Միջանցքն ու գերիները
Հայ հասարակությունը վերջին օրերին փորձում էր մարսել՝ ի՞նչ տեղի ունեցավ Սոչիում․ միջանցք իրո՞ք չի լինելու և կարո՞ղ էր արդյոք փաստաթուղթն ավելի վատը կամ ավելի լավը լինել։ Գերիների մասով։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, որը մի շարք հակասություններ էր արձանագրել Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքում և եռակողմ հայտարարության տեքստի ձևակերպումներում, գերիների հետ կապված ասում է․ «Այնտեղ ինչ-որ շատ անորոշ ձևակերպում կար ռազմագերիների մասին (եռակողմ հայտարարության մեջ ), նշված է, ըստ որում, ոչ իմպերատիվ ոճով, այլ որ Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել «Նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի ևս կատարման համար»։ Այդ կետերից մեկն էլ վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը։ Այսինքն՝ շատ անորոշ ձևակերպում էր, պետք էր դա հստակեցել»։
Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նիկոլական էլեկտորատի գլխավոր, թվում է՝ երկաթյա փաստարկի մասին, որ միջանցք չի լինելու։ Պնդումները ելնում են նրանից, որ ո՛չ հայտարարության տեքստում, ո՛չ բանավոր խոսքում չի նշվել «միջանցք» բառը։ Իսկ հայտարարության տեքստում ասված է․ «Հայաստանն ապահովելու է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով»:
Արմեն Բաղդասարյանն արձանագրում է, որ Վլադիմիր Պուտինի կողմից, այնուամենայնիվ, հնչել է «միջանցք» բառը և դա նրան մտահոգում է։ «Ճիշտ է՝ ասաց «տնտեսական միջանցք», բայց մենք պիտի հստակ իմանանք, թե ինչ է նշանակում տնտեսական միջանցք, ինչ իրավական հիմնավորում կարող է ունենալ այն։ Ես կարծում եմ, որ այս շաբաթ, երբ պետք է տեղի ունենա փոխվարչապետերի մոսկովյան հանդիպումը, այնտեղ ավելի հստակ կլինի իրավիճակը։ Ուստի Նիկոլ Փաշինյանը մինչև Մոսկվան պիտի շատ հստակ արձանագրի այն, ինչ ասում է բանավոր տեքստում՝ որ դա լինելու է ճանապարհ, միջանցքային տրամաբանություն չկա և այլն»։
Ի դեպ, Ալիևը և Էրդողանը Աշգաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում և տնտեսական համագործակցության անդամ երկրներին հրավիրեցին մասնակցելու իրենց ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» շահագործելուն։
Ամեն դեպքում, ինչպես «Հրապարակի» հետ զրույցում նշեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ Սոչիում դա ներկայացվեց որպես «առանց լրացուցիչ քաղաքական բովանդակության» ճանապարհ։
Իսկ «լրացուցիչ քաղաքական բովանդակությունն» այն է, որ ճանապարհի վերահսկողությունը էքստերիտորալ չի լինելու և այն ՀՀ սուվերեն տարածքում ունենալու է ռուսական, կամ, լավագույն դեպքում, հայ-ռուսական վերահսկողություն։
Կարծիքներ