Բակո Սահակյանը շարունակ մի միտք էր կրկնում

Բակո Սահակյանը շարունակ մի միտք էր կրկնում

Բակո Սահակյան- «Իմ քայլ» հանդիպմանը մասնակցել են ֆրակցիայի գրեթե բոլոր պատգամավորները, բոլորն էլ տվել են հարցեր. որոնք վերաբերել են Քոչարյանի կալանքից ազատման միջնորդությանը, Հայաստան-Արցախ փոխհարաբերություններին, Վիտալի Բալասանյան-Գառնիկ Իսագուլյան «սադրիչ» հայտարարություններին, ապրիլյան պատերազմին առնչվող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովին, այդ թվում եւ` նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած`«որոշ արցախցիների պատերազմ սկսելու, տարածքներ տալու, դա` Հայաստանի կառավարության վրա գցելու» խնդրին:

Բակո Սահակյանը կատեգորիկ ձեւով բացառել է վերջին մտայնությունը, արձանագրել է, որ Դուշանբեում ձեռք բերած պայմանվորվածությունների արդյունքում վերջին շրջանում սահմանին բավականին խաղաղ է, ինչը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է: Ապրիլյան պատերազմի եւ քննիչ հանձնաժողովի մասով էլ ասել է. «Մենք` Արցախում ունենք քրեական գործ այդ առնչությամբ հարուցված` հենց ապրիլյանից անմիջապես հետո, կարելի է այդ նյութերը օգտագործել»: Առավել սուր է ընթացել արցախյան նախագահների` Քոչարյանի կալանքի միջնոդությանն առնչվող հարց ու պատասխանը. «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իրեն բավականին անտակտ է պահել, հարցրել է` «բարեւ ձեզ, ինչպես եք, Քոչարյանն ինչպես է». Բակո Սահալյանն արձագանքել է. «Եթե ես այստեղ եմ, ապա պետք է փոխադարձ հարգանքի մթնոլորտն իշխի, եթե այդքան հետաքրքրված եք Քոչարյանի առողջությամբ, ապա դիմեք նրա գրասենյակ` տեղեկանալու նրա առողջության մասին»:

Ի դեպ, «Իմ քայլից» որեւէ մեկը, այդ թվում եւ Բակո Սահակյանին հրավիրած ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, չեն սաստել իրեն թիմակցին: Եղել են նաեւ սրտացավ հարցադրումներ.  Համազասպ Դանիելյանը ցանկացել է ճշտել` ինչ ընդհանուր քայերի արդյունքում է հնարավոր թուլացնել լարվածությունը երկու հանրությունների միջեւ, Անուշ Բեղլոյանը հայտարարել է, որ ինքը կիսով չափ ղարաբաղցի է, եւ հետաքրքրվել է` իսկապե՞ս ԼՂ նախկին ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը խմբեր է ստեղծում, ինֆորմացիա հավաքում եւ այդ ինֆորմացիան փոխանցում հայաստանյան նախկին ռեժիմին:

Պատգամավորներից մեկն էլ ասել է` դուք միջնորդում եք Քոչարյանի համար, եւ փաստացի, Քոչարյանի նկատմամբ մեր հանրությունում եղած ատելությունը ակամա վերցնում ձեզ վրա: Հնչել է հարց` նաեւ Արցախից մարտի 1-ին Հայաստան զորք բերելուն առնչվող. Արցախի նախագահը ժխտել է այդ փաստը։ «Բակոն իրեն պահում էր շատ պարապած, տհաճ հարցերից հունից դուր չէր գալիս. եւ կարմիր թելի պես` մի միտք էր անընդհատ կրկնում, փորձում հասկացնել մեզ` ամեն ինչ արել է, որպեսզի լարվածությունը թուլանա»: