ՔՊ-շնիկներն առանց ընդդիմության կյանք չունեն

ՔՊ-շնիկներն առանց ընդդիմության կյանք չունեն

ԱԺ քաղաքական մեծամասնությունը եւ ՀՀ իշխանությունն այսօր գոյություն ունեն ընդդիմության հաշվին: Այն պահից, երբ չլինի ընդդիմություն, ՀՀ իշխանություններն անելիք չեն ունենա: Փաշինյանի կառավարությունը վաղուց արդեն անելիք չունի արտաքին քաղաքականության բնագավառում: Այստեղ Փաշինյանը, կարելի է ասել, «մենաշնորհ» ունի, եւ, խնդրեմ, արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Եթե մի գեղեցիկ օր մենք արտգործնախարարությունը փակենք եւ Արարատ Միրզոյանին ուղարկենք թոշակի, Հայաստանում ոչինչ տեղի չի ունենա: Շատերը, ներսում ու դրսում, գուցե չնկատեն էլ այդ «փոփոխությունը»:

Հայաստանում քանի՞ մարդ կտխրի հումորի պակասից, եթե փակվի էկոնոմիկայի նախարարությունը, ու Քերոբյանն անցնի այլ աշխատանքի: Այդ մարդը մյուսներին զվարճացնելուց բացի ոչինչ չի արել եւ չի անում: Թե բա՝ նոր քաղաքներ ենք կառուցելու… Փաշինյանը խոստացել էր նոր գյուղ կառուցել: Կառուցե՞ց: Գյուղ գյուղի հետեւից տալու գործում իրենց հավասարը չունեն: Սրանց պատճառով 2 տարի անընդմեջ Հայաստանը ճանաչվում է ամենաերջանիկ երկիրն աշխարհում: Գյուղատնտեսության մասին ընդհանրապես խոսք չկա. գյուղնախարարությունն էն գլխից են փակել: Որպեսզի մշակույթով չզբաղվեն, ոլորտը միացրին կրթությանը, գիտությանը եւ սպորտին: Այսօր չունենք ո՛չ մշակույթ, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն, ո՛չ սպորտ: Պապիկյանը երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար էր, գոնե ասֆալտ էր անում: Հանեցին մարդուն, նշանակեցին պաշտպանության նախարար: Այսօր Հայաստանում ոչ միայն ճանապարհներ չեն կառուցվում, այլեւ պաշտպանություն չկա:

Հուշեք մի ոլորտ, որտեղ ընդդիմությունը ներգրավված չէ, եւ հայրենի իշխանությունները որեւէ, թեկուզ հազիվ նշմարելի, հաջողություն ունեն: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին դարձրին ԲԴԽ նախագահ: Այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ տարբերություն, թե որտեղ կաշխատի Կարեն Անդրեասյանը: Ինչքան արդարադատության նախարար էր, այնքան էլ ԲԴԽ նախագահ է լինելու: Վաղն էլ նա է միամիտ խոստովանելու՝ «վզիս դրած ա, պիտի անեմ»: Ուշադիր հետեւեք, թե ինչ է լինելու ոստիկանություն-ՆԳ նախարարություն տարանջատման վերջը: ՀՀ իշխանությունները հերթական մուկն են ծնելու, ինչպես դա եղավ ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելու արդյունքում:   

Մի խոսքով՝ որտեղ ընդդիմություն չկա, այնտեղ նաեւ իշխանություն չկա, որտեղ ընդդիմություն չկա, այնտեղ, շատ ներողություն, բարդակ է: Այս իմաստով ՀՀ ԱԺ-ն զգալիորեն եւ շահեկանորեն տարբերվում է ՀՀ կառավարությունից: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ բարդակ կարող էր լինել այնտեղ, եթե ընդդիմությունը չվերադառնար կամ, որ ավելի ճիշտ է, չորոշեր փողոցային պայքարը զուգակցել խորհրդարանական աշխատանքի հետ: Ասել է թե՝ ընդդիմությունը փորձում է գոնե ԱԺ-ն փրկել ՔՊ-ական համատարած վանդալիզմից, որ տիրում է ՀՀ գրեթե բոլոր պետական ինստիտուտներում: Հիշո՞ւմ եք՝ բյուջեից սնվող մի անշառ պետական ինստիտուտ կար՝ ՀՀ հանրային խորհուրդ: Բա մարդ օրը ցերեկով էդ տեսակ բանը կտա Ճպըլ Սծյոպի բերանը, թե՝ տա՞ր: Հանրային խորհուրդը չէ՞ր կարող այս օրերին մի բան անել Արցախի շրջափակմանը վերջ տալու համար՝ մի հայտարարություն, մի խորհուրդ, մի բան… Որ ասում եմ՝ վանդալ են, հենց այնպես չեմ ասում:

Շատ խոսվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու մասին: ՔՊ-ն, ինչպես ասում են, ԱԺ-ում էլ ՔՊ է: Հարցին էս կողմից մոտեցան՝ չեղավ, էն կողմից մոտեցան՝ չեղավ, թեման մամուլով թեժացրին՝ չեղավ… Հեսա թազա դատախազը մտնելու է ԱԺ՝ որոշ ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու հարցով, որ հետո գործ հարուցեն: Սա էլ չեղավ: Եվրոպայից ասացին՝ դուք հո է՞շ չեք, արա, առանց ընդդիմության ի՞նչ Ազգային ժողով: Մի պահ դադար տվեցին, բայց էլի մտքներին դրել են ընդդիմադիրներից, այս անգամ արդեն «Հայաստան» դաշինքի մոտ երկու տասնյակ պատգամավորներից ազատվել: Հավանաբար, ինչ-որ տեղից նորից բզեցին՝ դուք հո է՞շ չեք, արա, զոռով ձեր գլխին սարքո՞ւմ եք: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ իր բոլոր գործառույթներից զրկված ԱԺ մեծամասնությունն ուրիշ անելիք չունի, քան ընդդիմադիրների հարցը դնել-վերցնելն է, եւ, որպես դրա հետեւանք, մամուլն էլ ուրիշ գրելիք չունի Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին:

Վերջում կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, ով ԱԺ վերջին նիստերից մեկում մի լավ «տոկի տվեց» քաղաքական մեծամասնությանը՝ հասկացնելով, թե ՔՊ-ն ու ՔՊ-շնիկությունը որքան կտրված են իրականությունից: Նա, արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե «ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկում նախագծերին, որ չզրկվի աշխատավարձից», մասնավորապես ասաց. ««Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարեւոր հարցում, որի շուրջ կարծիք չեն համարձակվում հայտնել ՔՊ անդամները․Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպիտի լինի: Երբ այս դիրքորոշումը կասեք, ձեր «սնդիկ փարթիի» մասին մեր դիրքորոշումը կլսեք»: Մարդը մի շատ հասարակ բան է ասել ԱԺ մեծամասնությանը՝ քաղաքականության մեջ չի կարելի առաջ շարժվել «сила есть-ума не надо» սկզբունքով: Դուք, մերժելով ընդդիմության բոլոր դիրքորոշումները, առաջարկություններն ու օրակարգերը, ինչ է, ուզում եք, որ ընդդիմությունը քննարկի ձեր ցնդաբանություննե՞րը: