Մեր ժամանակի դավաճաններն ու հերոսները
Չենք ուզում անդրադառնալ Հայաստանի խորհրդայնացման տարիներին, քանզի այն չափից դուրս ծեծված թեմա է։ Սակայն չենք կարող չհիշեցնել, որ խորհրդայնացման ճանապարհով Հայաստանի անկախ պետականությունն այն ժամանակվա մեր հերոսների կողմից զոհաբերվեց Ռուսաստանին։ 70 տարի հայ մարդը կուրորեն օրորոցից մինչ գերեզման երկրպագում ու պաշտում էր իր այդ ժամանակվա հերոսներին։
30 տարի առաջ՝ ԽՍՀՄ փլուզման տարիներին, Ռուսաստանն ինքը, նույնիսկ հարկադրաբար, ինչպես ԽՍՀՄ կազմում եղած մյուս հանրապետություններին, Հայաստանին անկախացման նախապատրաստեց ու փաստացի անկախություն շնորհեց։ Այդ ժամանակ Հայաստանի անկախության համար «պայքարող» ու «պայքարած» շնից շատ հերոսներ հայտնվեցին։ Մեկը ԿԳԲ-ի նառերի վրա Հայաստանի անկախության համար դարերով կրած տառապանքներից առաջացած մազոլներն էր մեզ դեմ տալիս, մյուսները պառկում էին երկաթգծերին եւ փակում ու քանդում էին մեր գործարանները։ Ազգի խելոքները «Նաիրիտ»-ի տարածքում դեղձի այգի տնկելու կոչեր էին անում ու փաստում, որ չիրն աշխարհին ավելի շատ է հարկավոր, քան ավտոդողերն ու ռետինատեխնիկան։ Տարիներ հետո Հայաստանի տարածքի կեսը, որ մինչ այդ դեղձի այգի էր եղել, ամայացավ։ Այդ տարիներին ունեցանք Հայաստանի անկախության համար «պայքարած» ավելի շատ հերոս, քան մեր ողջ պատմության ընթացքում՝ Հայկ Նահապետից սկսած։
Անցյալ դարի 90-ականների հերոսների շնորհիվ վերջապես ունեցանք տնտեսությունից «վնասազերծված» ու հայաթափման վերջնական սահմանին մոտեցող անկախ Հայաստան։ Եվ ո՞վ էր հյուսել հեքիաթն այդ վսեմ, որ Հայաստանի այս տեսակ դրախտայնացումը կբերեր նրա բարգավաճմանը, Արցախի անկախացմանը եւ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնմանն ու Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը։
Հիշում եմ՝ այդ տարիներին ՀՀ կառավարությունում խորհրդատվություն էր իրականացնում ոչ մի տեղ պաշտոնապես չգրանցված Ջեկոբ (Հակոբ) անունով ԱՄՆ մի քաղաքացի, ազգությամբ հրեա, որի տված խորհուրդներից հետո գործող արտադրություններ էին փակվում ու քարուքանդ լինում։ Հայ ժողովրդին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մատուցված ծառայությունները, առանց չափազանցության, կարող են համեմատվել միայն կարա-կոյունլուների արշավանքի հետ։ Եվ մեր ոչ բարով աղբյուրագետ-պատմաբանն ու իր գաղափարական հրոսակախմբի անդամները մեր անկախության մտացածին հերոսամարտի հերոսներն էին համարվում։ Ի՞նչ է սա՝ գաղափարական մոլորությո՞ւն, պետականության չտեսությո՞ւն, թե՞ ուղղակի ազգային դավաճանություն։ Քաղաքական ամենաանաչառ վերլուծաբանը ժամանակն է։ Միայն կույրը չի տեսնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաքելությունը Հայաստանի անկախացման գործում աշխարհակարգ թելադրող մեծապետական՝ եվրո-ամերիկյան ուժերի կողմից նախօրոք ծրագրավորված ու ֆինանսավորված էր։ Նա այսօր դա գրեթե չի ժխտում ու պնդում է, որ եթե այդպես չլիներ, ապա Հայաստանին ավելի կործանարար սցենարներ էին սպասվում։
