Ու՞մ է մտադիր պատժել Ադրբեջանը
Նյու-Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ շեշտը դրված է նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությունում ադրբեջանցի զինծառայողի սպանվելու վրա այն իմաստով, որ Ադրբեջանը «բոլոր միջոցներով հետեւելու է այդ գործին, իսկ ովքեր կապ ունեն դրա հետ, կպատժվեն»:
Ու՞մ է մտադիր պատժել Ադրբեջանը: Դատելով նրանից, որ հակառակորդի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեպքը որակել է «ադրբեջանցի զինծառայողի սպանություն»՝ գործ ունենք հայկական կողմին ուղղված սպառնալիքի, այլ ոչ թե ներքին հետաքննություն անցկացնելու, սադրանքի մեղավորներին ի հայտ բերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու մտադրության հետ: Այլ կերպ ասած, արտգործնախարարների հանդիպումից հետո Ադրբեջանը բացահայտ սպառնալիք է հնչեցնում, որ շարունակելու է շփման գծում ագրեսիվությունը: Այս եզրակացությունն ամրապնդվում է նրանով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արտգործնախարարների հանդիպման մասին ընդամենը հետեւյալն է ասել. «Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպմանը, ապա այդ ընթացքում տեղի է ունեցել միայն մտքերի փոխանակություն բանակցությունների մասին այն ընկալումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ակտիվացնեն տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ միջազգային նորմերի եւ կարգի հարգման ջանքերը»: Որքանով կարելի է հասկանալ՝ արտգործնախարարների հանդիպմանը լրջորեն քննարկվել է սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի եւ այն կանխելու հետեւանքով ստեղծված իրավիճակը, եւ համանախագահները պաշտոնական Բաքվին նման միջադեպերի անթույլատրելիության հստակ ուղերձ են հղել: Ըստ երեւույթին, արտգործնախարարների հանդիպումից առաջ Ադրբեջանը փորձ է արել լայնածավալ լարվածություն սադրել՝ պատերազմի սպառնալիքով քաղաքական շահ կորզելու համար, բայց ստացվել է ուղիղ հակառակը: Ադրբեջանի ԱԳՆ նյարդային եւ դիվանագիտական ձեւակերպումների ընդունված կանոններից դուրս հայտարարությունը դա է վկայում:
Կարծիքներ