ՏԱՍՍ-ը լիազորված է…

ՏԱՍՍ-ը լիազորված է…

Մոսկվայում այսօր կայանալիք` Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ` Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ` ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը հանդես է եկել վերլուծական անդրադարձով, որտեղ ասվում է, որ քննարկումները կընթանան անցյալ ամսավերջին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առաջին պաշտոնական բանակցությունների ֆոնի տակ:

Վերլուծականում անդրադարձ կա ավելի վաղ Դուշանբերում, Սանկտ-Պետերբուրգում եւ Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումներին եւ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես` շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թուլացմանը, որը հիմնականում պահպանվում է: Ավելի հանգամանորեն վերլուծված է Փաշինյան-Ալիեւ Վիեննայի հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերահաստատել են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը, ընդգծել առարկայական բանակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ուղղղակի կապի տեխնիկական միջոցների կատարելագործումը եւ հումանիտար քայլերի նպատակադրվածությունը:

Գործակալությունը որեւէ աղբյուր չի վկայակոչում, սակայն փոխանցում է, որ արտաքին գործերի նախարարներն ունեն այդ պայմանավորվածությունները «ետալացնելու» խնդիր, ինչից հասկանալի է դառնում, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ կարեւոր հանդիպման նախօրեին որոշակի տեղեկատվական արտահոսք, այնուամենայնիվ, կազմակերպում է` կարծես թե նպատակ ունենալով կողմերի հասարակություններին հասկանալի դարձնելու, որ, չնայած վերջին շրջանի կոշտ հռետորաբանությանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, այնուամենայնիվ, մտադրված են շարունակելու բանակցություններն առաջ մղելու նպատակով կազմակերպվող հանդիպումները:

Ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի մեկնաբանությամբ` բանակցություններին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի ներգրավվելը կարող է նշանակել, որ Մոսկվան շոշափում է Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Ատլասի» փորձագետների տպավորությամբ` նման հանդիպում կարող է տեղի ունենալ ամռանը` արձակուրդային շրջանում, երբ ՌԴ նախագահը հիմնականում հանգստանում եւ աշխատում է Սոչիում: Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպման նկատմամբ ՏԱՍՍ պետական գործակալության բավականին ընդգծված հետաքրքրությունը, ամեն դեպքում, դժվար է զուտ լրագրողական ուշադրության արդյունք համարել: Վերլուծականի տոնայնությունը հուշում է, որ Մոսկվան մտադրված է ԼՂ կարգավորման քննարկումների նոր փուլ նախաձեռնել: