«Մանսուրյան․ խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

«Մանսուրյան․ խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն Մանսուրյանի ստեղծագործությունները. «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ-Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։ Համերգի մասնակիցներն են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող Բաբկեն Չոբանյանը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում։ 

Մանսուրյանը, անդրադառնալով հունվարի 27-ին կայանալիք համերգին, ընդգծեց, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իր տարեդարձի օրն առաջին անգամ հնչելու են երկու կարեւոր ստեղծագործություններ, ինչն իր համար չափազանց հուզիչ է։

Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, կոմպոզիտորը գրել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, եւ այն առաջին անգամ հնչել է անցյալ տարի։ Հեղինակը նկատեց, որ հայրենների համար մեղեդի գրելն իր երազանքն է եղել։ «Երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները՝ ձայնի եւ դաշնամուրի համար։ Մշտական պահանջ ունեի՝ կրկին անդրադառնալու հայրեններին։ Մլքեյանի հետ երկար տարիներ ենք համագործակցում, ինչը լավ հիմք հանդիսացավ՝ շարունակելու այդ աշխատանքն արդեն նոր ստեղծագործություններով։ Արդյունքում ունենք «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների»»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։ 

ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն իր խոսքում ընդգծեց, որ հունվարի 27-ին կայանալիք համերգը պատասխանատվության առումով տարբերվում է մյուս համերգներից, քանի որ հայրենները, որոնք պետք է ներկայացվեն երեկոյի ընթացքում, Մանսուրյանը նվիրել է իրեն. «Ես այն երջանիկներից եմ, ում Տիգրան Մանսուրյանը նվիրել է պարտիտուր, որը հնչելու է այդ կարեւոր օրը»։ 

Անդրադառնալով Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին՝ Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ ժյուրիի կազմը բավական բարդ խնդիր է դրել իր առջեւ. «Մրցույթին մասնակցող կոմպոզիտորները պետք է խորապես ուսումնասիրեն պոեզիան։ Պետք է գրեն այնպիսի ստեղծագործություններ, որոնք փորձեն հետագայում դառնալ ազգային արժեք։ Այդ նպատակին ծառայեցնելու համար մրցույթը, հավանաբար, մի փոքր բարդ կլինի։ Ունենք երիտասարդներ, որոնք հրաշալի գրում են»։