Հիշատակի երթ՝ քաղաքական մեսիջներով

Հիշատակի երթ՝ քաղաքական մեսիջներով

Կիրակի օրը «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթ-մոմավառությունը Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր բավականին բազմամարդ էր։ Տարբեր հաշվարկներով, 8-10 հազար մարդ էր մասնակցում՝ զոհված հերոսների հարազատներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավար կազմը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, շարքային քաղաքացիներ, հոգեւորականներ։ Թեպետ երթը նվիրված էր 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին, սակայն այն քաղաքական խորհուրդ ուներ։ «Հայաստան» դաշինքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երթի մարդաշատությունը եղել է իրենց սպասածից ավելին։

«Սա շատ լավ ինդիկատոր էր առ այն, որ հետպատերազմական ճգնաժամն ավարտվել է։ Սին են բոլոր  խոսակցությունները, թե մարդիկ հարմարվել են այս իրավիճակին, կիրակնօրյա երթը ցույց տվեց նաեւ, որ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ուժերի իրական դասավորությունը, ու սա լավ ցուցիչ է, որ պետք է նոր թափով շարունակել իշխանափոխության դեմ պայքարը փողոցում»,- ասաց «Հայաստան» դաշինքի մեր աղբյուրը՝ նաեւ կատակելով, թե երթին հայտնի իշխանասեր օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մասնակցությունն ասվածի լավագույն ցուցիչն է․ «Լֆիկը բոլորից շուտ է զգում իշխանության հոտը եւ գնում է այդ ուղղությամբ»։

Ավելին, «Հայաստան» դաշինքում կարծում են, որ իրենց երթի բազմամարդությունն ու հանրային չմարող ցասումն են պատճառ դարձել, որ երեկ Նիկոլ Փաշինյանը փոխել է Եռաբլուր այցի գրաֆիկն ու ֆորմատը։ Նշենք, որ այցը նախատեսված է եղել 9։00-ին, սակայն Փաշինյանն առավոտ գիշերով՝ 7։30-ին, միայնակ բարձրացել է Եռաբլուր, բնականաբար՝ թիկնազորի ուղեկցությամբ։

Ի դեպ, կիրակնօրյա երթից առաջ ամենաբարձր մակարդակով որոշվել է, որ կազմակերպիչ ուժերի ներկայացուցիչները՝ քաղգործիչները, պատգամավորները, հարցազրույցներ չպետք է տան, որպեսզի չնսեմացնեն օրվա խորհուրդը, սակայն երթի բազմամարդությունը որոշակիորեն խմբագրում է մտցրել սցենարում, եւ կարճատեւ ճեպազրույց է տվել Իշխան Սաղաթելյանը` կոչ անելով չհամակերպվել այս պարտության հետ, հայտարարելով, որ ծնկի եկած այս վիճակից պետք է դուրս գանք․ «Այսօրվա մեր հիշատակի երթն ունի այդ խորհուրդը: Այո, մենք ոտքի ենք կանգնելու, մենք տեր ենք մեր երկրին, հայրենիքին, եւ մեր սուրբ նահատակների թափած արյունը հանուն հայրենիքի իզուր չի անցնելու, իրենց գործը շարունակելու ենք: Մենք ոտքի ենք կանգնելու, համախմբվելու ենք եւ դուրս ենք գալու այս վիճակից»։ Ասել է նաեւ, որ երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետեւ ճգնաժամը ստեղծողները եւ երկիրն աղետի բերած իշխանությունները մնում են իշխանության։

«Պետք է կանխենք Հայաստանի թրքացումը, երկիրը պետք է դուրս գա այս իրավիճակից, պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ խոչընդոտ՝ այսօրվա իշխանությունն է, որոնց հեռացումն անհրաժեշտություն է»,- նշել է Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանելու, քանի որ հավաքվել են՝ զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 26-ի երթով ազդարարելու էր 44-օրյա միջոցառումների շարքը՝ բողոքի տարբեր ակցիաներ, կլոր-սեղան քննարկումներ, ասուլիսներ եւ այլն: Դաշինքից չեն ցանկանում մանրամասնել միջոցառումների կոնկրետ տեղը, ժամը, օրը, թե երբ ու ինչպես են ակցիաներ անելու, որպեսզի իշխանությունը չխափանի իրենց պլանները։ Միայն ասացին, որ «մենք-մերոնցով» քննարկումներ չեն լինելու` կհրավիրեն քաղաքական համախոհ ուժերի ներկայացուցիչների, փորձագետների, պատերազմի մասնակիցների, զոհված կամ վիրավոր ծառայակիցների հարազատների, դրվագային քննության կենթարկեն պատերազմի իրադարձությունները, ցույց կտան իշխանության թերացումները, բացթողումները եւ այլն։

Կիրակի օրվա երթին նաեւ ՀՀԿ-ականներ էին մասնակցում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ այլք: Ինչպես նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական թեւը՝ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատգամավորներ Տարոն Մարգարյանը եւ Տիգրան Աբրահամյանը: Հատկանշական է, որ երթին ներկա չէր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը՝ ի դեմս Վանեցյանի։ Որոշ տեղեկությունների համաձայն, հարցը նույնիսկ քննարկվել է դաշնակից կուսակցությունների շրջանում, ոմանք շեշտել են, որ պետք չէ նույնանալ «Հայաստան» դաշինքի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ` պետք է հանդես գալ իբրեւ առանձին միավոր։

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը մեզ ասաց, որ երթին չմասնակցելու հստակ պատճառ չկա․ «Քաղաքական կոմպոնենտ չկա։ Պարզապես մենք մեր թիմով այդ խորհրդի շրջանակներում ընկածներին հիշատակի տուրք ենք մատուցել, նախօրեին գնացել ենք Եռաբլուր»։ Ասաց, որ այս քայլով ամենեւին չեն վնասել ընդդիմության միասնականության  գաղափարին․ «Մենք միշտ կողմ ենք միասնականության գաղափարին եւ անցած մեկ տարվա ընթացքում մեր պահվածքով ենք ցույց տվել, որ իրար հետ քայլելով չի որոշվում` միասնականություն կա, թե չկա, միասնականությունը եղել է եւ կա կոնկրետ գաղափարների շուրջ»։

Իսկ երթի քողարկված գաղափարը մարդկանց ցասումը, բողոքի ձայնը` առ իշխանություններ, ցուցադրելն էր։ «Մենք կարծում ենք, որ դա ամենօրյա աշխատանք է` ցույց տալ, որ հանրությունը չպիտի մերվի, իսկ մեր կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այս իրավիճակը փոխելու եւ երկիրն իրապես սուվերեն վիճակի բերելու համար»,- ասաց «Հայրենիք» կուսակցության խոսնակը։ Երթին չէին մասնակցում նաեւ Հայրենիքի փրկության շարժման առանցքային ուժերից մի քանիսը, մասնավորապես` ԲՀԿ ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, ապա մեզ ասացին, որ նրանք իրենց անհատական ցանկությամբ են միացել երթին` կուսակցական որոշում չի եղել։