Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը եղել է, բայց երկրի հակառակ կողմում

Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը եղել է, բայց երկրի հակառակ կողմում

Երբ Հիսուս Քրիստոսն առաջին անգամ եկավ երկիր, Նա փառքով չեկավ: Նա ծնվեց սովորական ախոռում, եւ նրան դրեցին խոտով լի մսուրի մեջ: Նա չեկավ հզոր բանակներով, ինչպես հրեաներն էին սպասում իրենց փրկչին: Փոխարենը Նա եկավ ասելու. «Սիրեցեք ձեր թշնամիներին… բարի արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար» (Մատթեոս Ե.44): Նա մերժվեց եւ խաչվեց:

Երբ Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ եկավ երկիր, 2018 թվականին, Նա փառքով եկավ: Նա ծնվեց «ախրանախեղդ» արված սաունաներով կառավարական ամառանոցում, որը չհասցրին օտարել: Նա եկավ հզոր բանակներով, ինչպես հրեաներն էին սպասում իրենց փրկչին: Նա եկավ կրկին ասելու. «Սիրեցեք ձեր թշնամիներին… բարի արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, տվեք նրանց «Զանգեզուրի միջանցքը»՝ մեկ ազգ, երկու պետությունը միավորելու վեհ ձգտումն իրականություն դարձնելու համար, քանզի միավորելը վեր է բաժանելուց» (Մատթեոս Ե.44՝ ախտահարված ՔՈՎԻԴ-19-ով): Նա մերժեց Սերժին եւ չխաչվեց:

ՀԳ. Խորհրդային ժամանակաշրջանում արժանահավատ տեղեկատվության աղբյուր էին «Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը»: Նոր Հայաստանում արժանահավատ տեղեկատվության աղբյուրն Իլհամ Ալիեւն է։ «Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,- ասել է Ալիեւն Աշխաբադում: Իսկ Էրդողանն ավելի ցինիկ է գտնվել՝ ասելով, թե «Ադրբեջանի ձեռնարկած քայլերը նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»: Մինչդեռ անգամ Աֆրիկայում գիտեն, որ այս ավազակապետերին աշխարհի տիրակալները վարձել են, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում երբեւէ չկարգավորվի:

Հրեաների չսպասած փրկչի գալստյան հույսով՝ Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ։