Միմյանց աչքերի մեջ նայելու ժամանակը

Միմյանց աչքերի մեջ նայելու ժամանակը

Նախորդ հոդվածի մեջ, Պ․ Սեւակի օգնությամբ, շրջանցել էի նրա անունը՝ Խավար անվանելով։

Ձեռքս փայտացել է, գրիչս համառում-խորշում է սպիտակ թղթից։ Խոսելը դժվար է, լռելը՝ անհնար։ Երկիրն աննախադեպ «երկրաշարժի» չդադարող ցնցումների մեջ է, տասնյակ հազարավոր մարդիկ, արհամարհելով քովիդ կոչվածը, ամեն օր փողոց են դուրս գալիս՝ ազգադավից ազատվելու վճռականությամբ։ Իսկ անմեղ-մեղավորն ասում է՝ ես ինձ համարում եմ թիվ 1 պատասխանատուն, բայց ո՛չ թիվ 1 մեղավորը։ Չի ասում՝ «թոփ տասնյակում» ինքը ո՞ր տեղում է, եւ ո՞վ է թիվ 1-ը։ Լրագրողը հարցնում է՝ ինչպե՞ս եք բանակցելու Ալիեւի հետ, երբ նա Ձեզ ամեն օր ծաղրում ու անվանարկում է, սա պատասխանում է՝ Ալիե՞ւը պիտի որոշի վարչապետին, իսկ գուցե ներկայիս միասնական թեկնածուն հենց նրա առաջարկո՞վ է եղել․․․ 

Կա՞ ստորության չափման ինչ-որ միավոր։ Բա սա մա՞րդ է։ Որ մարդ լիներ, մեր աննման եկեղեցիները, անգին խաչքարերը, մշակութային կոթողները կհանձնե՞ր ազերի ենիչերիների «խնամակալությանը»։ Որքան թանկ գերեզմաններ արդեն անարգվում են նրանց կճղակների տակ։ Հիմա էլ պղծելու հերթը հասավ մեր սրբատեղի Եռաբլուրին։ Իր հրոսակներով, գունդ-գունդ ոստիկաններով հաստատ կարող էին Շուշիի մատույցները հասած թշնամուն խուճապահար փախուստի մատնել, իսկ ինքը սրանց հետ ճեղքեց իրեն նզովող սգավոր մայրերի, ազատամարտիկների, արժանապատիվ քաղաքացիների պատնեշն ու իր երիցս անիծյալ հարգանքն ու խոնարհումը պարտադրեց ընդվզելու անկարող մեր հերոսներին։ 

Ո՞վ գիտե՝ նրանցից քանի-քանիսը շրջվեցին գերեզմաններում․․․

Չեմ կարող շրջանցել երթի «հրամկազմի» վարքը։ Քայլում էին հպարտ ու արժանավայել, «գերագույնի» աջ թեւը՝ Սիմոնյան Ալենը, երբեմն-երբեմն ձեռքով ողջունում էր իբր ճանապարհի աջ ու ահյակ կողմերում իրենցով հիացած քաղաքացիներին։ Տպավորություն էր, թե հռոմեական լեգեոնն է վերադառնում հաղթական արշավանքից։ Եռաբլուրի գրավմանը մասնակցում էին մեծաթիվ նվիրյալներ կամ մոլորյալներ, որոնցից շատերը թերեւս կարծում են, որ զոհերն ու վիրավորները քիչ են եղել, եւ կամ Հայաստանն անխուսափելի կորստից փրկվել է նրա շնորհիվ։
Այդ ոչինչ, որ մուտանտները հարձակվեցին նաեւ սեւազգեստ մայրերի վրա։ Նրանք դրան էլ կդիմանան։ Բայց երբ մի զոմբի, թարմ գերեզմանաթմբին կանգնած, բերանը ճղելով ու ծափ տալով գոռում էր՝ Նի-կոլ, վարչապետ, իսկ շատերն էլ իրենց հեռավոր նախնիներին կապկելով՝ ծառերին թառած էին ձայնակցում, հասկացա, որ օրինաչափ էր մեր պարտությունը․․․ Ո՜ւր էր, թե նախորդ հազարամյակում լինեինք, եւ աշխարհը չտեսներ համազգային այս խայտառակությունը։ Ա՛յ չմարդ, էդ ինչ դիվական վիրուս է մեջդ, որ դիմանում ես այսչափ անպատվությանն ու արհամարհանքին։ Սյունեցիները ճանապարհդ փակում են՝ երեսդ չտեսնելու համար, հոգեւոր սպասավորը եկեղեցուց վռնդում է, ազատամարտիկը մենամարտի է հրավիրում․․․

Մեջդ օր-օրի աճող ատելության թարախապալարը քեզ երբեք հանգիստ չի տա։

Դե արի ու հասկացիր, թե ինչը քեզ դրդեց ասելու, որ խաղաղապահներն ընկել են ազերիների շրջափակման մեջ։ Ռուսներին հեղինակազրկելու նպատակը ո՞րն էր, երբ մեր անվտանգության երաշխավորը հիմա դո՛ւ չես, նրա՛նք են։ Իսկ առայժմ ցավից անտեղյակ, դարդին անհաղորդ ապրիր քո իսկ հնարած հեքիաթի «Չար տնակում»։

Ո՞ւր է հայի վերջին խելքը

Գլուխս ափերիս մեջ առած՝ «փիքր» եմ անում․ լավ, եթե Պուտինը, անտեսելով իր երկրի շահերը, «ինադ» աներ մեր Չեղածին ու «չդասավորեր» հրադադարը, ի՞նչ էր լինելու։ Եթե իրական վտանգը ներկայացվեր, չեմ կասկածում՝ ողջ ժողովուրդը, մեր ու մանուկով, կկանգներ արհավիրքի դեմ։ Բայց անմեղսունակը թուրքավարի մեզ հարվածեց թիկունքից։ Փաստորեն, շահեցին Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը․․․ եւ Խավարը։ Միակ տուժողը եղավ հայ ժողովուրդը։ 

Հուսահատված, ունեզրկված ու կորուստներից խելակորույս մեր հասարակությունը կարո՞ղ է, ունա՞կ է շտկել ծռված մեջքը, սպասվելիք նոր, անխուսափելի հարվածներն ի վիճակի՞ է արժանապատվորեն դիմագրավել։ Հայտնի հայտարարությամբ հինգ տարի հետո կողմերից մեկն իրավունք ունի հրաժարվելու ռուս խաղաղապահների ծառայությունից, մենք պատրաստ կլինե՞նք նոր պատերազմի։ Չի՞ լինի այնպես, որ ժամանակի պատմիչը, Հայաստանի մասին խոսելիս, կհիշի շեքսպիրյան հայտնի խոսքերը՝ այստեղով թուրք է անցել․․․

Հոշոտող մտքերը կրծում են ներսս։ Նաեւ այն պատճառով, որ այսօր էլ մեր գլխին ճոճվող դամոկլյան սուրը չենք տեսնում կամ չտեսնելու ենք տալիս։ Կեսգիշերային ցնորամտություն չէ սա։ Երբ մարդն առողջ է, շատ ցանկություններ է ունենում, երբ հիվանդ է՝ մեկը։ «Հիվանդիս» այդ ցանկությունն էլ այսօր ազգի ֆիզիկական ու պետական լինելիությունն է։

Երանի նրանց, ովքեր կուրծքն առաջ տալով՝ ինքնագոհ ասում են, թե անուղղելի լավատես են։ Դժվար թե լավատես լինի մահվան սարսափն ապրած, հայրենի տունը հողաթափերով լքած այն կինը, ով ռազմադաշտում ամուսին է թողել ու հիմա երկու երեխաների թաթիկները բռնած՝ կացարան է փնտրում նեղլիկ Հայաստանում․․․ Անչափ դժվար է լավատես լինել, երբ ապագան աղոտ է, եւ շուրջդ վիշտ է ու արցունք, երբ գիտես, որ ոսոխդ՝ արյան հոտից արբեցած, հարմար պահի է սպասում, երբ սահմանամերձ հայկական գյուղերն անտեր են մնացել՝ տեղացի անվեհեր տղերքի հույսին։

Այս ամենը չի ասվում մարդկանց թեւաթափ անելու համար, սա այսօրվա մռայլ իրականությունն է։ Վերեւում արված իմ՝ «ունա՞կ ենք» հարցին ինքս էլ պատասխանեմ՝ այո, ունակ ենք ու պարտավոր ոտքի կանգնել (վկա՝ մեր պատմությունը)` մերժելով մեզ կուրացրած ու բոլոր ձախողումների պատճառ մաղձն ու ներքին թշնամանքը։ Իսկ դրա համար, ինչպես Սեւակը կասեր՝ ինքներս մեզանից հասուն պիտի լինենք․․․

