Ուր նայում ես՝ երկրի կործանման կադրերը գալիս խփում են դեմքիդ

Ուր նայում ես՝ երկրի կործանման կադրերը գալիս խփում են դեմքիդ

Հարցազրույց արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ

- Սեպտեմբերի 27-ից ի վեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, դրան գումարած՝ գրեթե ամեն օր մի գյուղ զիջում ենք թշնամուն․․․ Ելք կա՞ այս իրավիճակից։

- Ծեծված բան եմ ասում, բայց փաստ է՝ երկիրը կործանվում է, եւ խոսքն արդեն ոչ թե Արցախի Հանրապետության, այլ Հայաստանի Հանրապետության մասին է, մի երկիրը անհասկանալի պատերազմում արդեն կորցրինք, թեպետ ինչ-որ մաս մնացել է՝ ռուսները պահում են, բայց չգիտես ինչ կլինի դրա հետ, Աստված տա՝ ինչ-որ ժամանակներում բարենպաստ պայմաններ լինեն, եւ հնարավոր լինի ինչ-որ բան անել, բայց այս պահին այն արդեն կորցրել ենք եւ սկսում ենք նաեւ այս մեկն էլ կորցնել։ Երբ բերանից ծամոնը հանում ես, գունդը կախվում է բարակ թելով եւ ուր որ է՝ կկտրվի․ հիմա այդ տպավորությունն է։ Շատ քիչ է մնացել խզմանը, եւ դա չի վերաբերում միայն սահմաններին, որ եկել-հասել են մինչեւ մեր գյուղերը։ Բացարձակ անհասկանալի է, թե ուր է մեր սահմանապահ զորքը, եւ այդ որ հանձնաժողովն է նրանց հանձնաժողովի հետ քննարկել այս հարցերը, որոնք տարիներ տեւող պրոցեսներ են, այդ ո՞նց են միանգամից սեպը բերում խրում` ասելով, թե այս կեսը մերն է։ Մեզ փորձում են ինչ-որ բան բացատրել, բայց ես այդ բացատրություններից բան չեմ հասկանում։ Ժողովրդի մի մասն էլ շոկի մեջ է եւ չի հասկանում, թե ինչ իրադրության մեջ է հայտնվել, որովհետեւ սա արդեն այն Հայաստանը չէ, ու դա՝ բոլոր առումներով։

- 2․5 տարի առաջ, երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, «նոր Հայաստան» տերմինն էր շրջանառվում, ո՞ւր կորավ «նոր Հայաստանը»։  

- Այդ նոր Հայաստանը չէր էլ եկել, որ կորչեր, հենց սկզբից գնաց սխալը, եւ գնաց տրոհման՝ անհասկանալի թշնամության ճանապարհով, սրա վերջն այսպես էլ պետք է լիներ։ Ու հիմա առավել տրոհված ենք, այս թշնամությունը, հակասությունները վերջնականապես կկործանեն երկիրը։ Ծեծված բան եմ ասում, որն այսօր շատերն են ասում, բայց սա է իրավիճակը, որը հասկանալ է պետք։ Այս հակառակությունը լավ տեղ չի տանելու, այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ իսկապես օրհասական է վիճակը, պետք է նստեն իրար դեմ։ Եվ նստեն ոչ այն մարդիկ, ովքեր ուզում են վաղը, մյուս օրը թռնել երկրից, այլ իսկապես մտահոգ մարդիկ, եւ երկար բանակցեն, զրուցեն, իրար բացատրեն եւ վերջապես մի արդյունքի գան, որովհետեւ չի կարելի այս կամ այն խմբի ամբիցիաների պատճառով երկիր կործանել, երբ հարյուրամյակներով չունեինք անկախություն, իսկ այսօր ինքնիշխան երկիր ունենք՝ լավ, թե վատ։ Հիմա մեր հարեւաններն էլ սա են, այս օբյեկտիվ իրականությունից չես փախչի։ Եվ եթե այսպես շարունակվի՝ իրար խաբելով, հրմշտելով՝ հաստատ կկործանվենք։ Ես չգիտեմ՝ հնարավոր է, թե չէ, բայց ողջամտությունը պետք է հաղթի, եւ պետք է սթափվեն, որովհետեւ այլ ճանապարհ չկա, կործանվելու ենք բոլորս, եթե ոմանց թվում է, որ կարող է թռնեն այստեղից՝ չեն կարող։
Հետո՝ ի՞նչ է նշանակում, թե GPS-ով անցկացված գիծն անցնում է գյուղի մեջտեղով, եւ գյուղից մի քանի տուն մնում է թշնամու կողմում, բա ո՞ւր է այդ հանձնաժողովը, ո՞վ է նրանց հետ բանակցում, ո՞վ է նրանց հետ խոսել, պայմանավորվել, հո այսպես չէ՞, որ սահմանապահը կանգնի կամ չկանգնի, մի երկու ադրբեջանցի էլ գա, այդ կոլը խփի ու վերջ, դե, ռուսն էլ ի՞նչ պետք է ասի՝ դուք ոնց որոշեք, ինքն այդտեղ էլ կկանգնի։ Ցավոք, սրա վերջը չի երեւում․․․  

