Լոնդոնցիներն ու մենք

Լոնդոնցիներն ու մենք

Շուրջ 6 տարի առաջ էր, որ Լոնդոնի քաղաքապետ ընտրվեց ազգությամբ պակիստանցի Սադիղ Խան անունով մի մարդ: Ըստ երեւույթին, ոչ մի տարօրինակ բան էլ չկա, եւ հիշյալը ամենայն հաջողությամբ շարունակում է պաշտոնավարել աշխարհի մեծագույն կայսրություններից մեկի՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Իսկ վերջերս էլ նույն կայսրության վարչապետ ընտրվեց հնդկական ծագումով ու շեշտված հնդկական արտաքինով մի հնդիկ:

Պակիստանն ու Հնդկաստանը, որպես մեկ ամբողջություն, մինչեւ 1947 թվականը եղել են Միացյալ Թագավորության գաղութներից: Ուրեմն այսպես. Մեծ Բրիտանիայի բարձրագույն գործադիր իշխանության ղեկին է բազմել իր նախկին գաղութներից Անգլիա տեղափոխված մի մարդ, իսկ մայրաքաղաք Լոնդոնի քաղաքագլխի պաշտոնն էլ վստահվել է նույն գաղութի մեկ այլ մարդու: Անշուշտ, այս երկուսն էլ ընտրվել են Անգլիայի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ: Ընդամենը մեկ դար առաջ այդպիսի պաշտոնների թեկնածուները պիտի լինեին զտարյուն անգլիացիներ եւ նույնիսկ՝ հատուկ խավի մարդիկ: 

Սա 21-րդ դարի քաղաքակրթության հրամայականն է: Ինչքան էլ որ ոմանք չհանդուրժեն կամ տարակարծիք լինեն, մեկ է, աշխարհը զարգանալու է այս ուղղությամբ: Իսկ մենք` երեւանցիներս կամ հայաստանցիներս, զարգացման այս սանդղակում որտե՞ղ ենք կանգնած: Եվրոպական կենցաղավարական ձեւերն ու հագուկապը կրկնօրինակելուց հետո խորացել կամ խորանո՞ւմ ենք արդյոք նրանց զարգացման մյուս բաղադրիչների մեջ եւս:

Ակամայից սկսում ես մտածել եւ համեմատություն անցկացնել. հայ քրիստոնյա ղարաբաղցի՞ն է ավելի տարբեր երեւանցուց, թե՞ մուսուլման պակիստանցին կամ հինդու հնդկաստանցին քրիստոնյա անգլիացուց: Իսկ եթե Ղարաբաղը դարեր շարունակ Հայաստանի գաղութը եղած լինե՞ր… 

Հերիք եղավ: Տեսանք մեր արածի, բայց հատկապես չարածի արդյունքը: Եթե ոչ ինքներս մեզնից, գոնե ուրիշներից սովորենք: Անպայման պետք է աղետի մատնվենք, որ սթափվենք: Ամբողջ աշխարհի առաջ գլխիկոր եղանք մեր այս վերջին «չընտրության» համար: Մեզ հետ էլ գլխիկոր դարձրինք համայն աշխարհի հայությանը: Նախկինում ամեն տեղ մեր ներկայացուցիչները հաղթանակած երկրի դիրքերից էին շփվում մյուսների հետ, իսկ հիմա՞… 
Այն օրերին նորընծա գերագույն գլխավոր հրամանատարը, նախկիններից ստացած ժառանգության գլուխն անցած, ազատ Արցախում կանգնած հոխորտում էր. «Սա Հայաստան է, ու վե՛րջ…»: Իսկ հիմա հարցրեք նրան՝ ո՞րն է Հայաստանը…

Վահան Դարբինյան