Ամեն ինչ արվել է՝ պարտվելու համար
Պատերազմն անխուսափելիորեն ծնում է ինչպես հերոսներ, այնպես էլ վախկոտներ ու դավաճաններ։ Այս պատերազմում անհավանական հերոսական դրվագներ եղել են ու դեռ կբացահայտվեն։ Ես չգիտեմ՝ պատմությունը տվե՞լ է գեթ մեկ օրինակ, երբ երկրի ղեկավարն ամեն ինչ անի՝ պարտվելու համար։ Մեր դեպքում, ցավոք, ամեն ինչ խոսում է հենց դրա մասին։
Առաջինը խոսեց գեներալ Մովսես Հակոբյանը։ Հայտնածը «դժվարամարս» էր, ցնցող։ Բայց երբ լսեցինք ԱՀ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը (ուր վերջինս վրդովված ասում էր, թե 10 օր է՝ ինքը զինուժ է խնդրում գերագույնից եւ ինչ-որ «քաղաքական բաներով» անհասկանալիորեն մերժվում), քողազերծվեց դառն իրականությունը։ Պարզվեց նաեւ, որ Մոսկվայում ապրող ՀՀ նախկին Պնախարար Մ․ Հարությունյանն իր մասնագիտական ծառայություններն է առաջարկել հուշիկ, թեւին տալով հեռացած թիվ 1 զինվորական Դավիթ Տոնոյանին, ինչպեսեւ օգնելու պարապուրդի մատնված ռուսական հզոր զինատեսակները հմուտ մասնագետներով ապահովելուն եւ կրկին մերժվել է։ Հիշենք նաեւ ռուս ռազմական լրագրող Ս․ Պեգովի (ով, ի տարբերություն լիրիկական շոուների սիրահար մեր «գժուկների», վերջիններից մեկն է լքել բերդաքաղաքը) այն պնդումը, որ Շուշին հանձնելու որոշումը եղել է քաղաքական։ Եվ, վերջապես, օդում թեւածող հինգ միլիարդ դոլար կաշառքի դիմաց հողերը հանձնելու նրա անվան հետ կապված համառ լուրերը, ինչը «կասկածյալը» չլսելու է տալիս (ինչպես «չլսեց» նաեւ ծխախոտի, զենքի, ուրիշ բաների մաքսանենգ գործարքների մասին պնդումները)։ Այս ամենից հետո դուխով մեկ ուրիշը գուցե ինքնասպան կլիներ, իսկ նա օլիմպիական հանգստությամբ ասում է՝ կարծիքներ կան, որ ինձ պիտի դատել կամ կախաղան հանել։ Եվ անսքող ցինիզմով ավելացնում՝ բայց դա պետք է անի ժողովուրդը։ Նա, անշուշտ, մազոխիստ է, բայց գիտի նաեւ, որ մեր երկրում Չաուշեսկուի կամ Քադաֆիի ճակատագիրը չի սպառնում իրեն։

Շատ է խոսվում նրա՝ հոգեկան հիվանդ լինելու մասին։ Սա թող բժիշկները որոշեն։ Բայց քիչ թե շատ նորմալ մարդը կարո՞ղ էր վշտի մեջ տապակվող, սգավոր երկրում ասել՝ եկել է քաղաքացու վրե՛ժի ժամանակը։ Ուշադրություն դարձրե՞լ եք սա ասելիս նրա ջղաձիգ, ատելությունից ծամածռված դեմքին։ Տվեք «ստոպ-կադր» եւ կստանաք Դորյան Գրեյի դիմանկարը։ 
Նորմալ մարդն այս ամենից հետո եթերում կասի՞․ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ․․․»։ Ի՞նչ աստիճանի հիվանդ պիտի լինի, որ այսօր էլ կրկնի՝ ես էլի այս կարծիքին եմ, որ Արցախի կարգավորման հարցը պետք է բավարարի երեք ժողովուրդներին։ Բա զինադադարից հետո Խծաբերդի ու Հին Թաղերի վրա ազերիների հարձակումից հետո վարչապետն իր խոսնակ Մանե Գեւորգյանի դալուկ շուրթերով կդիմի՞ խաղաղապահներին եւ կդառնա հայտնի ռուս հաղորդավար Վ․ Սոլովյովի արհամարհանքին․ «Ես շատ բան եմ տեսել կյանքում, բայց ես ճի՞շտ եմ հասկանում՝ վարչապետն ու նախագահը համարում են, որ Ղարաբաղն այլեւս չկա՞, այդ երկու գյուղերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, եւ դուք մեկնաբանելու իրավունք չունե՞ք (երկար պաուզա, հասկանալի՛ է)»։
Այո, մեր մեջ ապրող Հիսուսին խնկարկելու համար մենք շատ էինք խակ եւ Բարաբայի պոչը բռնեցինք․․․