- Նախօրեին պաշտպանության նախարարը խորհուրդ էր տվել անհասկանալի դեպքերի ժամանակ զանգահարել ԱԱԾ թեժ գիծ։

- Սա աբսուրդ է եւ ծիծաղելի, այդ մարդը չի՞ ամաչում իր գիտակցության այդ վիճակի համար, ենթադրենք՝ գերի ընկնի, զանգի, որ դու էլ գաս իրեն փրկե՞ս․․․ նա կարողացավ զանգել, դու էլ կարողացա՞ր նրան փրկել։ Այդ մարդիկ լուրջ չեն ընկալում այս իրավիճակը։

- Կաթողիկոսները, գիտնականները, արվեստի մարդիկ պահանջում են կառավարության եւ վարչապետի հրաժարականը, դա կլուծի՞ հարցը։  

- Իշխանությունը պետք է հասկանա, որ ինքն անկարող եղավ, եւ հիմա նորից փորձարկման դնել երկիրն ու ժողովրդին, նոր էտապ սկսել, անձամբ ես չէի վստահի, բայց նաեւ այսպես հրհրելով, բրթբրթելով էլ չի ստացվում, դրա համար եմ ասում՝ պետք է սթափվեն, նստեն իրար դեմ եւ ազնվորեն խոսեն՝ ամբիցիաները մի կողմ դնելով։

- Եռօրյա սուգ հայտարարվեց երկրում, իշխանությունն առանձին գնաց Եռաբլուր, կաթողիկոսը, նախագահը, ընդդիմությունն ու ուժայինները՝ առանձին։ Այն, ինչ տեղի ունեցավ ամսի 19-ին Եռաբլուրում, վստահ եմ՝ տեսել եք, ի՞նչ տպավորություն ստացաք։

- Ուր նայում ես՝ երկրի կործանման այդ կադրերը գալիս-խփում են դեմքիդ․ Եռաբլուր, Ազատության հրապարակ, թե Սյունիք։ Անգամ փողոցում մարդիկ շշլռված քայլում են, շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում, մյուսները վշտի մեջ են։ Բայց սկզբում հավատ կար, որովհետեւ ուր բացում էիր, հաղթանակի մասին էին խոսում, ու մտածում էիր, որ հա, էլի՝ հաղթելու ենք, հետո կտրուկ՝ մեծագույն հիասթափություն, իսկ այդ զոհերը․․․ ես եղել եմ 2 ծանոթի թաղման, դա աներեւակայելի բան էր․․․ ես իմ քաղաքում, իմ երկրի մեջ գլուխս կախ էի քայլում, այնպիսի տպավորություն էր, որ սա այլեւս իմը չէ, ուրիշ տեղ եմ ընկել, ու մինչեւ հիմա այդ իրավիճակն է։ Թշնամին, փաստորեն, հասել է արդեն Երեւան, եթե սահմաններով դեռ չի հասել, հոգեբանորեն հասել է, մտել մեջներս, մեր տրամադրության, փոխհարաբերությունների մեջ․․․ Պետք է արագ մի բան արվի, ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարող ասել՝ ինչ, գուցե իմ անձնական դեղատոմսը ծիծաղելի էլ լինի, բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում, որովհետեւ սրանից հետո կլինի քաղաքացիական պատերազմ, որը կլինի ուղղակի վերջը։

