Մարդիկ ամեն ինչ կանեն, որ թաքցնեն իրենց ունեցվածքը

Մարդիկ ամեն ինչ կանեն, որ թաքցնեն իրենց ունեցվածքը

Vetting. վերջին երկու օրերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո,  սոցցանցերում եւ մամուլում շրջանառվող այս բառը դարձել է գլուխկոտրուկի պես մի բան։ Մարդիկ փորձում են հասկանալ, ստուգաբանել, գտնել այդ բառի հայերեն համարժեքը, վերծանել։ Ինչպե՞ս է կիրառվելու վեթթինգը կամ զտումը, ֆիլտրումը մեր դատաիրավական համակարգում․ այս հարցի պատասխանն են փորձում ստանալ ակտիվ քաղաքացիները։ 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ կառավարող կուսակցությունը ԱԺ-ում պատրաստվում է  վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակել։ Իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին է նշել․ «Մշակվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենք։ Այդ օրենքի շրջանակներում կլինեն նաեւ քաղաքացիական վարույթներ այն իրավախախտումների մեջ կասկածվող անձանց նկատմամբ, որոնց արդյունքում կարող է ձեռք բերված լինել այդ անօրինական գույքը»։ Որպեսզի փարատվեն տարբեր շահարկումները, կասկածները, նախարարը իրազեկել է նաեւ, որ վեթթինգն իրականացվելու է առանց խտրականության, որեւէ դատավոր չի թիրախավորվելու։

 «Խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի հետապնդելու կոնկրետ գործով որեւէ դատավորի»,- նշել է Արտակ Զեյնալյանը։ 

Քաղաքական մի շարք դատավարություններում ներգրավված փաստաբան Հարություն Բաղդասարյանը առնվազն մեկ տարի ուշացած է համարում կառավարության նախաձեռնությունը, քանի որ այդ ամենը պետք է իրականացվեր հեղափոխության սկզբնական փուլում։

Փաստաբանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրել է հանրության կողմից 2015թ․ չընդունված սահմանադրությունը, հետո այդ սահմանադրությամբ գնացել, ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած ՀՀԿ-ից ընդունել է վարչապետի պաշտոնը։ 

«Եթե այդ ամենն աներ հեղափոխական ճանապարհով, ապա ոչ ոք ոչ մի բան չէր ասի, որովհետեւ հեղափոխությունն օրենքով չի կատարվում։ Եթե դրա վերաբերյալ օրենք ընդունվի, եւ այդ օրենքով կսահմանվի, թե որ դատավորի հետ որ դեպքում ինչպես պետք է վարվել, այդ ժամանակ էլ կարելի է խոսել այդ մասին։ Բայց չենք պատկերացնում, թե այդ օրենքը ինչ իրավական հիմքերով է ընդունվելու, սահմանադրությունը տալի՞ս է այդ հնարավորությունը, թե՞ ոչ։ Հիմա անդրադառնանք վեթթինգին։ Ինչո՞ւ պետք է ես ասեմ, թե իմ եկամուտները որտեղից են, եթե ես չունեմ դրա պարտականությունը։ Ամենից շատ տուժելու են այն դատավորները, որոնք չեն ընդդիմանա, դիմում կգրեն եւ դուրս կգան համակարգից։ Հասարակությունն էլ տեղեկանալու է, որ հենց նրանք են ամենակաշառակեր դատավորները, դրա համար են դիմում գրել ու դուրս եկել»,- նշեց փաստաբանը։
Նկատեցինք, որ ժամանակին բազմիցս հենց «Մարտի 1-ի» գործով, այլ հասարակական հնչեղություն ունեցող գործերով հրապարակվել են բազմաթիվ դատավորների անուններ, որոնց կայացրած վճիռները բողոքարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԻԵԴ-ի  որոշումներն էլ հաստատել են քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումները։ 
Հարություն Բաղդասարյանը հակադարձում է՝ ինչո՞ւ նոր իմացանք այդ դատավորների մասին, «Մարտի 1-ի» գործով Փաշինյանին չէի՞ն դատել։ 

«Ես չեմ հավատում, որ կարելի է այդ ուղղությամբ աշխատանք կատարել իրավական դաշտում, չեմ հավատում նաեւ, որ դա այն արդյունավետ եղանակն է, որ պետք է իրականացվի։ Ես կարծում եմ, որ այս դեպքում թացը չորի հետ կարող է խառնվել, եւ դրա նպատակը ոչ թե դատական անկախ համակարգ ստեղծելն է, այլ այնպիսի դատական համակարգ, որը ենթարկվի ներկա իշխանություններին։ Դատավորներն այդ դեպքում կդառնան հպատակ եւ կենթարկվեն գործադիր իշխանությանը»,- ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը, որ գործող դատավորներն անկախ չեն, նրանք տարբեր կապերով սերտաճել են նախկին կոռուպցիոն համակարգին, դա արտահայտվում է նաեւ իրենց կայացրած վճիռներում, որոնք պարբերաբար բողոքարկվում են, Հարություն Բաղդասարյանն արձագանքեց․ «Ես չեմ ասում, որ անկախ են, բայց չեմ կարող ասել, որ կախված են նախկին իշխանություններից։ Եթե Փաշինյանը կտա որեւէ դատավորի անուն, կասի, թե որ դատավորն է կաշառակեր կամ որ դատավորն է սխալ վճիռ կայացրել, ուրեմն մենք կհավատանք դրա իրականացմանը։ Ամեն ինչ պետք է ունենա իր տրամաբանությունը։ Եթե ես ասում եմ՝ լրագրողները ծախու են, կաշառակեր, Դուք կհարցնե՞ք, չէ՞՝ ես ծախո՞ւ եմ։ Դուք իրավունք ունե՞ք, չէ՞, ինձնից պատիվ պահանջելու։ Ես կարծում եմ, որ որոշակի դատավորներ կենթարկվեն վեթթինգի, որոնցից ոմանք կլինեն անմեղ։ Ենթադրենք՝ ես դատավոր եմ, ինչ-որ մի տեղից գույք եմ ստացել, ասենք՝ աներս  կամ ազգականս է ուղարկել ԱՄՆ-ից, բայց չեմ գրանցել, դու այսօր իմանում ես, որ ես այդ գույքը ստացել եմ։ Դու չես հավատում եւ ասում ես՝ օ, տես, այսինչ մարդիկ․․․ Էդ դեպքում ես կզանգեմ հարազատիս, կասեմ, ոնց նվիրել ես, արի՛ վերցրու, ես ո՛չ քո ուղարկած նվերն եմ ուզում, ո՛չ մի բան, ուզում եմ հանգիստ ապրել։ Ո՞նց կարող ես ապացուցել, որ այդ ամբողջը կոռուպցիայի ճանապարհով է ձեռք բերվել։ Ես չեմ հավատում, որ դա կլինի օբյեկտիվ։ Եվ դա հանգեցնելու է նրան, որ մարդիկ ամեն ինչ անելու են իրենց ունեցվածքը թաքցնելու համար»։ 

Հարություն Բաղդասարյանը նշեց,  որ ինքն այդ ամենին կհավատա միայն այն դեպքում, եթե իշխանությունները փոխեն սահմանադրությունը, հակառակ դեպքում դա ընկալվում է որպես սուպերվարչապետական համակարգին բնորոշ քայլ։