Ինչո՞ւ է խավարն այսչափ համառում։ Կասկածը, որ նրան գայթակղել է «արծաթը», ամենահավանականն է։ Ուրեմն՝ պարտավորությունը հերով-մերով անելու խնդիր ունի։ Ինչ-որ ուժեր թույլ չեն տալիս։ Վախենում է, որ Ալիեւը կխոսի․․․ Վախենում է ճաղերի ետեւում հայտնվելու անխուսափելիությունից։ Ատում է հայի տեսակը։ Մեծ տրամաչափի արկածախնդիր է։ Բուժման կարիք ունի։ Եվ, վերջապես՝ գնում է «վա-բանկ»՝ ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ․․․
Իսկ ովքե՞ր են նրա արբանյակներն ու «բալելշչիկները»։ Մեջբերենք մի քանի մտքի «ճախրանքներ» իմքայլականներից։ Հ․ Աղազարյան․ «Չեմ ալարի, կկրկնվեմ (իբր ինքը քիչ է՝ Ս․ Հ․)՝ եթե մենք պարտվել ենք, ուրեմն թուրքերն ու ազերիները հաղթել են»։ Հ․ Իգիթյան․ «Պուտինն էլ է հայտարարությունը ստորագրել, պահանջե՞նք նրա հրաժարականը» (ամենապողոսի մտքով էլ նման բան չէր անցնի՝ Ս․ Հ․)։ Չմեղանչեմ, քիչ չեն նաեւ մարդիկ, նույնիսկ մտավորականներ (օրինակ՝ հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը), ովքեր կղերականի բութ համառությամբ դեռ արդարացնում են նրան։ Եվ այս տխուր օրերի հումորասեր այն «կռված» դուրսպրծուկը, ով այդպես էլ չհասկացավ, որ Ջաբրայիլն այնքան էլ Քարվաճառ չէ։
Ահա թե ինչու է Խավարը վախենում «բունտ» անող «էլիտար խմբերից»․․․

Լուսադեմի մտորումներ

Ժամանակավոր կառավարությունն ի վիճակի կլինի՞ փրկել անդունդը գլորվող երկիրը։ Ժամանակ կտա՞ թուրքը։

Շարժման մեջ պաշտոններ ակնկալողներ, անշուշտ, կլինեն։ Չի՞ լինի այնպես, ինչպես միշտ է եղել։ Ինչպե՞ս որոշել նրանց պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը։ Ես դեմ չեմ լինի, եթե «նախկիններ» Ռ․ Քոչարյանն ու Ս․ Սարգսյանը կարեւոր ոլորտներ ղեկավարեն (թեեւ երկուսին էլ շատ եմ քննադատել), եթե, իհարկե, նրանք եւ Վազգեն Մանուկյանը, ապագա վարչապետը հայրենիքը սեփական ամբիցիաներից վեր դասեն։ Համոզված եմ՝ նրանք իրենց փորձով, գիտելիքներով ու կապերով մեծ օգուտ կբերեն՝ երկիրը փոսից հանելու համար։
Ինձ անհանգստացնում է «Լուսավոր Հայաստանի» վարքը։ Նրանք վճռական պահին կարող են «երրորդ ճանապարհն» ընտրել։

Բախտորոշ իրադարձություններն առջեւում են։ Ժամանակի շունչն արագ գնահատող «Քայլող մարդը» դարակազմիկ արձանի հեղինակ Լ․ Թոքմաջյանին խորհուրդ եմ տալիս սկսել «Հեռացող տմարդը» արձանի էսքիզները․․․ 
ՀԳ․ Նոր տարվա գիշերը նայենք միմյանց աչքերի մեջ ու լուռ երդվենք․
- Ամեն ինչ անել՝ երկիրը փրկելու համար։

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