- Եռաբլուրում քաղաքացիական բախումներ էլ տեսանք։

- Ցավալի է, այսօր եղբայրը եղբոր հետ չի խոսում, հայրը՝ որդու հետ․․․ այսպիսի իրավիճակի մեջ ենք։

- Այս օրերին շատ են ասում, թե չի լսվում մտավորականների ձայնը․․․

- Այդպես չէ, ուր միացնում ես, մտավորականներն են խոսում, բոլորն էլ ասպարեզում են, խոսում են։

- Մի հավաքի ժամանակ մշակութային գործիչներից մեկն ասաց, որ մտավորականներն էլ պետք է դուրս գան փողոց եւ մասնակցեն անհնազանդության ակցիաներին։

- Բոլոր մարդիկ չէ, որ կարող են փողոց դուրս գալ, հազար ու մի խնդիրներ կան՝ առողջականից սկսած մինչեւ վիշտ։ Հետո, ինչպես տեսնում ենք, փողոցով հարցը չի լուծվում, խոսքն էլ արժեզրկված է, ես հիմա ասում եմ բաներ, որ համարյա բոլորն են ասում, եւ բոլորն ասում են բաներ, որ համարյա բոլորն են ասում։ Խոսքը սարսափելի արժեզրկված է, այդ Ֆեյսբուք կոչվածը խոսքի հերն անիծել է, ես այդտեղ չկամ, բայց աջից-ձախից լսում եմ այդ հայհոյանքը, իսկ դրա դեմը պետք է առնել, սա Չինաստանը չէ, որ մեզ նման շքեղություններ թույլ տանք, եւ ով համարում է իրեն էլիտա՝ թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, պետք է նստեն իրար դեմ ու խոսեն, իսկ եթե ոչ, վերջնական կործանման կտանեն։ Խնդիրը միայն սահմանները չեն, նաեւ երկրի ներսում բազում խնդիրներ ունենք, որ ոչ մի կերպ չեն կարող լուծվել, քանի վիճակը սա է։

- Մարդկային, տարածքային կորուստներից բացի, այս պատերազմում ունեցանք նաեւ պատմամշակութային ահռելի ժառանգության կորուստ․․․

- Դա անտանելի է, ես չեմ հասկանում՝ ինչպես մշակույթի նախարարությունը չի հետեւել այս ամենին, որ կարողանային գոնե մի բան անել, տարհանել ազգային այդ արժեքները։ Իսկ այդ վանքերը որ նայում ես, սրտիցդ ուղղակի արյուն է գնում, եւ հիմա կանգնել ասել՝ դա մերը չէր, իրենցն էր՝ ճիշտ չէ։ Իրենցով լինի, ուրեմն իրենք առհասարակ մեզ տեղ չեն թողնում ապրելու այս մոլորակի վրա։ Բավական է մի հատ ընկնենք, իսկ մենք արդեն ընկնում ենք։

- ՀՀ քաղաքացին այսօր ինչպե՞ս ուղղի իր մեջքը եւ առաջիկայում կկարողանա՞ դա անել։

- Ասում են՝ անհատականությունները բան չեն որոշում, բայց այսօր ուժեղ անհատականություններ են պետք, անձնվեր մարդիկ, որոնք այս խնդիրը պետք է լուծեն իրար հետ բանակցելով, առանց քաշքշուկի, որովհետեւ սա կտանի քաղաքացիական բախումների, իսկ դա ամենասոսկալի բանը կլինի։