Արցախյան հարցի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսության համաձայն էլ՝ Արցախի համար թափած արյունն անտեղի է եղել, քանզի Արցախի տարածքային պատկանելության հարցի լուծումը, այսպես թե այնպես, կախված է լինելու մեծապետական ուժերի՝ Մինսկի խմբի հայեցողությունից։ Հետաքրքիր է՝ եթե դա այդպես էր, ինչո՞ւ նրա քաղաքական քիրվաները ժամանակին այդպես չէին մտածում եւ ամբողջ ուժով համատարած կոտորում էին իրենց պետության կայացման համար հող տրամադրած, քաղաքներ ու տնտեսական հզորություններ հաստատած, իրենց եղբայրաբար օգնած ու ծառայած հայերին, այսօր էլ սահմանամերձ մեր բնակավայրերի վրա անձրեւի նման մահաբեր գնդակներ են տեղում։
Այս հոդվածի շարժառիթը Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ Գյումրիում կայացած տոնակատարության այն սյուժեն է, երբ մեր ժամանակի հերոսներին մեծարանքով բեմ էին հրավիրում ու նվերներ հանձնում։ Տեսարանը շատ հուզիչ էր։ Այո, ծիծեռնակը բույն է շինում։ Ամեն ինչից զրկված, թալանված ու խաբված ժողովրդի մեջ, նույնիսկ նրա տականքների օժանդակությամբ, աշխարհի չար ուժերը չեն կարողացել սպանել աստվածայինը՝ արարչական գենը։ ԼՏՊ-ի, Քոչարյանի ու Սերժի ֆինանսական գինարբուքների ու խարդավանքների մեջ մոռացված ու արհամարհված եւ Նիկոլի բազմախոստում, սակայն միշտ դատարկ ձեռքերին նայող ժողովուրդն աշխարհի ու բախտի հետ իր ամենօրյա գոյամարտն է մղում։ Այդ օրը մեր երկրում նիկոլյան նախախնամությամբ հիշվեց հայի այն տեսակը, որը չարին պատասխանելով արարչական բարությամբ՝ հայ է կոչվել ու Հայաստան է պահել։ Այս տեսարանը, իհարկե, կհարստացնի Փաշինյանի քաղաքական գործունեության դաշտի պատկերը, արտերկրի համապատասխան ուժերին էլ կասի, որ եթե նրանք ներդրում չանեն, մենք առանց Ամուլսարի էլ կարող ենք ապրել։ Մենք վստահ ենք նաեւ, որ շատերի մտքում նորից ու նորից կհառնեն հարցեր, թե ինչու է Փաշինյանի կառավարությունը գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու համար կազմել այնպիսի ծրագրեր, որ ոչինչ չունեցող գյուղացին իր փողերով պետք է կովի երկու ոտքը գնի, որ մյուս երկուսը Նիկոլի օգնությամբ կարողանա ձեռք բերել, կամ պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հարկ չվճարած մեծահարուստների բիզնեսներին նույն չափից ավելի գումար նվիրաբերի՝ «աշխատատեղեր» ստեղծելու համար, սակայն նրանց մոտ գրանցված աշխատողների թիվն ավելի է քչացել, քան Սերժ Սարգսյանի օրոք էր։ Եվգենի Պետրոսյանը կասեր՝ весело живём։
Ժողովուրդ ջան, մենք մեր կատարած հեղափոխությունից, մեծ հաշվով, դեռ բան չենք հասկանում։ Մեր վարչապետը, եթե միայն Ամերիկա մեկնելուց առաջ պետք է մեր ժամանակի հերոսներին հիշի, ու նրանց հանձնված հուշանվերները պետք է լինեն նրա կողմից ցուցաբերված պետական աջակցությունը, կնշանակի, որ այս ամենը մեր բազմասերիանոց իշխանական կինոյի շարունակությունն է։
Ցավն այն է նաեւ, որ նախկին քաղաքական թափոնի մեջ մարգարիտներ չես գտնի, իսկ նոր քաղաքականության առաքյալները դեռեւս ոչ մեկի կողմից չեն գործուղվել՝ չունենք։ Օսիպյանը որ շորերը փոխեց, ի՞նչ պիտի փոխվի կառավարության դատարկ գլխում, որ մեր կյանքում էլ բաներ փոխվեն։ Մեր երկրի համար ճակատագրական կլինի, եթե իշխանությունն այնքան ապիկար գտնվի, որ նրան փոխարինելու գա քաոսը։ ՀՀԿ-ի նահանջահաչին չխաբվեք։ Նրան ծեծելով իշխանության չես բերի՝ նրա ախորժակը բացող խլելու եւ թալանելու արժեքներ չեն մնացել։ Բացի այդ, Հայաստանը տնտեսապես օտարներինն է արդեն։ Նրանք իրենց երկրում կուզենան՝ ներդրումներ կանեն, չեն ուզենա՝ չեն անի, հազար հատ Սերժ ու Նիկոլ լինի։
Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն
Կարծիքներ