրանք այլ որակ են․․․ Փորձ կատարվեց պատերազմից, եռակողմ հայտարարությունից հետո հասարակությանը ոտքի հանել, մի զգալի մաս ոտքի կանգնեց։ Ցավոք, հասարակությունն այնպիսի շոկի մեջ էր, հսկայական պահանջ չձեւակերպվեց․․․ Դուք հիշեք այդ մարդու վիճակն առաջին օրերին՝ բունկերում թաքնված, ճվճվոցով, հիստերիաներով։
- Խոստովանեք, որ ընդդիմությունն էր նախեւառաջ մեղավոր՝ միակամ չէիք, կազմակերպված չէիք։
- Ճիշտ է, կարծում եմ՝ այլ քայլեր կարելի էր կատարել, բայց ես վստահ չեմ, որ նույնիսկ այդ պարագայում այս մարդն ինքնակամ կհեռանար։ Ունենք շարունակական աղետ, վերջին շաբաթների ընթացքում թշնամին արդեն Հայաստանի տարածքում է, իշխանությունները շարունակում են իրենց ավերիչ գործը։ Ընտրություններ՝ ուրեմն ընտրություններ, հենց այստեղ է, որ մեր բնակչության դիրքորոշումը պետք է արտահայտվի, մենք պետք է գիտակցենք, որ շարունակության դեպքում այդ ամենը բախելու է բոլորի դռները։ Հայաստանում պետք է ձեւավորել իշխանություն, որը կարող է որակական փոփոխություններ բերել եւ երկիրը տանել արժանապատիվ խաղաղության, ամենօրյա որակյալ աշխատանքով երկիրը դարձնել ավելի դիմացկուն, արժանապատիվ։ Մեր դաշինքն ամեն ինչ անելու է՝ օր առաջ այս իշխանություններից ազատվելու համար, վստահ ենք, որ հաղթելու ենք կամ, ինչպես պարոն Քոչարյանն է ասել՝ կրելու ենք։
- Ինչո՞ւ եք վստահ՝ եթե պատերազմ են կեղծել, ի՞նչն է խանգարում ընտրություն կեղծելուն։
- Ես իրենց մասին չեմ ուզում խոսել, իրենց բնութագիրը պարզ է։ Որ իրենք ամեն ինչ կփորձեն անել իշխանությունն ատամներով պահելու համար, հասկանալի է։ Բայց իրենք ավարտված են․․․ սրանք հեռացվելու են, դա միանշանակ է։ Իշխանությունը, լավագույն դեպքում, կարողանալու է հավաքել 20-22 տոկոս ձայն, որեւէ շանս չունի կոալիցիա կազմելու ուրիշ ուժերի հետ, քանի որ քաղաքական դաշտում չեն երեւում այնպիսի ուժեր, որոնք չաջակցելով աջակցում են։ Մեր դաշտը շատ ավելի ամբողջական է։ Մեր նպատակն այս ավերակների վրա վաղվա Հայաստանը կառուցելն է, մեր թիմը դա կարող է անել։
- Հարցումները ձեր օգտին չեն, զգալի հատված շարունակում է վստահել Փաշինյանին։
- Մենք գիտենք այդ հարցումների բնույթը՝ հեռախոսային հարցումներ, եւ գիտենք, թե դրանք ինչպես են պատվիրվում։ Ես շփվում եմ մեր քաղաքացիների հետ, այն հոսքը, որ կա մեր դաշինք, հակառակի մասին է փաստում։ Մարդիկ արդեն չեն վախենում իշխանական բռնաճնշումներից։ Մեր քաղաքացիներն օր-օրի տեսնելու են, որ այլ տարբերակ չկա, քան ուժեղ, կազմակերպված իշխանություն ունենալը, որը հարգանք կպարտադրի ոչ միայն մեր թշնամիներին, այլեւ՝ բարեկամներին, կկարողանա բոլոր ոլորտներում վիճակը կայունացնել, զարգացման հիմքեր ստեղծել։
- Իսկ ի՞նչն է խանգարում Քոչարյանին՝ քայլեր ձեռնարկել, իր կապերն օգտագործել, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել՝ մենք երկիր ենք կորցնում, հնարավոր չէ՞ լուծել սահմանային հարցերը, կասեցնել նոր փաստաթղթի ստորագրումը։ Բոլորս մի նավի մեջ ենք, բայց նավապետ ենք ընտրում։
- Որ մենք բոլորս նույն նավի մեջ ենք, ակնհայտ է, բայց երբ նավում առնետները նավապետ են աշխատում, արդյունքն այսպես է լինում։ Պատերազմի օրերին եւ դրանից հետո պարոն Քոչարյանը բոլոր հնարավոր տարբերակներով փորձել է օգտակար լինել, բայց սա պետական խնդիր է, պետությունը պետք է աշխատի։ Ակնկալել, որ պարոն Քոչարյանը պետությունից դուրս, իբրեւ անհատ՝ պետք է կարողանա սահմանային հարցեր լուծել, սխալ է։ Ընտրությունները կավարտվեն հաղթանակով, դուք կտեսնեք, թե ինչպես է աշխատում պետական համակարգը, հավատ, հույս առաջանում քաղաքացիների մոտ, նույնիսկ այս իշխանություններին տարբեր պատճառներով աջակցողների մոտ։ «Հայաստան» դաշինքը միայն Քոչարյանը չէ, այո, Քոչարյանն առաջին երաշխիքն է, որ մենք փոխելու ենք Հայաստանի իրականությունը, բայց դաշինքում են նաեւ պատմականություն կրող ՀՅԴ-ն եւ սյունեցիների նորաստեղծ կուսակցությունը, իսկ դուք գիտեք, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի համար։
- Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Շուշին ու Հադրութը հետ եմ բերելու․ ինչպե՞ս։ Նոր պատերա՞զմ եք սկսելու։ Մարդիկ դրանից են վախենում։
- Բացարձակ, Քոչարյանի՝ իշխանության գալով պատերազմ չի լինելու։ Քոչարյանի պաշտոնավարման շրջանն ամենախաղաղն էր մեր պետության 30 տարվա պատմության մեջ։ Եղե՞լ են արժանապատիվ հարաբերություններ հարեւանների՝ Իրանի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ, եղել են, մենք կարողացել ենք մեր ազգային պետական շահը պաշտպանել։ Մեր կարգախոսներից մեկն է՝ գալիս ենք արժանապատիվ խաղաղություն հաստատենք։ Դրանք մանիպուլյացիաներ են, որոնցով ուզում են վախեցնել մեր քաղաքացիներին։ Պատերազմն իրենք են արել, եւ հիմա էլ այն տեղափոխվել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այո, պարոն Քոչարյանը հստակ հայտարարել է, որ ինքը տեսնում է հնարավորություններ՝ արժանապատիվ բանակցությունների միջոցով Հադրութն ու Շուշին վերադարձնելու, չի ասել՝ 100 տոկոսով հետ եմ բերելու, ասել է՝ հնարավոր է։ Ճանաչելով նրան, իր կապերը, ազդեցությունը՝ որակյալ իշխանություն ձեւավորելու, միանգամայն իրատեսական եմ համարում դա։
Կարծիքներ